ՎիվաՍել-ՄՏՍ-ի և Հայաստանի մանուկներ հիմնադրամի համագործակցության արդյունքում Գետաշենի դպրոցում բացվել է ստեղծագործարան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՎիվաՍել-ՄՏՍ-ի և Հայաստանի մանուկներ հիմնադրամի (COAF) համագործակցության արդյունքում բացվել է թվով յոթերորդ ստեղծագործարանը: Նորարական տեխնոլոգիաներով՝ էլեկտրոնային գրատախտակով (smart board), ժամանակակից համակարգիչներով և շարժական հատուկ կահույքով հագեցած դասասենյակում սովորելու են Արմավիրի մարզի Գետաշեն գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտները:

COAF-ը ձգտում է նորարար տեխնոլոգիաների միջոցով դպրոցներում խթանել ստեղծագործ մտածելակերպը: ՎիվաՍել-ՄՏՍ-ը, հավատարիմ մնալով իր կորպորատիվ սոցիալական պատասխանության քաղաքականությանը, ֆինանսական աջակցություն է ցուցաբերել՝ տեխնոլոգիական զարգացման վերջին միտումները երեխաներին հասանելի դարձնելու համար:

Հիշեցնենք, որ ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ համագործակցության արդյունքում, ծրագրի շահառու են դարձել նաև Արմավիրի մարզի Սարդարապատ, Հացիկ և Վանանդ, Արագածոտնի մարզի Արտենի, Լոռու մարզի Թումանյան և Դսեղ համայնքների երեխաները: Բազմաֆունկցիոնալ այս դասասենյակներում նույնիսկ միջավայրն է նպաստում ստեղծագործ մտածելակերպի դրսևորմանը: Այդ միջավայրը ձևավորվում է համակարգչի կիրառմամբ առօրյա հանձնարարությունների կատարման, տեխնոլոգիայի կիրառմամբ դասի, քննարկման, դասախոսության, ընթերցանության և խաղի միջոցով։

«Երեխայի զարգացումը ձևավորվում է ընտանիքում և շարունակվում դպրոցում: Այս երկու միջավայրերը պետք է լինեն այնքան նպաստավոր ու հաճելի, որպեսզի երեխայի միտքն առողջ զարգանա: Գեղեցիկ միջավայրը ստիպում է գեղեցիկ մտածել: Եթե արագ տեմպերով զարգացող աշխարհում առաջնորդվենք միայն տեխնոլոգիաների մրցավազքով՝ կկորցնենք ստեղծագործելու կարևոր ունակությունը: Չթերագնահատելով այդ երկուսի դերը՝ մենք խրախուսում ենք ստեղծագործ մոտեցումը նաև  նորարար տեխնոլոգիաների միջոցով», – նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Հայաստանի մանուկներ հիմնադրամի գործադիր տնօրեն Անուշ Եդիգարյանը կարևորում է ուսումնական հաստատություններում անհրաժեշտ և տրամադրող կրթական միջավայրի ապահովումը: «Արդյունավետ այս համագործակցության արդյունքում COAF-ը և ՎիվաՍել-ՄՏՍ-ը յոթ ստեղծագործարան են բացել  Հայաստանի տարբեր մարզերում: Կրթությունը կարևոր հիմք է երեխաների կյանքի բարօրության, ինչպես նաև որպես անհատականություն՝ նրանց ձևավորման և հետագա  գործունեության համար: Տվյալ լսարանը միավորելու է տեխնոլոգիաներն ուսուցման գործընթացում կիրառել ցանկացող աշակերտներին և ուսուցիչներին՝ դասապրոցեսը դարձնելով ավելի արդյունավետ, տպավորիչ և հետաքրքիր», – ասել է Անուշ Եդիգարյանը:

Գետաշենի դպրոցը կառուցվել է 98 տարի առաջ՝ գյուղական դպրոցի մոդելով, ընդամենը մեկ դասարանով: Այժմ այստեղ սովորում է 270 աշակերտ: Դպրոցի նպատակներից մեկն էլ երեխաների մոտ  գյուղական կյանքի և հողագործության հանդեպ սեր սերմանելն է:

Ստեղծագործարանի զարգացման ծրագրին զուգահեռ, Հայաստանի մանուկներ հիմնադրամը Գետաշենի միջնակարգ դպրոցում սկսել է իրականացնել նաև «Առողջ սնունդ» և «Աֆլատուն» ծրագրերը, հիմնադրել է թատրոն, խրախուսում է առողջ ապրելակերպը: Դպրոցն ամբողջությամբ հիմնանորոգվում է, ստեղծվել է ատամների մաքրման կետ և կահավորվել է ճաշարանը: Նոր ուսումնական տարում ամեն օր տաք և առողջ սնունդ է մատուցվելու դպրոցի երեխաներին՝ նոր բարեկարգված միջավայրում: Հիմնադրվել է ագրոքոլեջ, որտեղ նպատակաուղղված ուսուցում է տարվելու՝ նորարար տեխնոլոգիաների կիրառմամբ հողի մշակման  և առատ բերք ստանալու  ուղղությամբ:




Լրահոս