ՀՀ Շիրակի մարզի Սարագյուղ, Զորակերտ, Զարիշատ, Գտաշեն, Մեղրաշատ, Ջրափի, Երազգավորս , Շիրակավան, Իսահակյան, Լուսաղբյուր համայնքներում իրականացվում է «Ամեն մի զինվոր` կենդանի հերոս» ծրագիրը: Այն անցկացնում է «Մեղվիկ» մանկապատանեկան հասարակական կազմակերպությունը` ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած դրամաշնորհային մրցույթի շրջանակներում: Սահմանամերձ 10 գյուղական համայնքների 200 երիտասարդներ երկու ամիս ուսումնասիրել և սովորել են ռազմահայրենասիրական երգեր` զեյթունցիների քայլերգից մինչև արցախյան ազատամարտիկներին նվիրված, հերոսական երգեր:
20 ռազմահայրենասիրական երգերը ձայնագրվել, և 200 սկավառակները բաժանվել են սահմանամերձ գյուղերի երիտասարդների շրջանում: Զուգահեռաբեր աշակերտներին են բաժանվել երգերի խոսքերն ու պատմությունը:
Հերթական հանդիպումը Սարագյուղի հիմնականում դպրոցում էր: Աշակերտները երեք ժամ շարունակ երգեցին և ուսումնասիրեցին մեր ազատագրական երգերը: Դպրոցի տնօրեն Գինեվարդ Հակոբյանւը նշեց, որ նման ծրագրերի կարիք դպրոցն ունի ու հայտնեց, որ աշակերտները ոգևորությամբ ու սիրով են սովորել երգերը:
Աշակերտների շրջանում ռազմահայրենասիրական երգի դասեր է անցկացնում «Մեղվիկ» ՀԿ-ի կամավոր, «Զվարթնոց» հայ երգի միջազգային մրցույթ փառատոնում հատուկ մրցանակի արժանացած Լիլիթ Սարգսյանը: Նա նշեց, որ յուրաքանչյուր գյուղում անցկացրել է 2-ական պարապմունք, և երեխաները արագ սերտել են երգերը:
«Մեղվիկ» ՀԿ նախագահ Վեհանուշ Հակոբյանը նշեց, որ տարվա խորհուրդը նկատի ունենալով, երբ ազգովի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցն ենք նշում, որոշել են երեխաներին փոխանցել խրոխտ, հերոսական ոգին, որն առաջնորդել է մեզ դարերով. «Որոշեցինք ազգային ազատագրական երգը ուսուցանել սահմանամերձ գյուղերի երեխաներին, քանի որ երգով է, որ մեր պապերն ու այսօր մեր հերոսները գնում են մարտի»: Տիկին Հովհաննիսյանը նշեց, որ երգերի ընտրության ժամանակ սկսել են ակունքներից` ազգային ազատագրական պայքարից` զեյթունցիների քայլերգից, ներկայացրել Սոսե Մայրիկի երգը, արցախյան ազատամարտիկներին նվիրված երգեր, մեր հաղթական երգերը: Վեհանուշ Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ յուրաքանչյուր երգ ուղեկցվել է փոքրիկ պատմությամբ, պատմական հիշարժան դրվագով. «Ամեն երգի վրա կենտրոնանալով` տվյալ հերոսի կերպարով երեխաներին փոխանցում ենք նրանց սխրանքները և ստեղծում հերոսների հավաքական կերպար:
Երեխաներին ներկայացնելով երգն ու պատմությունը` փորձում ենք նաև այն կարևոր շեշտադրումները փոխանցել, որ հայրենազրկման տարիներին մենք ինքնապաշտպանական մարտեր ենք տվել, ունեցել հերոս ֆիդայիներ, և փառապսակը` Սարդարապատ, արցախյան հերոսամարտ: Պիտի երեխաները հասկանան` հարյուր տարվա մեջ պայքարը շարունակվում է և այդ երգերը պայքարի խոսուն ուղեկցողներն ու վկաներն են»: