Ռուզաննա Խաչատրյանը կարծում է, որ թիրախն իր ամուսինն է` Սեյրան Օհանյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կինը՝ «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիայի» ՀԿ նախագահ Ռուզաննա Խաչատրյանը, դատական հայց է ներկայացրել «Հրապարակ» օրաթերթի դեմ: Ինչպես այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց Ռուզաննա Խաչատրյանի ներկայացուցիչ Կարեն Մեժլումյանը, դատարանից խնդրել են պարտավորեցնել «Հրապարակ» օրաթերթում և hraparak.am կայքում հրապարակել «Հանրությունն ուզում է իմանալ» և «Հանրությունն ուզում է իմանալ-2» հոդվածների վերաբերյալ իրենց պատասխանը, պարտավորեցնել հերքել հոդվածում տեղ գտած, իրենց գնահատմամբ, իրականությանը չհամապատասխանող փաստեր պարունակող և զրպարտող արտահայտությունները: Կարեն Մեժլումյանի փոխանցմամբ, իր վստահորդը` Ռուզաննա Խաչատրյանը, վստահ է, որ իրեն զրպարտող հրապարակումները կապված են իր ամուսնու հետ։

Տեղեկացնենք, որ վերոնշյալ հոդվածներում մասնավորապես նշվում է, թե Ռուզաննա Խաչատրյանը տարիներ առաջ վարել է իր մտերիմ ընկերոջ մեքենան, վթարի մասնակից դարձել, իսկ, որ ամենակարևորն է, վթարը մահվան ելքով է եղել: Փաստաբանը հայտնեց, որ իրեն հաջողվել է տեղեկանալ, որ նման վթար տեղի է ունեցել դեռևս 2003 թվականին, և վթարի «հեղինակը»` Աննա անունով, պատիժ է կրում. «Երբ մենք նշված կեղծ և զրպարտող տեղեկատվությունը հերքելու մասին պատասխան ուղարկեցինք «Հրապարակին», լրատվամիջոցը ոչ թե հերքել է այն կամ պատասխանը հրապարակել, այլ հղում անելով hzham.am-ին՝  ևս մի նյութ է հրապարակել, որտեղ Ռ. Խաչատրյանը մեղադրվում է նրանում, որ ինքն է վարել այն ավտոմեքենան, որի վթարից 2002 թվականին մահացել է Հովիկ Հայրապետյանը: Մեր պատասխանը լրատվամիջոցին ուղարկվել է մայիսի 23-ին՝ 13:28-ին, ինչից 1 ժամ 15 րոպե անց հրապարակվել է երկրորդ նյութը՝ «Հանրությունն ուզում է իմանալ-2» վերնագրով, որտեղ արդեն հղում է կատարվել hzham.am կայքին:

Որոշ համացանցային լրատվամիջոցներ վերջերս ստահոդ և կեղծ տեղեկատվություն են սպրդում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և նրա տիկնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի վերաբերյալ: Այդ կեղծիքները հատկապես տարածվում են hzham կայքում, որը ֆեյք է»:

Փաստաբանն այս հանգամանքը բացատրեց նրանով, որ կայքի «մեր մասին» էջում որպես լրատվական գործունեություն իրականացնող նշված է Ա/Ձ Աննա Գևորգյան, սակայն, ըստ էլեկտրոնային ռեգիստրի տվյալների, այն հաշվառումից հանվել է, այսինքն՝ լուծարվել է: Փաստաբանն ասաց, որ զանգահարել է կայքում նշված հեռախոսահամարով, հաղորդագրություն ուղարկել, սակայն պատասխան չի ստացել: Պատասխանողի հասցեն իմանալուն պես, հայցադիմում կներկայացվի նաև այս կողմին: Լրագրողների հարցին` արդյոք որևէ լրատվամիջոց պե՞տք է տեղյակ լիներ, որ hzham.am կայքը կեղծ է, փաստաբանը հստակ պատասխան չտվեց. «Մենք գիտենք, որ դա ֆեյք է: Ակնհայտ է, որ նման Ա/Ձ գոյություն չունի»:

Լրագրողի հարցին` եթե համապատասխան գրությունն ուղարկվել էր լրատվամիջոցի խմբագրություն, ապա ինչո՞ւ չէին սպասում, որպեսզի այն հրապարակվի` դատական հայց ներկայացնելու փոխարեն, փաստաբանը պատասխանեց, թե երկրորդ հոդվածը` «Հանրությունն ուզում է իմանալ-2» վերտառությամբ, արդեն իսկ տեղադրվել էր կայքում: Հենց այս նյութն էլ, Կարեն Մեժլումյանի խոսքով, իրենք դիտել են որպես մերժում իրենց պատասխանին, հերքումը հրապարակելուն, և մայիսի 25-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան հայցադիմում են մուտք արել:

Նշենք, որ ասուլիսին ներկա էր նաև «Հրապարակ» թերթի լրագրող, հոդվածների հեղինակ Սյուզան Սիմոնյանը, ով նշեց, որ վերջնագրում առաջարկվել է մինչև մայիսի 30-ը հրապարակել պատասխանը, ինչպես նաև հերքում, բայց մայիսի 23-ին կողմն արդեն հայց էր ներկայացրել դատարան: Բացի դա՝ նա նշեց, որ մայիսի 23-ին կայքում հրապարակված նյութը թերթում արդեն տպագրված է եղել: Կարեն Մեժլումյանի հարցին՝ ինչո՞ւ մինչ օրս չեք տպում պատասխանը, նա պատասխանեց. «Որովհետև Դուք գնացիք դատարան, կներեք»: Լրագրողը նաև նշեց, որ «Հանրությունն ուզում է իմանալ-2» հոդվածում հրապարակվել է Ռուզաննա Խաչատրյանի խոսքը` ֆեյսբուքյան գրառումից վերցված:

Վերջում փաստաբանը նշեց, որ մինչ վաղը ժամանակ են տրամադրում լրատվամիջոցին` հերքում տեղադրելու համար, իսկ հարցին` այդ դեպքում դատական հայցը հետ կվերցնե՞ն, փաստաբանը պատասխանեց. «Մենք խորհրդակցություն կանցկացնենք, կորոշենք»: Ապա հարց հնչեց` եթե պետք է հերքում տեղադրելուց հետո միայն խորհրդակցություն անցկացնեն, ինչո՞ւ են հերքման պահանջ ներկայացնում, փաստաբանը կրկին հստակ պատասխան չտվեց:

Կարեն Մեժլումյանի խոսքով, օրենքով սահմանված կարգով իրենք իրավունք ունեն նաև դրամական փոխհատուցում պահանջել լրատվամիջոցով, սակայն «շատ չնեղելու համար, դա չեն արել»:




Լրահոս