Նոյեմբերի 3-ին կառավարության նիստերի դահլիճում ՍԴՀԿ-ն (Հնչակյան կուսակցություն)125-ամյակին նվիրված նիստ էր հրավիրել: ՍԴՀԿ ատենապետ Սեդրակ Աճեմյանը նիստի ժամանակ այդպես էլ չհայտարարեց, որ նախագահական ընտրություններում սատարելու են ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանին: Անհասկանալի մնաց նաեւ հարցը, թե ինչպես նրան հաջողվեց կրկին դառնալ ՍԴՀԿ ատենապետ:
Հիշեցնենք, որ մինչ վերջերս ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Լյուդմիլա Սարգսյանը պնդում էր, որ հենց ինքն է ատենապետը: Աճեմյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց. «Ալամ աշխարհը իմանում է իրականությունը, թե ով է, ինչ է: Այդ թափթփված երեւույթներից մենք վաղուց դուրս ենք եկել, ինչ կուզեն՝ թող խոսեն: Ինքը վաղուց ատենապետությունից դուրս եկած անձնավորություն է, եթե էդպես է ասում, թող ասի»:
Աճեմյանը նշեց, որ երեքուկես տարի առաջ ՀՀ-ում համագումար է եղել, որին մասնակցել են տարբեր երկրների Հնչակյան կուսակցության անդամներ եւ իրեն ընտրել են ՍԴՀԿ համաշխարհային ատենապետ: «Իսկ Հայաստանի ատենապետը Պերկուպերկյանն է, եթե Լյուդմիլա Սարգսյանը կուսակցության ղեկավարն էր, թող ինքը կազմակերպեր կուսակցության 125-ամյակին նվիրված միջոցառումը: Լյուդմիլա Սարգսյանը վտարված է կուսակցությունից երկու տարի առաջ»,-վստահեցրեց «ալամ աշխարհի» ՍԴՀԿ ատենապետը:
Հետաքրքրվեցինք նաեւ, թե Աճեմյանն ինչու է ՍԴՀԿ նիստի ավարտից հետո հանդիպել ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանին. «Մեր կուսակցության 125-ամյակի լույսին տակ մենք շատ հայտարարություններ արեցինք, ընդհանուր ՀՀ-ի դժվարությունները ներկայացրինք, առաջիկայում ՀՀ-ում ոնց պետք է կազմակերպվեն աշխատանքները, այս ամենուն լույսին տակ, բնականաբար, վերջիվերջո կուսակցության համաշխարհային… ի վերջո, Սերժ Սարգսյանի հետ չէ, որ մենք նոր կհանդիպենք: Կուսակցության 125-ամյակի համար ինքը ողջույնի խոսք է ուղարկել, եւ մենք էլ, բնականաբար, ասելիքներ ունեինք ու հանդիպեցանք, մեր ասելիքներն ասեցինք: Ու նաեւ շնորհակալություն հայտնեցինք, որ իր խոսքն էր ուղարկել՝ մեր 125-ամյակի հետ կապված»: Իսկ թե Սերժ Սարգսյանին ինչ «ասելիքներ» է փոխանցել, Աճեմյանը չգաղտնազերծեց:
«Ժողովուրդ»-ի հարցին, թե ՍԴՀԿ-ն դեռեւս 2008թ. նախագահական ընտրությունների ժամանակ սատարում էր ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանին, հիմա ինչու է փոխել քաղաքական գիծը, Աճեմյանը պատասխանեց. «Մենք Լեւոն Տեր-Պետրոսյանին պաշտպանելու չենք բացարձակապես, իսկ առաջիկայում պաշտպանելու հարցը դեռ որոշված չէ, թե ում կպաշտպանենք, մենք որոշում չունենք»:
Փորձեցինք զրուցել նաեւ Լյուդմիլա Սարգսյանի հետ, սակայն վերջինս համառորեն չէր պատասխանում մեր հեռախոսազանգերին:
Վերջում նշենք, որ ըստ էության, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այս անգամ եւս հասավ իր նպատակին. նա ՍԴՀԿ-ին պոկեց ՀԱԿ-ից՝ դառնալով քաղաքական «հայրը»: Բոլորին է հայտնի, որ վարչապետի շնորհիվ ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանն այդպես էլ չկարողացավ ապացուցել, թե իրականում ով է նշված կուսակցության ատենապետը: Կառավարության ղեկավարն իր սիրելի արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի հետ կարողացավ «օրենքով» ապացուցել, որ ՍԴՀԿ-ն այլ ատենապետ ունի:
Հիշեցնենք, որ Տիգրան Սարգսյանը «իշխանափոխություն» իրականացրեց նաեւ ՀՌԱԿ-ում, որի ղեկավար Հարություն Առաքելյանն արտագաղթեց երկրից:
ՎԱՐՉԱՊԵՏԸ ԱՅՍ ԱՆԳԱՄ ԷԼ ՀԱՍԱՎ ԻՐ ՆՊԱՏԱԿԻՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ