«Դրանք հերյուրանք են». Լիոնի հայ համայնքը արձագանքում է Թորոսյանների ընտանիքի հայտարարություններին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայկական եկեղեցին Ֆրանսիայում հայ ընտանիքին սպառնացել և դստերը ցմահ հաշմանդամ է դարձրել. ահազանգում է տուժած ընտանիքը» վերնագրով հրապարակված հոդվածի վերաբերյալ Լիոնի հայկական համայնքի ներկայացուցիչներից Վարդան Քեշիշյանը Armlur.am-ի հետ զրույցում նշեց, որ Թորոսյանների ընտանիքի կողմից արտահայտված որևէ միտք իրականությանը չի համապատասխանում:

«Ես նրան ճանաչում եմ, նա հոգեկան շեղումներ ունի: Նա ամեն անգամ, ամենուրեք իր ստերով միայն թշնամանք արթնացրեց իր դեմ, բայց հակառակ դրան մարդիկ այստեղ օգնեցին իրենց: Ես անձամբ իրեն տեսել եմ, անձամբ օգնել եմ: Այդ մարդը չափ ու սահմանն անցավ: Ես զարմանում եմ, ինչպես այդ մարդն այդքան օգնությունից հետո հանդգնեց այդպիսի արտահայտություններ անել: Ինքը հոգևոր շեղումներ ունի»,- ասաց Լիոնի հայ համայնքի ներկայացուցիչը: Վերջինս հրապարակման մասին իմացել է Հայաստանում բնակվող իր հարազատից:

Հայ համայնքի մեկ այլ ներկայացուցիչ, ով չցանկացավ ներկայանալ, ասաց. «Պարոն Թորոսյանի արած ոչ մի հայտարարություն ճիշտ չէ: Ինքն այնպիսի մարդկանց անուններ է տվել, վարկաբերկել նրանց, որ այդ մարդիկ այսօր Ֆրանսիայում հայտնի են: Եթե Թորոսյանների ընտանիքը վատ վերաբերմունքի արժանացավ, դժվարությունների հանդիպեցին, միայն պարոն Թորոսյանի սխալներից էր»:

Մեր զրուցակիցը նշեց, որ Հովհաննես Թորոսյանի կինը` Թամելան, 2014 թվականին գնացել է Ֆրանսիա: «Ես նրան այստեղ տեսել եմ: Այդ կինը Հովհաննես Թորոսյանի կինն է»,- ասաց նա: Մինչդեռ, երեկ մեզ հետ զրույցում Ֆրանսիայում բնակվող Սուրեն Թութունջյանը, ով այնտեղ հիվանդանոցում մեկ անգամ ֆրանսերենից հայերեն թարգմանություն է արել այս ընտանիքի համար, ասաց, որ Հովհաննես Թորոսյանի կինը մահացել է Գյումրիի երկրաշարժի ժամանակ:

Այս հակասական փաստի հետ կապված, Լիոնի հայ համայնքի ներկայացուցիչը դժվարացավ որևէ բան ասել, միայն հաստատեց, որ ինքը Թամելային տեսել է Ֆրանսիայում և վերջինս Հովհաննես Թորոսյանի կինն է:

Իսկ ինչ վերաբերվում է Ֆրանսիայի հիվանդանոցներում Հ. Թորոսյանի աղջկա նկատմամբ վատ վերաբերմունքին, համայնքի ներկայացուցիչը նշեց, որ նման բան չկա, Ֆրանսիայում բժիշկները բոլորին շատ լավ են վերաբերվում. «Իսկ եթե իր աղջկա վիճակը վատացել է, ապա դա միայն պարոն Թորոսյանի կասկածամիտ վերաբերմունքի պատճառով է եղել: Նա ոչ մի հիվանդանոցում չի թողել, որ իր աղջիկը վերջնական բուժում ստանա: Այո, իր աղջիկը բուժման կարիք ունի, մենք դա չենք հերքում»:

Տիկինը մեզ այլ մանրամասներ չփոխանցեց, միայն պնդում էր, որ Հովհաննես Թորոսյանի պատմածներն իրականությանը չեն համապատասխանում:

Քրիստինա Աղալարյան




Լրահոս