ԳԻԶԻՐՅԱՆԸ ԽԱԲԵ՞Լ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ երեկ առավոտյան՝ ժամը 10:30-ից, Գյումրու Մայր Հայաստան հուշահամալիրում կրկին հավաքվել էին անհատ տաքսու վարորդներ իրենց մեքենաներով: Նրանց բողոքի պատճառը նույնն էր՝ ճանապարհային ոստիկանության եւ տեսուչների կողմից իրականացված ստուգայցերը, որոնց ընթացքում մի քանի տաքսու վարորդներ տուգանվել են: Մոտ 200 վարորդներ ցանկանում էին պարզել, թե ինչ պետք է անեն եւ ուր պետք է գնան իրենց խնդրի լուծման համար: Այդ ընթացքում նրանց հետ զրուցելու եկան փոխմարզպետեր Հարություն Արշակյանն ու Սեյրան Պետրոսյանը: Մենք նշել էինք, որ ամիսներ առաջ տեղի ունեցած ակցիաներից մեկի ժամանակ մարզպետը խոստացել էր օգնել, հորդորել էր վարորդներին շարունակել իրենց աշխատանքը, մինչեւ համապատասխան ատյանների` խնդրով զբաղվելն ու պատասխան տալը: Իսկ մինչ այդ, ըստ մարզպետի, նրանք չէին տուգանվելու: Սակայն  համապատասխան ատյանները խնդրով հավանաբար չեն զբաղվել, քանի որ տուգանքները շարունակվում են:
Հանդիպման հենց սկզբում վարորդները, դիմելով փոխմարզպետին, խնդրեցին իրենց ասել, թե ինչ անեն, ուր գնան կամ օգնեն՝ երկրից հեռանալ, քանի որ այս երկրում հազիվ գոյատեւող մարդկանց ամեն կողմից «ճզմում» են: Վարորդների հետ հանդիպման ընթացքում փոխմարզպետը պատասխանեց նաեւ լրագրողների հարցերին, մասնավորապես այն դիտարկմանը, որ մարզպետը, փաստորեն, վարորդներին  խաբել է. «Ասել, թե խաբել է, ճիշտ չէ, քանի որ խաբելու խնդիր չկա: Փաստորեն, վարորդները գործում են հարկային դաշտից դուրս: Այս ակտերը գրել է տրանսպորտի տեսչությունը, որը ենթարկվում է տրանսպորտի եւ կապի նախարարությանը, եւ ունի հանձնարարություն՝ ուսումնասիրություն կատարելու, թե ով չունի լիցենզիա: Մենք ասել ենք` աշխատե՛ք, մինչեւ հարցին լուծում տրվի, բայց դա չի նշանակում, թե խաբել ենք»:
«ժողովուրդի» այն հարցին, թե ինչ է լինելու կազմված արձանագրությունների հետ, արդյոք վարորդներն այդ գումարները մուծելու են, փոխմարզպետը հավանաբար կատակով ասաց. «Դրանք իմ հետ տանելու եմ մարզպետարան, ես եմ տուգանքները մուծելու», այնուհետ վարորդներին առաջարկեց գնալ ու աշխատել, մինչ իրենք կխորհրդակցեն ու կորոշեն, թե ինչ է լինելու: Չնայած տեղական իշխանությունների հորդորներին, որ գումար վաստակելու համար իրենց օրը չկորցնեն, գնան ու աշխատեն, այնուամենայնիվ, վարորդները, միմյանց հետ համաձայնության գալով, ազդանշանները միացրած շարժվեցին ՀՀ տրանսպորտի տեսչության Շիրակի տարածքային գրասենյակ:
Հարցին, թե ինչու են տուգանվում տաքսու վարորդները, Շիրակի տարածքային գրասենյակի պետ Ալբերտ Դերձակյանն ասաց, որ տաքսի ծառայությունը լիցենզավորված ծառայություն է, ինչն իրականացնելու համար լիցենզիան պարտադիր է: Նաեւ նշեց, որ հանրապետությունում պայքար է տարվում կանոնավոր ուղեւորափոխադրումների ապօրինի իրականացման դեմ. «Մեր պարտականությունն է պայքար տանել տրանսպորտի բնագավառի օրենսդրության համար»: Հարցին, թե ինչպես է կարգավորվելու այս խնդիրը, Ա. Դերձակյանն ասաց. «Պետք է դիմել կառավարություն, ըստ այդմ, տրամադրվեն արտոնյալ պայմաններ»:

ՍՈՆԱ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Գյումրի




Լրահոս