Վաղը` մայիսի 30-ին ժամը 18:30-ին, Ազատության հրապարակում տեղի կունենա «Հիմնադիր խորհրդարանի»-ի հանրահավաքը: Հանրահավաքի իրազեկման նպատակով ՀԽ երիտասարդ անդամները քաղաքում թռուցիկներ են փակցրել, որը խոչընդոտել են Ոստիկանության աշխատակիցները: Վերջիններս վարչական բերում են իրականացրել ՀԽ անդամների նկատմամբ, պատռել թռուցիկները և այլն:
Նշվածի առնչությամբ Armlur.am-ը զրուցեց «Հիմնադիր խորհրդարան»-ի պատգամավոր Վարուժան Ավետիսյանի հետ:
-Պարոն Ավետիսյան, ի՞նչ խոչընդոտներ են եղել ՀԽ անդամների նկատմամբ թռուցիկներ բաժանելու ընթացքում:
-Արդեն 3-րդ, 4-րդ օրն է, ինչ մեր երիտասարդ աջակիցները թռուցիկներ են փակցնում քաղաքի տարբեր հատվածներում, որն էլ ոստիկանության աշխատակիցների կողմից խոչընդոտվում է: Նրանք պատճառաբանում են, որ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենքի 172.2 հոդվածով խախտել ենք նախատեսված կանոնները, այսինքն՝ հասարակական վայրերի վերաբերյալ կանոնները: Հասարակական վայրեր ասելով՝ վարչական իրավախտումների օրենսգիրքը նկատի ունի մարզադաշտեր, պուրակներ, զբոսայգիներ, հրապարակներ, փողոցներ, մայթեր և այլն:
-Երեկ Ոստիկանապետը հայտարարել էթ, թե ինքը «չի իջնում թռուցիկի մակարդակի» և ամեն ինչ օրենքով են անում:
-Ոչ միայն Ոստիկանապետն, այլև նրա պետը` ռեժիմի պարագլուխ Սերժ Սարգսյանը, վաղուց են իջել թռուցիկից էլ ավելի ցածր մակարդակի: Նրանք հանցագործներ են:
-Վաղվա հանրահավաքին, ըստ Ձեզ, որքան մասնակից կլինի:
-Մենք իրականում չենք կենտրոնանում մարդկանց քանակի վրա: Հանրահավաքը բաց է և բոլորը կարող են մասնակցել, այդ թվում այն քաղաքական ուժերը, որոնց հետ ուզում ենք համագործակցել:
Հարցազրույցն ամբողջությամբ` Armlur.am-ի տեսանյութում:
Քրիստինա Աղալարյան