Մանկատան երեխաներին մուրացկանության մեջ ներգրավվելու մասին հրապարակումները` հետաքննության առիթ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ը ՀՀ ոստիկանությունից տեղեկացավ, որ մանկատների երեխաներին մուրացկանության մեջ ներգրավելու մասին հրապարակումների հիման վրա ՀՀ ոստիկանությունում հետաքննություն է ընթանում:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ԱԺ-ում ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հայտարարություն էր արել, որ իրենք տեղեկություն ունեն, որ Երևանի մանկատներից օրավարձով երեխաներին վերցնում են և օգտագործում մուրացկանության համար: Զոհրաբյանը Օմբուդսմենից խնդրել էր հետամուտ լինել այս հարցում: Իսկ Կարեն Անդրեասյանն էլ ի պատասխան ասել էր, որ սա նախևառաջ հաղորդում է հանցագործության մասին, և իրավապահ մարմինները պետք է զբաղվեն սրանով: ԲՀԿ խմբակցության ղեկավարը Օմբուդսմենին վստահեցրել էր, եթե պետք լինի ինքը մանկատան անունն էլ կասի:

Հիշեցնենք նաև, որ «Ժողովուրդ» օրաթերթը առաջ քաշված խնդրի շուրջ զրուցել էր հանրապետությունում գործող բոլոր մանկատների և գիշերօթիկ դպրոցների տնօրենների հետ, ովքեր վստահեցրել էին, որ նման բան լինել չի կարող: Իսկ ոստիկանությունից «Ժողովուրդ»-ի հարցմանն ի պատասխան հայտնել էին, որ մուրացիկ, թափառաշրջիկ երեխաները սովորաբար հաշվառվում են ոստիկանների կողմից: Բայց այս գերատեսչությունից փոխանցել էին, որ մինչ օրս վարձակալությամբ երեխա վերցնելու դեպքի մասին տեղեկություն իրենց հայտնի չէ:




Լրահոս