Խորհրդարանում այսօր շարունակվում են պետբյուջեի 2014թ. կատարողականի հաշվետվության քննարկումները: Այս պահին քննարկվում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հատկացված գումարներն ու դրանց կատարողականը:
Ֆինանսների նախարարի տեղակալ, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ սոցիալական պաշտպանություն բյուջետային դասակարգման բաժնի համար 2014թ. օգտագործվել է ընդհանուր պետական ծախսերի 27,7 տոկոսը: Օգտագործվել է 342,5 մլրդ դրամ այս բաժնի համար, որը 45 մլրդ դրամով ավել է, քան 2013թ. ծախսվածը:
Ջանջուղազյանը նշեց, որ 2014թ. նախարարությանը հատկացված է եղել 323 մլրդ դրամ, որի դիմաց արձանագրվել է 96 տոկոս կատարողական: «Սոցիալական ապահովության պետական ծառայությունն իրականացրել է ամենամեծ ծավալի միջոցների օգտագործում կամ շուրջ 265 մլրդ դրամ, իսկ ծրագրային ցուցանիշը` 99 տոկոս: Պահուստային ֆոնդից նույնպես միջոցներ են հատկացվել այս ծառայությանը», – նշեց Ջանջուղազյանը: