Ինչո՞ւ Վարդան Պետրոսյանն ու Հակոբյանները չեն կարողանում համաձայնության գալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դերասան Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ մահվան ելքով ավտովթարի գործով տուժող կողմը պատրաստվում է Վճռաբեկ բողոք ներկայացնել։ Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանի փոխանցմամբ, բողոքը կապված է Տաթևիկ Հակոբյանի վերականգնողական բուժման ծախսերը հոգալու հետ: Մասնավորապես, դեռևս Վերաքննիչ դատարանում Վարդան Պետրոսյանը հայտարարել էր, որ պատրաստ է հոգալ Տաթևիկի բուժման ծախսերը, սակայն, Ռուբեն Բալոյանի խոսքով, իրենք գրավոր կերպով որոշակի պահանջներ էին ներկայացրել Վարդան Պետրոսյանին, իսկ վերջինիս պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանն առաջարկը բացասաբար էր ընդունել, և նրա կողմից մամուլով հնչել էին միայն քննադատություններ։

Նշված պահանջները, ինչպես հայտնեց Ռուբեն Բալոյանը, մասնավորապես հետևյալն են. բուժման վերաբերյալ պայմանագիրը պետք է լինի եռակողմ՝ տուժող Տաթևիկ Հակոբյանի, Վարդան Պետրոսյանի և բուժհաստատության միջև՝ գլխավորապես նրա համար, որ Տաթևիկ Հակոբյանը ևս հանդիսանա պայմանագրի կողմ, ձեռք բերի համապատասխան իրավունքներ, ինչպես նաև պետք է վերականգնողական բուժումն իրականացվի GOLDS GYM-ում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Տաթևիկ Հակոբյանը ներկայումս սովորում և աշխատում է, ուստի վերականգնողական բուժումը պետք է իրականացվի ժամը 18.00-ից հետո։

«Փաստորեն ստացվում է, որ Վարդան Պետրոսյանի այս առաջարկը ևս ընդամենը ֆարս էր։ Սրանով Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը փորձում էր հանրությանն ապացուցել, որ տուժող կողմին ընդամենը կանխիկ գումար է պետք։ Երբ խոսքը հասավ իրական բանակցություններին, Վարդան Պետրոսյանն՝ ի դեմս իր պաշտպանի, խույս տվեց առանց որևէ նախապայմանների, Տաթևիկ Հակոբյանի բուժման ծախսերը հոգալուց»:

Իսկ Նիկոլայ Բաղդասարյանն Armlur.am-ի հետ զրույցում նկատեց, Վարդան Պետրոսյանը հայտարարել էր, որ ինքը պատրաստ է վճարել այնքան գումար, որքան անհրաժեշտ է Տաթևիկ Հակոբյանի բուժման համար որ հաստատությունում էլ որ այն անցկացվի. «Նրանք պետք է դիմեին հիվանդանոց, համապատասխան գրությունը ձեռք բերեին, սակայն մինչ օրս ո´չ գրությունը կա, ո´չ էլ հիվանդանոց են դիմել, որպեսզի Տաթևիկը բուժում ստանա»:

Թե ինչ նպատակ է հետապնդում տուժող կողմի նման քայլը, Նիկոլայ Բաղդասարյանը դժվարացավ հստակ պատասխանել` միաժամանակ նշելով, որ ինչ-ինչ ներքին համոզմունքներ ունի, սակայն դրանք փաստող ապացույցների բացակայության պատճառով չի կարող բարձրաձայնել. «Այդ առաջարկը Վարդան Պետրոսյանի կողմից դեռևս մեկ տարի առաջ է արվել: Ի՞նչ պայմանավորվածությունների մասին է խոսքը, եթե պետք է Տաթևիկը բուժում ստանար, իսկ Վարդան Պետրոսյանը վճարեր դրա դիմաց»:

Հիշեցնենք, որ հունվարի 29-ին Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Վաղինակ Մկրտչյանի նախագահությամբ, հրապարակվեց դերասան Վարդան Պետրոսյանի գործով դատավճիռը, որով նա դատապարտվեց 5 տարվա ազատազրկման: Ավելի վաղ հայտնել էինք, որ հայտնի դերասանի նկատմամբ քրեական գործ էր հարուցվել 2013թ. հոկտեմբերի 20-ին Եղվարդ-Երևան ավտաճանապարհին տեղի ունեցած վթարի փաստով, երբ Վ. Պետրոսյանի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենան բախվել էր «Նիվա» մակնիշի ավտոմեքենային: Դրա հետևանքով «Նիվա»-ի երկու անչափահաս ուղևորները` Էդգար և Էդուարդ Հակոբյանները, մահացել էին:




Լրահոս