ԿԲ-ն նոր հուշադրամներ է թողարկել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը “Մենամարտի արվեստը” միջազգային դրամագիտական ծրագրի շրջանակում թողարկել է   երկու արծաթե հուշադրամ՝ “Կարատե” եւ “Կոխ”:
“Կարատե”
Հուշադրամի դիմերեսին պատկերված են Օկինավա կղզում գտնվող Սյուրիձյո պալատի Սյուրեյմոն հայտնի դարպասները եւ հուշադրամի թողարկման տարեթիվը` “2012”: Վերեւի եւ ներքեւի կիսաշրջագծերով մակագրված են “ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ 1000 ԴՐԱՄ” եւ “REPUBLIC OF ARMENIA 1000 DRAM”: Եզրագծով տեղադրված են զարդանախշեր: Հուշադրամի դարձերեսի կենտրոնում պատկերված են երեք մարզիկներ, որոնք կատարում են կարատե մարզաձեւին հատուկ հնարքներ: Կիսաշրջագծով մակագրված են “ԿԱՐԱՏԵ” եւ “KARATE”: Հուշադրամը շրջանագծով երկու կողմից ունի ուռուցիկ եզրաշուրթ:
“Կոխ”
Հուշադրամի դիմերեսին պատկերված են Սեւանի թերակղզում գտնվող “Սեւանավանք” հայկական վանական համալիրը եւ հուշադրամի թողարկման տարեթիվը` “2012”: Վերեւի եւ ներքեւի կիսաշրջագծերով մակագրված են “ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ 1000 ԴՐԱՄ” եւ “REPUBLIC OF ARMENIA 1000 DRAM”: Եզրագծով տեղադրված են զարդանախշեր: Հուշադրամի դարձերեսի կենտրոնում պատկերված են երկու ըմբիշներ լեռների ֆոնի վրա: Աջ եւ ձախ հատվածներում պատկերված են ազգային տարազներով նվագողներ: Կիսաշրջագծով մակագրված են “ԿՈԽ” եւ “KOKH”: Հուշադրամը շրջանագծով երկու կողմից ունի ուռուցիկ եզրաշուրթ: “Կարատե” եւ “Կոխ” հուշադրամների պատրաստման ժամանակ օգտագործվել են գունավոր ներկեր: Հուշադրամների ուրվագծերի հեղինակն է Էդուարդ Կուրղինյանը: Հուշադրամները հատվել են Գերմանիայի “Մայեր” դրամահատարանում: Հուշադրամերն ունեն նույն տեխնիկական բնութագիրը:




Լրահոս