ԽՈՑԸ ՄԵԾ ՎՆԱՍՆԵՐ Է ՊԱՏՃԱՌՈՒՄ ԳՅՈՒՂԱՑՈՒՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գեղարքունիքի մարզի երեք համայնքներում` Ծովակում, Վանեւանում եւ Տորֆավանում, հայտարարված կարանտինի հետեւանքով Վարդենիս քաղաքի մսի վաճառքի կետերը շարունակում են փակ մնալ: Տեղաբնակները սարսափած են: Բացի այդ, մինչ օրս գյուղացիների կրած վնասների համար փոխհատուցում չկա:
Նշենք, որ սիբիրյան խոց հիվանդության մեջ կասկածվողներն արդեն դուրս են գրվել  հիվանդանոցից: Տեղաբնակների համոզմամբ՝ սիբիրյան խոցով արձանագրված միակ հիվանդը Վարդենիսցի մսավաճառ է: Այժմ ստուգվում են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցները` կանխելու համար տարածքում արգելված մսի կամ կենդանիների տեղափոխումը: Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի խոսքով՝ բոլոր տեսակի միջոցառումները, ստուգումները շարունակվում են: «Նախորդ օրը անասուն էր սատկել Խաչաղբյուր համայնքում, եւ մեկն էլ` Սոթքում: Դրանք շատ հնարավոր է, որ սիբիրյան խոցով հիվանդ անասուններ չլինեին: Այսօր ցուցանիշները ցույց են տալիս, որ իրականում կարծես թե այդ միջոցառումներից հետո կանխարգելիչ գործողություններ իրականացրին, եւ այս պահի դրությամբ ոչ մի տեսակի վտանգ չկա»,-հավաստիացրեց մարզպետը:
Տեղեկացնենք նաեւ, որ Վանեւան համայնքում օրեր առաջ կենդանու անկում է եղել, այդ իսկ պատճառով կարանտինը շարունակվելու է եւս 15 օր: Այս առիթով զրուցեցինք Վանեւան համայնքի ղեկավար Նորայր Հարությունյանի հետ. «Մի հիվանդ անասուն ունեինք: Ստուգողները տեղում են եղել ու տարել այրել են: Բայց հոկտեմբերի 20-ից մինչ օրս այդ մեկն է եղել: Բացի այդ, տվյալ հիվանդությամբ մարդ համայնքում արդեն չկա»:
Անասնաբույժ Արթուր Մարգարյանի խոսքով՝ կենդանին սիբիրախտով ջրից է վարակվում, սակայն միայն արագ կողմնորոշվելու դեպքում է հնարավոր լինում հիվանդ անասունին փրկել: Այդ հիվանդությունը բնորոշ է նաեւ ոչխարներին, նրանց մոտ դա ավելի արագ կերպով է զարգանում, քան ձիու կամ կովի: «Խոզն էլ է նույն հիվանդությամբ վարակվում, միայն թե տարբեր կենդանի տարբեր կերպ է տանում: Դեպքեր կան, որ առողջ ոչխարը վարակվել է եւ ժամեր անց առանց ինչ-որ նախանշանների միանգամից սատկել: Եթե տարիներ առաջ այդ հիվանդությունն ինչ-որ տեղ եղել է, եւ պրոֆիլակտիկ ստուգումը ճիշտ արված չի եղել, ապա այն նորից կսկսի տարածվել, քանի որ սիբիրախտի բացիլները տարիներով մնում են: Դրա համար պետք է այրվեն գտնված հիվանդ անասունները, որպեսզի վարակը չտարածվի»,-ներկայացրեց անասնաբույժը: Նա նշեց նաեւ, որ այս հիվանդությունը ավելի շատ շոգ եղանակին է տարածվում:
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության բաժնի պատասխանատու Բաբկեն Պիպոյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց. «Կարանտային միջոցառումներ հայտարարվում են հետեւյալ կերպ. վերջին գրանցված դեպքից սկսած եւս 15 օր: Եթե նորից անկում է գրանցվում, ապա սկսում են հաշվել վերջին անկումից: Մեծ հույսեր ունեմ, որ ուղիղ 14 օր հետո այլեւս չենք ունենա կարանտին: Այսինքն՝ օրեր առաջ անկում եղել է: Բայց աստիճանաբար գյուղացու զգոնությունը տեղն է գալիս»: Պիպոյանի համոզմամբ՝ գյուղից անասուններին որոշ ժամանակ չպետք է տանեն արոտավայրեր, քանի որ անասունները նոր են վակցինացված, բացի այդ, հնարավոր է՝ վարակն այնտեղից սկսվի:
Բայց այս դեպքում էլ գյուղացին նոր խնդրի առաջ է կանգնում. այս շրջանում չի ցանկանում ձմռան համար պահած խոտով կերակրել իր անասուններին: «Խոտի մի տուկն արժի 1500 դրամ: Ես միայն ձմեռվա համար եմ առել: Եթե հիմա ձմեռվա խոտի պաշարը տամ անասուններին, բա ձմեռն ի՞նչ եմ տալու կամ ինչո՞վ եմ խոտն առնելու: Ո՞վ է ինձ փոխհատուցում տալու: Ես մեղավո՞ր եմ, որ էս հիվանդությունը մեջ ընկավ»,-մեզ հետ զրույցում դժգոհեց տեղաբնակներից մեկը, որը խուսափեց ներկայանալ: «Ժողովուրդ»-ը ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Գրիշա Բաղյանից հետաքրքրվեց, թե գյուղացուն փոխհատուցում արվելու է կրած վնասների դիմաց: «Փոխհատուցման մասին առայժմ խոսք լինել չի կարող: Բացի այդ, խոտի գինը տվյալ մարզում 850 դրամ է»,-եղավ պատասխանը:
Այսպիսով՝ կրկին համոզվում ենք, որ այս անգամ էլ գյուղացին մնալու է մենակ իր հոգսերի հետ:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս