Քաղաքական դաշտում հետաքրքիր գործընթացներ են սպասվում, որոնց արդյունքում նախագահական ընտրություններից առաջ հնարավոր է՝ ձեւավորվի «կոնսենսուս հանած ՀՀԿ եւ իր արբանյակներ» իրավիճակը: Բանն այն է, որ ոչ կոալիցիոն ուժերը նախագահական ընտրություններից առաջ համախմբման գործընթացի նախանշաններ են ցույց տալիս: Իհարկե, դժվար է միանշանակ ասել, թե այդ համախմբումը որքանով կլինի:
Երեկ ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարություն է տարածել, ըստ որի՝ ԲՀԿ-ն, նախագահական ընտրություններին ընդառաջ քաղաքական կոնսուլտացիաների շարք է սկսում: «Մենք, մինչ անձերին անդրադառնալը, առավել կարեւորում ենք այն օրակարգը, որի շուրջ լինելու են հնարավոր խորհրդակցություններն ու քննարկումները քաղաքական եւ հասարակական շահագրգիռ շրջանակների հետ: Այսօր ակնհայտ է, որ հասարակության կողմից ձեւավորված պահանջ կա երկիրը հնարավորինս արագ դուրս բերել այս ծանր իրավիճակից եւ դնել զարգացման առողջ եւ ճիշտ ուղու վրա»,-տեղեկացրել է նա: Ըստ Զոհրաբյանի՝ երկրի առաջ ծառացած խնդիրները լուծելու համար հարկավոր է վերացնել քաղաքական մենաշնորհը: Իսկ դա հնարավոր է անել խորհրդարանական կառավարման համակարգի անցնելու միջոցով: «Իսկ այս ճանապարհին մենք կարեւորում ենք 100 տոկոսանոց համամասնական ընտրական համակարգին անցումը,-նշել է նա՝ հավելելով,-անցումը կառավարման խորհրդարանական համակարգին ենթադրում է, որ 2013-ին ընտրվող նախագահը գործելու է առավելագույնը չորս տարի ժամկետով եւ մինչեւ խորհրդարանական հաջորդ ընտրությունները՝ 2017թ., քաղաքական մյուս ուժերի հետ իրականացնելու է սահմանադրական համապատասխան փոփոխություններ եւ հիմք է դնելու նոր համակարգի»:
ԲՀԿ խոսնակ, ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, անդրադառնալով ԲՀԿ առաջարկին, նշեց, թե իրենք այս համատեքստում կոնկրետ քայլեր են առաջարկում: «Կա՞ն համաձայնվողներ՝ խնդրեմ, համագործակցենք: Մենք գնդակը փոխանցել ենք քաղաքական խաղացողների դաշտ, խնդրեմ, թող պատասխանեն փոխանցմանը»,-նշեց նա: Նկատենք, որ այս հարցում ընդդիմադիր ուժերի դիրքորոշումներն ըստ էության պարզ են, մինչդեռ ՀՀԿ-ն մշտապես տորպեդահարել է կոնկրետ 100 տոկոս համամասնական ընտրակարգի անցնելու գաղափարը: Ուրիխանյանը դժվարացավ նշել՝ արդյոք իրենց քաղաքական օրակարգն ընդունելի կլինի նաեւ ՀՀԿ-ի համար. «Ես չգիտեմ՝ այսօրվա կոալիցիայի մեջ գտնվող ու նրանց հետ համագործակցող ուժերի մեջ կլինե՞ն այնպիսիք, որոնք կհամաձայնեն մեր օրակարգին»:
Հարկ է նկատել, որ ոչ կոալիցիոն խորհրդարանական ուժերը՝ Հայ ազգային կոնգրեսը, ՀՅԴ-ն ու «Ժառանգություն»-ը, ԲՀԿ առաջ քաշած օրակարգը նախկինում տարբեր ձեւակերպումներով կրկնել են բազմիցս: Ավելին, ԱԺ ՀԱԿ խմբակցությունը շրջանառության մեջ է դրել ՀՀ ԸՕ փոփոխություններ կատարելու նախագիծ, որում, ի թիվս այլ հարցերի, նախատեսված է նաեւ անցում 100 տոկոս համամասնական ընտրակարգի: ԲՀԿ խմբակցությունն էլ դրական է արձագանքել ՀԱԿ նախաձեռնությանը: ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը նշեց, թե իրենց համար ընդունելի է ԲՀԿ առաջ քաշած օրակարգը: Նա նաեւ ասաց, թե ինքը մշտապես կարեւորել է քաղաքական ուժերի կոնսոլիդացիան, որ մի կողմ թողնելով անձերը՝ պետք է համագործակցել կոնկրետ գաղափարների, տվյալ դեպքում՝ իշխանափոխություն իրականացնելու եւ արտագաղթը կանխելու շուրջ: «Նախագահի թեկնածուն տվյալ դեպքում ածանցյալն է: Մենք ունենք հզոր, կոնսոլիդացնող թեկնածու, որը, համոզված եմ, որ նշածս մարտահրավերի դեմ կարող է պայքարել. դա Լեւոն Տեր-Պետրոսյանն է: Յուրաքանչյուր կուսակցություն կունենա իր ասելիք-առաջարկը, հետո քննարկումների դաշտում կարող ենք ամեն ինչ քննարկել»,-նշեց Մանուկյանը:
ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանը եւս հիշեցրեց, որ ՀՅԴ-ն մշտապես կարեւորել է ե՛ւ 100 տոկոս համամասնական ընտրակարգի, ե՛ւ խորհրդարանական կառավարման համակարգին անցնելու գաղափարը: «Շատ ողջունելի է, որ ԲՀԿ-ում եկել են ոչ միայն 100-տոկոսանոց համամասնական ընտրակարգի անցնելու տեսակետին, այլեւ պառլամենտական կառավարման համակարգի կողմնակից են: Բնականաբար, այս հարցերի շուրջ նրանց հետ կոնսուլտացիաները հնարավոր են: Իսկ մանրամասներն արդեն ՀՅԴ ԳՄ գործն է»,-ասաց պարոն Հովհաննիսյանը:
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը եւս նշեց, որ շատ նորմալ է վերաբերվում այդ առաջարկին, մանավանդ որ իրենք ոչ միայն բազմիցս խոսել են այդ մասին, այլեւ նախորդ գումարման ԱԺ-ում նման օրենսդրական նախաձեռնություն են ներկայացրել. «Երբ իրենք կդիմեն կոնսուլտացիաների համար, որեւէ խնդիր չեմ տեսնում»:
ԲՀԿ-Ն ՆՈՐ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐ Է ԾՐԱԳՐՈՒՄ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ