«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ Հայաստանը տոնում էր Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադրման 97-րդ ամյակը: Այդ առիթով ողջ իշխանական վերանախավը երեկ հավաքվել էր Սարդարապատի հուշահամալիրում: Նրանք գնացել էին Սարդարապատի հերոսամարտի զոհերի հիշատակը հարգելու: Նույնիսկ տեղում զորահանդես էին կազմակերպել, իրենք էլ բոլորով` Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, շարվել էին բեմահարթակին: Մի խոսքով, հարթակում հավաքված էին բոլոր նրանք, ովքեր այսօր ղեկավարում են Հայաստանի Հանրապետությունը: Հետաքրքիրն այն է, որ հավաքված պաշտոնյաների մոտ 90 տոկոսը մարդիկ են, որոնց համար Հայաստանի անկախությունը երբեւէ արժեք չի ունեցել:
Եթե նրանց կենսագրությունը ուսումնասիրեք, կտեսնեք, որ գրեթե բոլորը՝ ինչպես Սերժ Սարգսյանը, Խորհրդային Միության տարիներին եղել են կուսակցական նոմենկլատուրայի ներկայացուցիչ, հետագայում հաջողացրել են դառնալ պաշտոնյա ու վերջ: Այսինքն՝ նրանց համար կարեւորն այն է, որ իրենք պաշտոն ունենան եւ դրա հաշվին հարստանան, իսկ Հայաստանը անկախ երկիր կլինի, թե մեկ այլ տերության լծի տակ, նրանց համար էական էլ չէ:
Թեեւ հանուն արդարության՝ պետք է նկատել, որ հավաքված պաշտոնյաների մեջ կային նաեւ երիտասարդներ, որոնց կյանքի մեծ մասն անցել է անկախ Հայաստանում, կային ղարաբաղյան պատերազմի մասնակիցներ: Սակայն ողջ խնդիրն այն է, որ նրանք այդ ընդհանուրի մեջ շատ փոքրաթիվ են:
Հ.Գ. Ամենեւին էլ պատահական չէր նաեւ այն փաստը, որ երեկ, չնայած մենք տոնում էինք ամենանվիրական տոներից մեկը, բայց գոնե մայրաքաղաքում դրա մասին որեւէ հիշեցում չկար: Միայն մի քանի տեղ կարելի էր ծուռումուռ ձողերով եռագույնների հանդիպել, եւ ուրիշ ոչինչ: Սրա համար էլ շնորհակալություն պարոն Տարոն Մարգարյանին»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: