«ՈՉ ՄԵԿԻ ՀԱՇՎԻՆ ՉԵՄ ԱՊՐՈՒՄ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կայքերից մեկը հաճախ է անդրադառնում երգչուհի ՍՅՈՒԶԻ ՄԵԼԻՔՅԱՆԻ նորություններին, բայց ոչ թե դրական, այլ բացասական արձագանքներով:
-Խնդիրը պարզ է, երգիչների անվան վրա տարբեր կայքեր փորձում են իրենց ռեյտինգը բարձրացնել: Ճիշտը որ ասեմ, ինձ համար այնքան էլ էական չեն իրենց գրառումները: Ես հասկանում եմ, որ իրանք իմ անունով իրանց ռեյտինգ են հավաքում: Ու եթե իրանք այդքան ընկած վիճակում են, որ պետք է բացասական գրառումներով վարկանիշ հավաքեն, թող անեն: Ինձ սիրողները սիրում են, չսիրողները` չեն սիրում:
-Չե՞ք կապվել այդ կայքի խմբագրի հետ, վերջիվերջո, Ձեր անունն է շահարկվում:
-Այդ կայքի գլխավոր խմբագիրն իմ ֆեյսբուքյան ֆան էջի անդամ է, այսինքն՝ նախընտրում է լսել իմ երգերը: Պարզ է՝ ինչու են նման բաներ անում, դա գումար աշխատելու միջոց է, բայց եթե չափն անցնեն, ես այլ կերպ կարձագանքեմ: Հասկանում եմ, որ մարդիկ գումար աշխատելու համար իրենց սրբություններն են կորցնում, ես էլ ի՞նչ կարող եմ ասել:
-Օրեր առաջ նոր երգ եք ներկայացրել՝ «Մայրիկ», որն այդքան էլ ջերմ ընդունելության չարժանացավ: Նույնիսկ երգահան Անուշ Ալեքսանյանն իր կարծիքն էր գրել, որ երգն իրեն չհուզեց:
-Անուշ Ալեքսանյանն ո՞վ ա: Առաջին անգամ եմ լսում նրա անունը:
-Իսկապե՞ս, հայտնի երգահան է, բազմաթիվ հիթերի հեղինակ, համագործակցել է Նունե Եսայանի, Քրիստինե Պեպելյանի, Թաթայի, Մհերի, Ֆլորա Մարտիրոսյանի, Էռնա Յուզբաշյանի եւ այլոց հետ:
-Դե եթե ինքը կարծում է, որ իրեն չհուզեց, բնական է, իսկ եթե նրա մոտ պատվիրեի, կհուզե՞ր երգը: Նորմալ ա, լրատվամիջոցները մտածում են՝ ոնց անեն, որ իրանց մոտ շատ լինեն նյութերը, երգահանները՝ որ իրանց մոտ շատ երգեր պատվիրեն: Էս կյանքը պայքար է, ամեն մարդ էնպես ա անում, որ իր գործն առաջ գնա: Իրականում իմ երգը գրել է շատ տաղանդավոր երգահան Ռիչարդ Մադլենյանը: Ձեզ ասեմ, միայն լավի հետեւից են բացասական խոսում, որովհետեւ երբ մարդ իրենից բան չի ներկայացնում, նրա մասին չեն էլ խոսում: Ես գիտեմ, որ ունեմ լսողների իմ բանակը, ու ասենք՝ մի 20-30 հոգու քոմենտ գրելուց ոչինչ չի փոխվում: Խոսացողները շարունակում են խոսել: Մի բան էլ ասեմ, «Բենթլի»-ն վաճառել եմ, որովհետեւ բենթլիացավով շատ մարդիկ էին տառապում: Ես ոչ մեկի հաշվին չէի առել այդ ավտոմեքենան, ոչ մեկի հաշվին չեմ ապրում: Ինձ դուր չէին գալիս այդ խոսակցությունները, թե ամենաթանկ մեքենան Սյուզի Մելիքյանինն է: Նախ առաջինը ես ոչ մեկի գումարով չեմ առել դա, ինչ-որ բան չեմ խլել, ոչ մեկին անտուն չեմ թողել, որ քշեմ այդ ավտոմեքենան: Հիմա կարող եք հանգիստ շունչ քաշել, ես այդ ավտոմեքենան վաճառել եմ, ինձ էլ դուր չէր գալիս այն վարել:
-Իսկ ո՞վ էր գնել այդ մեքենան, թե՞ Դուք Ձեր հավաքած գումարով էիք ձեռք բերել:
-Իմ հավաքած գումարով հաստատ չէի կարողանա, հայրս էր գնել:
-Հիմա ի՞նչ մեքենա եք ձեռք բերել:
-Հասարակ մեքենա, որը վարում են շատ-շատ մարդիկ: Մակնիշը չեմ նշի, հիմա էլ դա կսկսեն քննարկել: Չեմ սիրում դատարկ խոսակցություններ: Էությամբ պարզ մարդ եմ՝ չնայած շատերին թվում է՝ գոռոզ եմ, երեւի դա նրանից է, որ ինձ հեռու եմ պահում իրենցից: Ինձ ճանաչող մարդիկ գիտեն՝ ես հասարակ մարդուց էլ հասարակ եմ ինձ պահում:
-Դուք մասնագիտությամբ դիվանագետ եք, ինչո՞ւ որոշեցիք զբաղվել երգարվեստով:
-Երգը ես ընտրել եմ 8 տարեկանից, իսկ դիվանագիտությունը՝ ավելի հասուն տարիքում: Երգն ինձ համար գումար վաստակելու միջոց չէ, դա այն է, ինչով ես ապրում եմ:
-Եթե չեմ սխալվում, հիմա սկսել եք նաեւ ակումբում աշխատել:
-Այո՛, սկսել եմ աշխատել մի քանի ակումբներում, երգում եմ նաեւ տարբեր միջոցառումներին, համերգներին, հրավերքներին:
Սկզբում ծնողներս թույլ չէին տալիս ակումբում աշխատել, հետո հասկացան, որ իրականում այդ նույն ակումբներում մենք էլ ենք մեր ծնունդները կազմակերպում, դրա մեջ ոչ մի վատ բան չկա:
-Ո՞ր ակումբներում եք աշխատում:
-«Ալշադի», «N show»: Հետաքրքիր աշխատանք է ու շատ ուշ ժամերին չի ավարտվում, տեւում է մինչեւ 00:00-ն: Իմ աշխատանքն ինձ հաճույք է պատճառում, ես ինձ գնահատված եմ զգում: Իմ երկրպագուները գալիս են ինձ մոտիկից տեսնելու, լսելու:
-Անձնականում ի՞նչ նորություններ կան:
-Դեռ չունեմ, բայց որ ունենամ, բոլորդ կիմանաք:

ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ




Լրահոս