ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն Ազգային ժողովում անդրադարձավ մամուլի այն հրապարակումներին, համաձայն որոնց, գյուղատնտեսության նախարարությունում աշխատում են անգրագետ մարդիկ, ովքեր գրում են տառասխալներով:
Նա գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանից հետաքրքրվեց` ճի՞շտ է, որ նախարարության աշխատակազմի ղեկավարը չարաշահել է պետական միջոցները, պետական մեքենան:
Փոխնախարարը նշեց, որ բոլոր նախարարությունների պես իրենք ևս ղեկավարվում են ՀՀ գործող օրենքով, իսկ աշխատակիցներին էլ ընդունում մրցութային կարգով: «Ես ուղիղ պատկերացնում եմ՝ ում մասին է խոսքը: Մի աղջիկ է, ով կարող է փորձել ցեխ շպրտել մի ամբողջ համակարգի վրա: Ես եմ անձամբ մի քանի անգամ զգուշացրել, որ սխալ է արձանագրվում, և այդ աղջիկն իր աշխատանքային կարգապահությամբ, ուշացումներով, վերաբերմունքով ինքն իրեն սպառեց ու ինքն իրեն ցտեսություն ասաց», – նշեց նա:
Նա հավելեց, որ պատգամավորներն էլ հաճախ սխալներ են անում, և ինքը խորհուրդ տվեց իր իմացության վրա երբեք չկասկածել: «Մի վիրավորեք մի ամբողջ աշխատակազմի, որտեղ պրոֆեսիոնալ մասնագետներ ան աշխատում, գիտության թեկնածուներ են աշխատում, երիտասարդ մասնագետներ: Ստվեր գցել ամբողջ համակարգի վրա, վիրավորել մի ամբողջ աշխատակազմի` սխալ է»,-նկատեց Գալստյանը:
«Ինչ վերաբերում է մեքենայի հետ կապված, ես իմ սխալն ընդունել եմ և չեմ ուզում մանրամասնել, տեղն էլ հարմար տեղ չէ, որ ասեմ ինչի համար ու ուր եմ գնացել: Ամեն դեպքում ասեմ, որ ես դրա համար ենթարկվել եմ պատասխանատվության և ընդունում եմ իմ սխալը», – հավելեց նա: