ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ՊՆ-ԻՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ ԱՐՋԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՊՆ-ում՝ գոմեշի միս, ՊՆ-ի «Զինառ»-ում՝ արջեր, ռազմական ստորաբաժանումներում՝ գիշատիչ այլ կենդանիներ… Բնական հարց է ծագում՝ սա ռազմակա՞ն կառույց է, թե՞ կենդանաբանական այգի: Համենայնդեպս, «Զինառ»-ի «չփաստաթղթավորված» պատվերից երեւում է, որ զինվորական ապրանքների պահեստների կողքին «նեղ մասնագիտացված» գազանանոցիկ կա՝ արջերի մարդաշեն որջեր, որոնք շինողների փողը «չեն տալիս»:   
Պայմանագրային պայմանավորվածությունների մեջ մտած «Սարգա-Սար» եւ արջ պահող «Զինառ» ընկերություններն արդեն մի քանի տարի է` չեն կարողանում լուծել իրենց գումարային վեճը: Ընդ որում, 2 տարի էլ վեճը դատարաններում է շարունակվում: «Զինառ»-ն ասում է` «Սարգա-Սար»-ը անվճար չի վերացնում իր կատարած անորակ շինարարության հետեւանքները, «Սարգա-Սար»-ն էլ ասում է` վերացնում եմ, բայց «Զինառ»-ն արջերի բների փողը չի տալիս:  
«Զինառ» ՓԲԸ-ն հայց է ներկայացրել դատարան եւ հայտնել, որ «Զինառ» ՓԲԸ-ի եւ «Սարգա-Սար» ՍՊԸ-ի միջեւ 5 տարի առաջ` 2007թ. օգոստոսին, կնքվել է կապիտալ շինարարության եւ կապիտալ վերանորոգման կապալի պայմանագիր, որով կապալառուն` «Սարգա-Սար»-ը, պարտավորվել է 24 ամսվա ընթացքում կատարել «Զինառ» ՓԲԸ-ի շինությունների վերանորոգման աշխատանքները: Պայմանագրի ընդհանուր արժեքը կազմել է 23 մլն դրամ: Կապալառուն կատարել է հարթ տանիքի վերանորոգման աշխատանքներ, որոնք ընդունվել են պայմանագրին համապատասխան` հանձնման-ընդունման ակտով: Կատարված աշխատանքների արժեքը կազմել է մոտ 13 մլն դրամ, որը, ըստ հայցվորի, ինքը ժամանակին վճարել է` կատարելով պայմանագրային իր պարտավորությունը: Սակայն պարզվել է, որ կատարված աշխատանքների որակը չի համապատասխանում պահանջվածին, նոր վերանորոգված տանիքն էլ դարձել է անպիտան: Այդ պատճառով էլ հայցվորը դադարեցրել է պայմանագրի հետագա գործողությունը` հրաժարվելով կապալառուի ծառայություններից:
2009թ. մայիսին «Զինառ»-ը պատասխանողին գրություն է ուղարկել թերություններն առանց առանձին վճարի վերացնելու վերաբերյալ, սակայն պատասխանողը չի արձագանքել: Դրա համար էլ «Զինառ»-ը դատարանին է խնդրել` «Սարգա-Սար» ՍՊԸ-ին պարտավորեցնել` կատարել իր պայմանագրային պարտավորությունները եւ որպես հիմք՝ ներկայացրել է «Կառուցագետ» ՍՊԸ-ից տրված եզրակացությունը, ըստ որի` շինարարական թերությունների վերացման համար անհրաժեշտ ծախսը ներկայիս շուկայական գներով գնահատվում է 1 մլն 590 հազար դրամ:
Սակայն նշյալ թվի եւ որոշ հանգամանքների հետ համաձայն չէ հակառակ կողմը: 2010-ին հակընդդեմ հայցով դատարան է դիմել նաեւ «Սարգա-Սար»-ի ներկայացուցիչը եւ հայտնել, որ իրենց ընկերությունը պատրաստ է առանց լրացուցիչ վճարման վերացնել ի հայտ եկած թերությունները, բայց խոչընդոտ կա. «Զինառ»-ին պատկանող տարածքում «Սարգա-Սար»-ի իրականացրած շինաշխատանքների դիմաց «Զինառ»-ը չի կատարում վճարումները: «Սարգա-Սար»-ը նախ նշել է, որ պահեստային երեք կառույցների հարթ տանիքների վերանորոգման աշխատանքների ավարտից հետո, որոնց հանձնում-ընդունումը կատարվել է 2008թ. գարնանը, «Զինառ»-ը կատարված աշխատանքի որակի վերաբերյալ առարկություններ չի ունեցել, թերություններ չի արձանագրել: 2008թ. «Զինառ»-ը, պատճառաբանելով, որ արջերը փաստացի բույն չունեն եւ դրա հետեւանքով վտանգ են ներկայացնում շրջապատի մարդկանց համար, իսկ նախահաշիվը, նախագիծը եւ մյուս փաստաթղթերի կազմումը ժամանակ կպահանջի, խնդրել է «Սարգա-Սար»-ին` «Զինառ»-ի տարածքում կառուցել նաեւ արջերի համար բներ: «Զինառ»-ը միաժամանակ տրամադրել է դրա համար շինանյութեր եւ իր կազմած նախագիծը: Բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը պարտավորվել է ներկայացնել եւ համապատասխան պայմանագիր կնքել շինարարության իրականացման ընթացքում: Պայմանավորվել են, եւ 2008թ. ապրիլ-հուլիս ամիսներին շինկազմակերպությունը «Զինառ»-ի տարածքում իրականացրել է 12,30 մ x 5,50 մ չափերի արջերի բների կառուցման աշխատանքներ եւ բազմիցս դիմել «Զինառ»-ին` անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու եւ համապատասխան պայմանագիր կնքելու համար:
Սակայն «Զինառ»-ը չի ներկայացրել դրանք, ինչի պատճառով էլ շինկազմակերպությունը դադարեցրել է շինարարությունը: «Սարգա-Սար» ՍՊԸ-ն կազմել եւ ներկայացրել է շինմոնտաժային աշխատանքների հանձնման-ընդունման ակտ, սակայն «Զինառ»-ը հրաժարվել է վճարել կատարված աշխատանքների դիմաց: «Սարգա-Սար»-ն էլ հաշվարկ է արել եւ դատարանին հայտնել, որ արջերի բների շինաշխատանքների գումարի չափը, 2008թ. հուլիս ամսվա դրությամբ գործող շուկայական միջին արժեքներից ելնելով, կարող է կազմել 922 հազ. 385 դրամ: Եւ քանի որ «Զինառ»-ն այդ գումարը չի վճարել, «Սարգա-Սար»-ն էլ փաստացի զրկվել է «Զինառ»-ի պահեստների տանիքների վերանորոգումից հետո ի հայտ եկած թերություններն առանց լրացուցիչ վարձատրության վերացնելու, հարկային եւ այլ պարտավորություններ կատարելու հնարավորությունից: Ուստի դատարանին խնդրել է «Զինառ» ՓԲԸ-ից հօգուտ «Սարգա-Սար» ՍՊԸ-ի բռնագանձել 922 հազ. 385  դրամ` օրենքով սահմանված բանկային տոկոսների գումարն էլ հետը:
Չխորանալով դատական վեճի մանրամասների մեջ` պարզապես տեղեկացնենք, որ կողմերը չեն կարողանում կամ չեն ուզում ընդունել հակառակ կողմի ներկայացրած գումարի չափը, եւ «Սարգա-Սար»-ը ստիպված է լինում անընդհատ համապատասխան փորձաքննություններ պահանջել, որոնց պատասխանը կա՛մ թերի է լինում, կա՛մ լղոզված: Ուշագրավ է, որ 2009-ին նաեւ ՊՆ-ի քննչական վարչության Երեւանի կայազորի քննչական բաժնի իրավապահներն են խառնվել «Զինառ»-ի գործին, բայց, չգիտես ինչու, «ՀՀ փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի փորձագետը չափուձեւ, հաշվարկ անելու փոխարեն եզրակացությունը կազմել է` դրանում արտացոլելով կողմերի` թվաբանության վերաբերյալ բանավոր հայտարարությունները:
Հ.Գ. Ինչեւէ, դատական վեճը` «հեչ», ՊՆ «Զինառ» ՓԲԸ-ի տնօրեն Սեյրան Երանոսյանի գործունեությունը` «մեջ». հետաքրքիր է` ՊՆ համակարգում գտնվող ընկերության ինչի՞ն են պետք արջերը, որ նրանց պահում են,  բներ են սարքել տալիս ու փողն էլ չեն վճարում: Կամ ի՞նչ իրավունքով են այդ գիշատիչներին որսացել, որ հիմա էլ պետբյուջեի կամ գուցե «Սարգա-Սար»-ի հաշվին պահում են: Կարո՞ղ է մի օր էլ լսենք, որ գոմեշի մսի պատմությունից հետո զինվորն արջի միս է ուտելու…    

ԷԼՄԻՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ




Լրահոս