ԾԱՌՈՒԿՅԱՆԸ ՉԻ ԿԱՐՈՂ
«Ես գտնում եմ, որ ՀԱԿ-ը մեկ թեկնածու կարող է ունենալ. դա Լեւոն Տեր-Պետրոսյանն է, այլ թեկնածու չի կարող ունենալ»,-երեկ ասուլիսում ասել է «Քրիստոնեա-ժողովրդավարական վերածնունդ» կուսակցության նախագահ, ՀԱԿ անդամ Սոս Գիմիշյանը: Պատասխանելով հարցին, թե հնարավոր է, որ Գագիկ Ծառուկյանը լինի Լ. Տեր-Պետրոսյանի թեկնածուն, Գիմիշյանն ասել է. «Լ. Տեր-Պետրոսյանի թեկնածուն ցանկացածը կարող է լինել, ՀԱԿ-ի թեկնածուն չի կարող լինել Ծառուկյանը»:
ԲՈԼՈՐԻՆ ՊԱՐՏՔ Է
«Արմավիա» ազգային ավիափոխադրող ընկերությունը մոտ 94 միլիոն դրամ պարտք է «Զվարթնոց» ավիաօդերեւութաբանական կենտրոնին: Այս մասին երեկ լրագրողներին հայտնել է կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Պավել Մանուկյանը: Ի պատասխան՝ «Արմավիա»-ի ներկայացուցիչ Նանա Ավետիսովան հայտարարել է, թե այդ կենտրոնի ծառայությունները եռակի թանկ էին. «Մենք ավելորդ ենք համարում այդ ընկերության ծառայությունը, առավել եւս, որ այլ ընկերություն է գործում` «Արմաէրոնավիգացիա»-ն, որի հետ մենք համագործակցում ենք, եւ որի ծառայություններից կարելի է օգտվել Երեւանում»: Ավետիսովան ընդգծել է, որ ավիաօդերեւութաբանական կենտրոնի ծառայություններից հրաժարվելը չի անդրադառնա թռիչքների անվտանգության վրա:
ՏԱՐՈՍԸ ՄԵԶ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ պաշտոնաթող է արել ՌԴ պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովին` նրա փոխարեն նշանակելով Մոսկվայի մարզի նահանգապետ Սերգեյ Շոյգուին: Սերդյուկովը պաշտոնաթող է արվել ՊՆ-ի հետ սերտ առնչություն ունեցող «Օբորոնսերվիս» ընկերությունում կատարված բացահայտումների արդյունքում: Խոսքը 300 միլիարդ ռուբլու` մոտ 10 միլիարդ դոլարի յուրացումների մասին է, որը նույնիսկ Ռուսաստանի չափանիշներով չափազանց մեծ գումար է:
ՆՈՐ ՄՈՏԵՑՈՒՄ
«Սարդարապատ» ազգային-քաղաքական նախաձեռնությունը 2013-ի նախագահական ընտրություններից առաջ հանդես է գալու նոր՝ «Նախախորհրդարան» նախաձեռնությամբ, որը «Սարդարապատ»-ի կողմից տարվող այլընտրանքային իշխանափոխության ճանապարհային քարտեզ է: Նոյեմբերի 8-ին նախաձեռնության անդամներն այս նոր ձեւաչափը կներկայացնեն լրագրողներին:
ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԹՈՒՆԱՎՈՐՈՒՄ
Նոյեմբերի 6-ին Արարատի մարզի Արարատ գյուղի (Դավալու) մանկապարտեզում զանգվածային թունավորման դեպք է գրանցվել: 3-5 տարեկան 13 երեխա սննդային թունավորում ախտորոշմամբ տեղափոխվել են Արարատի բժշկական կենտրոն: Ավելի ուշ 10 փոքրիկները դուրս են գրվել, մնացած 3-ի վիճակը դեռ ծանր է: Թունավորման պատճառները դեռեւս պարզված չեն:
ՓՈԹԻՆ ՓԱԿ Է
NEWS.am-ի տեղեկացմամբ՝ վրացական Փոթի նավահանգստի աշխատակիցների գործադուլը շարունակվում է, եւ եթե շաբաթ օրը դեռ շարունակում էին աշխատել կառամատույցն ու նավերի մուտքն ու ելքն ապահովող ծառայությունը, ապա նրանք նույնպես միացել են գործադուլավորներին: «Ապավեն» ընկերության գործադիր տնօրեն Գագիկ Աղաջանյանը կայքին ասել է. «Դեռեւս շաբաթ առավոտյան Փոթի նավահանգստում եղել է 129 կոնտեյներ: Այսօրվա դրությամբ դրանց թիվն ավելացել է: Միայն մեր ընկերությունը Փոթիում ունի 180 կոնտեյներ, իսկ նրանց ընդհանուր թիվը 300 է»: Առայժմ փորձ է արվում օգտվել Բաթումի նավահանգստից, սակայն այն նախատեսված չէ նավերի բեռնաթափման համար եւ չունի տերմինալներ: