Մի շարք երեւանցիներ օնլայն ստորագրահավաք են սկսել` Երեւանի քաղաքապետարանից պահանջելով ապամոնտաժել Կարապի լճի շրջակայքում տեղադրված գովազդային սյունը: Բանն այն է, որ վերջին շրջանում Կարապի լճի շրջակայքում տեղադրվել է, ստորագրահավաքի մասնակիցների խոսքով, վայրին անհամապատասխան գովազդային վահանակ` հսկայական լուսամփոփի տեսքով:
«Դրա փոխարեն անհրաժեշտ էր բարեկարգել լճի մերձակայքը եւ ոչ թե խաթարել տարածքի ճարտարապետական ոճը: Մենք` ներքոստորագրյալներս, պահանջում ենք հեռացնել այդ տգեղ գովազդային սյունը` վերականգնելով զբոսավայրի գեղեցիկ տեսքը»,-ասված է մասնակիցների տարածած հայտարարությունում:
Երեւանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Արթուր Գեւորգյանը, անդրադառնալով ստորագրահավաքի մասնակիցների պահանջին, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ իրենք որեւէ պատասխան տալ չեն կարող, քանի դեռ չեն հասկացել, թե դժգոհությունը կոնկրետ ինչի հետ է կապված եւ որքանով է այն հիմնավոր:
«Ինչ վերաբերում է լճի մերձակայքին, խնդրում եմ՝ անցեք այդ հատվածով եւ տեսեք` բարեկարգ է այն, թե ոչ: Իսկ ճարտարապետական ոճին առնչվող հարցերը մասնագիտական են, մենք դրանք չենք կարող մեկնաբանել սիրողական մակարդակով: Մասնագետը պետք է ասի` ճարտարապետական ոճի խաթարում կա, թե ոչ»,-ասաց նա:
ՀՀ ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանն էլ մեզ հետ զրույցում նկատեց, որ գովազդային սյունը հաջողված օրինակ չէ. «Ես տեսել եմ դա, ճիշտն ասած` քաղաքացիների մտահոգությունը տեղին է. մեր քաղաքն իր ուրույն կոլորիտն ունի, եւ հենց որեւէ տարր չի ինտեգրվում ընդհանուրին, մարդիկ դա անմիջապես նկատում են: Մայրաքաղաքի բնակչությունը ճիշտ է նկատել. այդ սյունը գեղագիտական առումով ընկալելի չէ: Պարզապես պետք է նաեւ նշել, որ գովազդային նմանատիպ սյուները ժամանակավոր բնույթ են կրում, եւ եթե դրանք չեն մտնում քաղաքային կենցաղ, հանվում են»,-մեկնաբանեց նա:
Մեզ մնում է սպասել ու տեսնել, թե Երեւանի քաղաքապետարանին որքան ժամանակ պետք կլինի խնդրին ծանոթանալու համար, եւ արդյոք կառույցը հաշվի կառնի մասնագետի ու քաղաքացիների կարծիքն ու ընդառաջ կգնա նրանց պահանջին:
Աննա Բաբաջանյան