Մեր հարեւան Իրանը դադարեցրել է 52 անուն ապրանքատեսակների արտահանումը Հայաստան: Ընդ որում, չի նշել, թե որքան ժամանակ կտեւի դա: Ստեղծված տհաճ իրավիճակից դուրս գալու համար երեկ կառավարությունը ՀՀ արտգործնախարարությանը հանձնարարել է բանակցություններ վարել Իրանի հետ՝ այդ խնդրին շուտափույթ լուծում տալու համար: Իսկ մինչ այդ, ՀՀ-ն շատ ապրանքատեսակներ (օրինակ՝ պոլիէթիլենային եւ պլաստմասսե տարաներ) Իրանի փոխարեն այլ երկրներից է ներկրելու, ինչը նշանակում է, որ բավական կբարձրանա ինքնարժեքը: Ասել է թե՝ առաջիկայում հերթական թանկացումներն են սպասվում մեր երկրում՝ մոտ 7 տոկոս: Այս պատկերն առավել քան տխուր է, քանի որ Հայաստանն իր չորս հարեւաններից երկուսի՝ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ արդեն չունի որեւէ հարաբերություն, եւ միայն Իրանն ու Վրաստանն են ՀՀ համար արտաքին աշխարհի հետ կապող օղակ: Ու հիմա առժամանակ Հայաստանը զրկվում է նաեւ այս հարեւանի հետ ապրանքաշրջանառությունից: Այս իրավիճակի հետեւանքները մեկնաբանելը թերեւս ավելորդ է: Հետաքրքիրն այն է, որ այսքանից հետո ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Սերժ Սարգսյանի հետ հռչակած «բազմավեկտոր, ակտիվ, նախաձեռնողական քաղաքականության» շրջանակներում այս օրերին Արկտիկա կամ Անտարկտիդա է մեկնելու՝ նորանոր քաղաքական հորիզոններ բացահայտելու համար:
ԻՐԱՆԸ ՄԵՐ ՆԿԱՏՄԱՄԲ «ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐ» Է ԿԻՐԱՌՈՒՄ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ