Ինչպես արդեն հայտնել էինք, Արարատի մարզի Նոր Կյանք գյուղի դպրոցի աշխատակիցները բողոքում էին դպրոցի տնօրեն Արամ Ստեփանյանի դեմ: Դպրոցի աշխատակիցների խոսքով, տնօրենը ոչինչ չի հասկանում կրթության գործընթացից և նույնիսկ տեղյակ չէ, թե ինչ է ուսումնական պլանը:
Այսօր դպրոցի աշխատակիցները հավաքվել էին Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի առջև, որի ժամանակ էլ ներկայացրեցին իրենց խնդիրը: Այնուհետև նրանք հանդիպեց օմբուդսմեն Կարեն Անդրեասյանի հետ: Նրանց ուղեկցում էր նաև Երևանի ավագանու «Բարև Երևան» դաշինքի անդամ Անահիտ Բախշյանը: Վերջինս նշեց, թե առաջին հերթին տնօրեններն ապօրինի գործողությունների են դիմում «մեջք»-երի առկայության պարագայում:
«Դեպքեր գիտեմ, որ այդ մեջքերը տեղյակ էլ չեն, որ իրենք մեջք են: Պարոն վարչապետ, դուք մե՞ջքն եք, նախարար, դուք մե՞ջքն եք: Ինչպե՞ս Արարատի մարզպետարանի կրթության վարչությունը թույլ տվեց, որ այդ մարդը հայտնվի այդ աթոռին», – նշեց Բախշյանը:
Նա նշեց` պարտադիր է, որ դպրոցի տնօրենն ունենա մանկավարժի կրթություն, սակայն այս տնօրենն այդպիսի կրթություն չունի, այլ Արտաշատում մի համալսարան է ավարտել, որն այլևս գոյություն չունի: «Պայման է, որ յոթ տարվա մանկավարժական ստաժ ունենա: Ես նախարարությունից հարցնում եմ` յոթ տարվա ստաժ ուներ, ասում է` ուներ, դա պետք է ստուգեր: Ով նրա գործերն ընդունել է, պետք է ստուգեր Արտաշատում համալսարան կա, թե ոչ», – հավելեց Բախշյանը:
Նրա խոսքով, անհնար է գոնե մեկ տարի աշխատել դպրոցում ու չիմանալ, թե ինչ է ուսումնական պլանը: «Արամ Ստեփանյանի բոլոր «մեջքեր», պատասխան եք տալու այս դպրոցի տապալված կրթության համար: Վարչապետ, նախարար, ո՞վ է այդ մարդուն իրավունք տվել, այդպիսի թևեր տվել: Ես պահանջում եմ` ասեք, որ դուք այդ մարդու մեջքը չեք, թող վայր ընկնի», – եզրափակեց նա:
Հավելենք, որ դպրոցի տնօրենն առանց էական հիմնավորումների աշխատանքից ազատել է դպրոցի փոխտնօրենին և մի քանի աշխատակիցների: