ԱՆՀԵՏ ԿՈՐԱՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ոստիկանության Բերդի բաժնի աշխատակիցները դեռեւս չեն գտել Բերդ քաղաքի բնակիչ, 1941թ. ծնված Ասքանազ Մելիքյանին, որը սեպտեմբերի 2-ի առավոտյան  նախիրն ուղեկցել է  Նավուր գյուղից վերեւ՝ Դուռնալու հանդամաս եւ այլեւս չի վերադարձել: Ոստիկանների 15 հոգուց բաղկացած որոնողական խումբն ամիսուկես «սանրում էր» վերոհիշյալ հանդամասը, սակայն ոչինչ չհայտնաբերեց: Որոնողական ակտիվ աշխատանքներն այդ տարածքում արդեն դադարեցրել են: Ոստիկանները կարծում են, որ եթե առողջական լուրջ խնդիրներ ունեցող Ա. Մելիքյանը բնական մահով է մահացել, եւ նրա մարմինը վայրի գազանների կեր է դարձել, իրենք նրա պատառոտված հագուստները կամ կոշիկները կգտնեին:
Բերդի բնակիչների շրջանում Ասկո անունով հայտնի Մելիքյանը հակում ունի ոգելից խմիչքի հանդեպ: Սակայն այն անձը, ում անասուններն Ասքանազն ուղեկցել է, այդ օրը նրան ոգելից խմիչք եւ վարձատրության գումար չի տվել՝ ասելով, որ դրանք կտա գործն անելուց հետո: Օրը մառախլապատ է եղել, հնարավոր է՝ նա հանկարծ հայտնվեր ճանապարհին, դառնար ավտովթարի զոհ, վարորդն էլ հետքերը կորցնելու համար մարմինը տեղափոխեր դեպքի վայրից հեռու եւ թաքցներ:
Բերդի բնակիչները նաեւ կարծիք են հայտնում, որ 71-ամյա տղամարդը կարող էր  ինքնասպան լինել, քանի որ նրա որդեգրած որդին՝ Վրեժը, արդեն 2-րդ անգամ բանտ է նստում: Այս տարվա հուլիսի 23-ին Ներքին Կարմիրաղբյուրի տարածքում Վարդավառի ժամանակ ծագած վեճի ընթացքում Վրեժը դանակով 5-6 անգամ հարվածել է Այգեպարի բնակիչ 52-ամյա Խաչիկ Խաչատրյանին, որը մահացել է: Վրեժն այժմ գտնվում է ազատազրկման վայրում: Չի կարելի բացառել, որ սպանվածի ընկերները եւ հարազատները կարող էին Վրեժի կատարած մարդասպանության համար նրա հորից վրեժ լուծել: Ա. Մելիքյանի անհետանալու կապակցությամբ 2012թ. սեպտեմբերի 14-ին քրեական գործ է հարուցվել ՀՀ քր. օր.-ի 104-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն):

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս