Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը մայիսի 27-ին մասնակցել է «Տեղեկատվություն տնօրինողի կողմից մշակված կամ նրան առաքված տեղեկատվության գրանցման, դասակարգման և պահպանման, ինչպես նաև տեղեկատվության կամ դրա կրկնօրինակի (պատճենի) տրամադրման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման լրամշակված նախագծի հանրային քննարկմանը: Այն կազմակերպվել էր «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից՝ ԵԱՀԿ Երևանի գրասենյակի աջակցությամբ:
«Ինֆորմացիայի ազատության կենտրոն»-ի նախագահ Շուշան Դոյդոյանը բարձր է գնահատել ՀՀ արդարադատության նախարարության հետ համագործակցությունը և նշել, որ քաղաքացիական հասարակությունն այս նախագծին սպասել է ավելի քան 12 տարի: «ՀՀ արդարադատության նախարարությունը 2014 թվականի սեպտեմբերին ձեռնամուխ եղավ այս նախագծի մշակմանը և ներառեց հասարակական կազմակերպությունների կողմից ներկայացված առաջարկների 90 տոկոսը, ինչը ես դրական եմ գնահատում»,- ընդգծել է ՀԿ նախագահը:
ՀՀ ԱՆ կազմակերպական – իրավական վարչության Իրավաբանական անձանց պետական գրանցման, ՔԿԱԳ և նոտարական համակարգի բաժնի պետ Շուշանիկ Ղուկասյանն աշխատանքային քննարկման ժամանակ ներկայացրել է տեղեկատվության տնօրինողի կողմից մշակված, նրան առաքված տեղեկատվության գրանցման, դասակարգման, պահպանման կարգը, ինչպես նաև Նախարարություններում նախարարներին կից ստեղծվող հանրային խորհուրդների մասին նախագիծը: Նրա խոսքով՝ ՀՀ կառավարության 2014թ հուլիսի 31-ի թիվ 32 որոշմամբ բաց կառավարման գործընկերության շրջանակում նախատեսվել է տարանջատել ներկայում գործող կոլեգիաները և նախարարին կից խորհուրդները, ինչպես նաև պետք է ապահովվի խորհուրդների ձևավորման բաց, թափանցիկ ընթացակարգը: «Այս նախագիծը միտված է նրան, որ բոլոր նախարարություններին կից անպայման ստեղծվեն հանրային խորհուրդներ, ինչի նպատակն է առաջարկներ և դիտողություններ ներկայացնել նախարարությունների բարեփոխումների, կատարած աշխատանքի, ինչպես նաև նախարարությունների կողմից շրջանառվող իրավական ակտերի, հայեցակարգերի, նախագծերի վերաբերյալ»,- ասել է Նախարարության ներկայացուցիչը և ընդգծել, որ թե՛ ԶԼՄ-ները, թե՛ հասարակական կազմակերպությունները խորհրդում կներգրավվեն կախված իրենց գործունեության բնույթից:
Ամփոփելով աշխատանքային քննարկումը արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը նշել է, որ հանրային քննարկմանը ներկայացված նախագծերը արդարադատության նախարարության և հասարակական կազմակերպությունների արդյունավետ համագործակցության արդյունք են: Կառավարության գործունեության կարևորագույն ուղղություններից է կառավարության գործունեության թափանցիկության ապահովումը, իսկ ներկայացված հանրային խորհուրդների գործունեությանն առնչվող նախագիծը նպատակ ունի ապահովել նախարարությունների կողմից որոշումների ընդունման գործընթացում հասարակական կազմակերպությունների մասնակցությունը: Նախարարի տեղակալը անդրադարձել է հանրամատչելի տեղեկատվության հրապարակմանը, էլեկտրոնային շտեմարանների ներդրման հարցերին: Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել համագործակցությունը տեղեկատվության ապահովման ոլորտի օրենսդրության կատարելագործման հարցերով:
ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն