Այսօր խորհրդարանում ԲՀԿ խմբակցության պատգամավորը Վահան Բաբայանն անդրադարձավ Հայաստանի` ԵՏՄ անդամակցությանը և աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանից հետաքրքրվեց, թե դրանից հետո մեր կենսաթոշակային համակարգում որևէ փոփոխություն եղել է, թե ոչ:
Նա որպես օրինակ անդրադարձավ ԽՍՀՄ տարիներին աշխատած անձանց կենսաթոշակային խնդրին և նշեց, թե այդ առումով ինչ առաջընթաց կա: Վահան Բաբայանն անդրադարձավ նաև միանվագ գումարներին, որոնք տրվում են մահացածների ընտանիքներին: Նա նշեց, թե ահազանգեր են ստանում, որ դրանք ուշանում են և հետաքրքրվեց, թե ովքեր են այդ հարցը վերահսկում և հետաքրքրվեց նաև, թե 2014թ. քանի ընտանիք է ստացել այդ գումարները:
Նախարարը նշեց, թե ԱՊՀ երկրների շրջանում գործող երկու համաձայնագիր է առկա: «Ներկայումս ԵՏՄ շրջանակներում քննարկվում է նոր նախագիծ, որը չի առնչվելու զինծառայողներին կամ ոստիկանության համակարգում ծառայողներին: Այդ կատեգորիայի մասով փոփոխություններ չեն նախատեսվում: Մյուս ուղղությամբ` քաղաքացիների, նախատեսվում է , որ յուրաքանչյուր երկիր պետք է ապահովի իր մոտ աշխատած ժամանակի գումարների վճարումը», – նշեց նախարարը:
Արտեմ Ասատրյանը նշեց, որ մահանալու դեպքում ընտանիքներին տրվող գումարի պարագայում դա տրվում է հաջորդ ամսվանից: «Նախորդ ամսվա բոլոր դիմումները վճարվում են: Բայց մենք հիմա փորձնական ծրագիր ենք իրականացնում բանկերի հետ, որը հնարավորություն կտա երեք օրվա ընթացքում այդ գումարը վճարել բանկերով: 2014թ. վճարվել է շուրջ 24.600 ընտանիքի», – հավելեց նա: