ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ունեմ 3 երեխա, կրտսերս սովորում է հանրակրթական դպրոցի 9-րդ դասարանում: Ուսուցիչներից մեկը, նկատի ունենալով վերջին շրջանում նրա հակասական վարքագիծը, խորհուրդ է տվել դիմել հոգեբույժի: Այս հանգամանքը վիրավորել է տղայիս, եւ նա տեւական ժամանակ է՝ հրաժարվում է դպրոց գնալ: Խնդրում եմ թերթի միջոցով տղայիս համար պարզաբանել, թե որն է տարբերությունը հոգեբանի եւ հոգեբույժի միջեւ:

Արեւիկ Աբովյան (48 տարեկան, օպերատոր)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ցավոք, մեր հասարակության կողմից հոգեբանական ծառայությունները դժվար ընդունելություն են գտնում: Մեծ մասը կարծում է, թե հոգեբանին դիմում են միայն հոգեկան հիվանդները, այնինչ դա այդպես չէ: Գուցե Արեւիկ Աբովյանի տղայի վիրավորանքն էլ պայմանավորված է դրանով: Այնուհանդերձ, հոգեբանի եւ հոգեբույժի մասնագիտությունների միջեւ կան էական տարբերություններ:
Հոգեբանը մասնագետ է, որը զբաղվում է մարդկային անձի հետազոտությամբ եւ դասակարգմամբ, միջանձնային հարաբերությունների ուսումնասիրմամբ եւ անձի վարքը ուղղելով: Նա չի նշանակում դեղամիջոցներ, այլ բուժում է խոսքով: Հոգեբույժը հոգեկան խանգարումներ ունեցող հիվանդների հետ աշխատող բժիշկ է, որի դերը միայն բուժելը չէ, այլեւ հոգեկան հիվանդությունների կանխարգելումը, ախտորոշումը եւ փորձագիտական զննումը: Հոգեբույժի բուժումն իրականացվում է հիմնականում դեղամիջոցների օգնությամբ:
Միայն մեկ ցուցում. մինչ այս կամ այն մասնագետի մոտ խորհրդատվության գնալը ցանկալի է համոզվել, որ ձեր ընտրած մասնագետն ունի պրակտիկ հոգեխորհրդատվություն իրականացնելու համար անհրաժեշտ որակավորում:

«Այգ» հոգեբանական ծառայությունների
 կենտրոնի հոգեբան Ինգա Մուկուչյան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Գաղտնիք չէ, որ մեր իրականության մեջ բավականաչափ զարգացած չէ հոգեբանական կուլտուրան, այսինքն՝ սեփական հոգեբանական խնդիրները նաեւ հոգեբանի մոտ այցելություններով լուծելու պրակտիկան: Դա թերեւս պայմանավորված է նաեւ մեր ազգային մենթալիտետով:




Լրահոս