Ռիչարդ Միլսը հյուրընկալվեց Պաշտպանության նախարարության Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 27-ին ՀՀ-ում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը հյուրընկալվեց Պաշտպանության նախարարության Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտում:

Այցի նպատակն էր ծանոթանալու ԱՄՆ-ի Պաշտպանական ազգային համալսարանի գործակցությամբ՝ ՀՀ Պաշտպանության նախարարության Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի հենքի վրա Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի ստեղծման ծրագրին:

Դեսպան Միլսին ուղեկցում էին ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Էնթոնի Սեբոն և Ռազմական համագործակցության գրասենյակի ղեկավար, մայոր Ահարոն Քամինգսը:

Ինստիտուտի պետ, պաշտպանության նախարարի խորհրդական, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գեներալ-մայոր Հայկ Քոթանջյանը բարձրաստիճան հյուրերին ներկայացրեց  Ինստիտուտի զարգացման ներկա փուլը և գործունեության գիտական արգասիքները: Նա նշեց, որ Ինստիտուտը ռազմավարական խաղերի մեթոդաբանության կիրառմամբ կազմակերպել է մի շարք ռազմավարական-քաղաքական ֆորումներ, իսկ այս տարվա հոկտեմբերի 5-6-ը Երևանում կայանալու է «Խաղաղապահական գործողությունների մարտահրավերների միջազգային ֆորումի» ամենամյա խորհրդաժողովը: Հյուրերը ծանոթացան նաև Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի նոր մասնաշենքի կառուցման աշխատանքներին:

Քննարկումը ծավալվեց գիտական խորհրդի դահլիճում, որտեղ ԱՄՆ-ի Պաշտպանական ազգային համալսարանի շրջանավարտ և հրավիրյալ պրոֆեսոր Հայկ Քոթանջյանը հյուրերին հանգամանորեն ներկայացրեց Հայաստանի Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի ստեղծման ուղղությամբ իրականացված նորարարական աշխատանքները՝ նշելով Ինստիտուտի գիտնական-վերլուծաբանների՝ ԱՄՆ-ի Պաշտպանական ազգային համալսարանում անցկացվող գիտական ստաժավորումների կարևորությունը: Դեսպան Միլսը, նույնպես լինելով ԱՄՆ-ի Պաշտպանական ազգային համալսարանի շրջանավարտ, կարևորեց ամերիկյան մոդելով Հայաստանում ազգային համալսարանի ստեղծման ծրագիրը՝ այն համարելով պաշտպանական-անվտանգային ոլորտում հայ-ամերիկյան համագործակցությանը որակական նոր մակարդակ հաղորդելուն ուղղված ինտելեկտուալ հարթակ:

Հանդիպմանը մասնակցող Ինստիտուտի պետի տեղակալ-Վերլուծական կենտրոնի պետ, պատմական գիտությունների թեկնածու Բենիամին Պողոսյանը, Ինստիտուտի պետի տեղակալ ուսումնական մասի գծով, հոգեբանական գիտությունների դոկտոր, դոցենտ գնդապետ Վազգեն Մարգարյանը, Ինստիտուտի պետի տեղակալ գնդապետ Արմեն Զաքարյանը, ինստիտուտի գիտնական-վերլուծաբաններ քաղաքական գիտությունների դոկտոր Արթուր Աթանեսյանը, քաղաքական գիտությունների թեկնածու Միքայել Ավետիսյանը և Արման Գրիգորյանը մանրամասներ ներկայացրին Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի կրթական և հետազոտական բաղադրիչների վերաբերյալ:

Դեսպան Միլսը իր գոհունակությունը հայտնեց ԱՄՆ-ի պաշտպանական-գիտակրթական Օլիմպոս հանդիսացող ազգային համալսարանի հետ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի ակադեմիական արգասաբեր համագործակցության կապակցությամբ:




Լրահոս