ԱՊԱՑՈՒՑԵ՛Ք, ՈՐ ՁԵՐ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՑՈՒՑԱԴՐԱԿԱՆ ՉԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դատական համակարգին ուղղված Սերժ Սարգսյանի եւ Վլադիմիր Գասպարյանի քննադատությունը մեծ արձագանք է գտել իրավապահ մարմիններից դժգոհ քաղաքացիների շրջանում: Այդ ելույթները շատերին  հույս են ներշնչում, որ մեր երկրում պետական այրերը մի օր խոսքից կանցնեն գործի: Ստորեւ ներկայացնում ենք երկրի նախագահին եւ ոստիկանապետին հավատացող կալանավորներից մեկի՝ Արթուր Խաչատրյանի մոր նամակը` ուղղված Ս. Սարգսյանին:

«Մեծարգո՛ պարոն նախագահ.
Ես` Լիզա Շաքարյանս, թոշակառու կին եմ եւ իմ միակ կերակրողն ու խնամողը իմ որդին է` Արթուր Խաչատրյանը: 2012թ. ապրիլի 28-ից ոստիկանության կողմից նա ձերբակալվել է եւ մինչ օրս անօրինական ձեւով պահվում է կալանքի տակ: Հարց եմ տալիս, պարո՛ն նախագահ, մի՞թե կարելի է անօրեն ձեւով ծեր կնոջը եւ նորածին երեխային կտրել կերակրող ձեռքից ու հանձնել բախտի քմահաճույքին, հանուն ինչի՞:
Իմ որդին մեղադրվում է, որ մտերմություն է արել ոմն Գայանե Սարիբեկյանի հետ եւ սպառնացել է նրան: Այնինչ իրականում միայն օգնել է նրան: Որքանով տեղյակ եմ իմ որդու դատական գործի մանրամասներից, նա ընդամենն այդ կնոջից պահանջել է իր պարտքը եւ առանց սպառնալիքի: Իսկ այն, ինչ նշվում է, թե իբր Արթուրը սպառնացել է նրա մարմնավաճառ լինելու մասին հայտնել այլ անձանց, ապա դա ընդամենը հորինվածք է: Անգամ Գայանե Սարիբեկյանն է նշում, որ դա իր ենթադրությունն է, որը քննիչն իրավունք չուներ հիմք ընդունելու եւ դրանով իմ որդուն մեղադրելու:
Պարո՛ն նախագահ, հեռուստատեսությամբ դիտելով Ձեր եւ պարոն Վլադիմիր Գասպարյանի ելույթները, ես մեծ հավատով եմ լցված, որ մեր ոստիկանները սկսել են օրինական աշխատել, եւ որեւէ անմեղ մարդ չգործած հանցանքի համար անօրինական չի կալանավորվի, սակայն իմ որդու նկատմամբ իրականացվում է հակառակը:
Անհարմար չեմ գտնում ասել, որ ներկայում մեր ընտանիքը գտնվում է նյութական ծանր եւ քաոսային վիճակում: Եթե իմ որդուն շարունակեն պահել կալանքի տակ, ապա իմ կյանքը վտանգված կլինի, իսկ հարսիս ու թոռնիկիս վաղվա օրը՝ անորոշ ու ցավալի:
Մեծարգո՛ պարոն նախագահ, իմ հույսը կապելով Ձեզ հետ՝ թախանձագին խնդրում եմ` հանձնարարե՛ք ոստիկանությանը եւ դատախազությանը, որպեսզի կատարեն գործի օրինական քննություն: Տեղեկացնեմ, որ գործը քննվում է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության ավագ քննիչ Մեսրոպ Մանասյանի կողմից:
Չեմ թաքցնում, որ դեռեւս 7 ամիս առաջ հույս էինք փայփայում, որ մեր ոստիկանությունը շատ արդար է սկսել աշխատել: Վստահ էինք, որ մեկ-երկու ամսում կպարզեն իրականությունը եւ իմ որդուն ազատ կարձակեն, սակայն գնալով հասկանում եմ, որ այդքան էլ այդպես չէ:
Սակայն հույսս չեմ կորցնում եւ որպես վերջին հույս` դիմում եմ Ձեզ` հանձնարարե՛ք անցկացնել նոր ու անաչառ քննություն: Իմ խնդրանքն ընդամենը սա է: Կանխավ շնորհակալություն»:

Դիմող՝ ԼԻԶԱ ՇԱՔԱՐՅԱՆ




Լրահոս