ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն այսօր 2014թ. պետբյուջեի կատարողականի քննարկման ժամանակ, գյուղատնտեսության նախարար Սամվել Գալստյանին դիմելով, նշեց, որ վերջինս շատ լավ մասնագետ է և ամեն ինչ համակողմանիորեն ներկայացրել է:
Պատգամավորը հետաքրքրվեց այս տարվա բերքատվությունից: Ի պատասխան գյուղնախարարը նշեց, որ այս տարի խաղողի մթերման խնդիրներ չեն լինի:
Սամվել Գալստյանը նշեց, որ այս տարի Հայաստանում խաղողի աննախադեպ բարձր բերք կա, մթերման ենթակա 180-190 հազար տոննա խաղող կլինի: «Իսկապես, ռուսական ռուբլու կուրսի և որոշ պրոբլեմներով պայմանավորված վերամշակող ձեռնարկությունները խնդիրներ ունեցան: Դա մտորելու տեղիք տվեց, որ այս տարի խաղողի մթերման հետ կապված պրոբլեմներ կարող են լինել: Վերջին մեկուկես ամսվա ընթացքում վերամշակողների հետ հանդիպումներ են եղել, մթերման գնի բարձրացման մասին խոսք չի կարող լինել, բայց մթերումների ծավալի հետ կապված՝ խաղողն անպայման կմթերվի»,- նշեց փոխնախարարը: