29 մայիսի, 2015 թ., Երևան. Beeline-ն ամփոփեց 2014 թ. կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ոլորտում ընկերության աշխատանքի արդյունքները: Նախորդ տարվա ընթացքում ընկերությունը Երևանում և Հայաստանի մարզերում իրականացրել է շուրջ 200 սոցիալական միջոցառում՝ ուղղված կրթության, մշակույթի, տեղեկատվական տեխնոլոգիաների և բնապահպանության ոլորտների զարգացմանը:
Մասնավորապես, կրթության ոլորտում իրականացված ծրագրերը նպատակ ունեն խթանել աշակերտների և ուսանողների անձնային և մասնագիտական զարգացումը: Այդ ծրագրերն են Beeline Scholarship կրթական ծրագիրը, ԵՊՀ-ում Beeline համակարգչային կենտրոնի բացումը, Գաֆեսչյան արվեստի կենտրոնի հետ 138 համատեղ ստեղծագործական-կրթական միջոցառումները և Մանկական զարգացման հիմնադրամի հետ համատեղ «Գիտելիք հանուն բարեկեցության» ծրագիրը` ուղղված մարզերում երեխաների կրթական ներուժի զարգացմանը: Ընդհանուր առմամբ 2014 թ. Beeline-ի կրթական ծրագրերի շահառու է դարձել ավելի քան 12 000 մարդ:
Նախորդ տարվա ընթացքում Beeline-ը նաև իրագործել է ծրագրեր` ուղղված մարզերում երեխաների ստեղծագործական ներուժի զարգացմանը, նրանց առողջության պահպանմանը, ինչպես նաև ներառական կրթության զարգացմանը: Այդ ծրագրերն են «Հայրենիքի դարպասներ» սոցիալական հասարակական կազմակերպության և Հայաստանի Մանուկներ հիմնադրամի հետ (COAF) համատեղ ծրագրերը:
Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Beeline-ի սոցիալական ծրագրերն ուղղված են եղել հայալեզու բջջային բովանդակության ստեղծմանը և զարգացմանը: Այս նպատակով Տեխնոլոգիական զարգացման կենտրոնի հետ համատեղ անց է կացվել Mobile Developer Day համաժողովը և գործարկվել App Armenia համակարգը: Բիզնեսի և մշակույթի ոլորտում նորարարական և տեխնոլոգիական լուծումների ներդրման նպատակով Beeline-ի աջակցությամբ անցկացվեց տեխնոլոգիական ձեռներեցության DigiCamp ամառային ճամբարը, անցկացվեց DigiTec Բիզնես Ֆորումը և գործարկվեց cult.am միասնական մշակութային պորտալը, որը հնարավորություն է տալիս ձեռք բերել էլեկտրոնային տոմսեր թատրոնի և կինոյի համար:
Մշակույթային ոլորտում իրականացվել են ծրագրեր` ուղղված միջմշակութային կապերի հաստատմանը (աջակցություն Բրիտանական ֆիլմերի 13-րդ փառատոնին) և մշակութային կյանքին մարզերի ներգրավման ապահովմանը (Դասական երաժշտության զարգացման հիմնադրամի հետ համատեղ վարպետության դասերի և համերգների կազմակերպում):
Բնապահպանության ոլորտում Beeline-ն աջակցում է շրջակա միջավայրի պահպանությանը և ժամանակակից բնապահպանական մարտահրավերների վերաբերյալ բնակչության իրազեկվածության բարձրացմանն ուղղված ծրագրերին: Մասնավորապես, ընկերության աջակցությամբ անցկացվել է «Դեպի կանաչ տնտեսություն» ազգային համաժողովը:
«Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ուղղությունները սահմանելիս Beeline-ը մշտապես ձգտել է առաջնահերթությունը տալ առավել հրատապ սոցիալական խնդիրներին և դրանց լուծումներին: 2014 թ. ընկերության կորպորատիվ սոցիալական գործունեության արդյունքներն ամփոփելով` կարող եմ վստահորեն ասել, որ մեզ հաջողվել է նշանակալի ներդրում ունենալ տարբեր սոցիալական խնդիրների լուծման գործում և հիմք ստեղծել բարեկեցիկ ապագայի համար: Հատկապես ցանկանում եմ ընդգծել այն հանգամանքը, որ նախորդ տարվա ընթացքում Beeline-ի սոցիալական ծրագրերի ուշադրության կենտրոնում առավելապես եղել են մարզերը, և մեզ, մեր գործընկերների հետ համատեղ, հաջողվեց իրագործել սոցիալական ծրագրեր Հայաստանի բոլոր մարզերում: Ընթացիկ 2015 թ.-ին Beeline-ը շարունակում է իրականացնել ծրագրեր տարբեր սոցիալական ոլորտներում «Թող քո հետքը» գլոբալ ռազմավարության շրջանակում, որն ուղղված է օգնելու երիտասարդ սերնդին կառուցելու իրենց ապագան – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
«Beeline-ի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության մասին 2014 թ. հաշվետվության» ամբողջական տարբերակը կարող եք գտնել www.beeline.am պաշտոնական կայքում հետևյալ հղումով. http://about.beeline.am/ru/responsibility/reports.wbp