Գյուղնախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանն այսօր խորհրդարանում ներկայացրեց իր կառույցին հատկացված միջոցները: Նշենք, որ 2014թ. բյուջեով այս կառույցին հատկացվել էր 40,3 միլիարդ դրամ: Նա նշեց, որ իրականացրել են 31 ծրագիր, որոնցից 17-ը՝ արտաքին միջոցների հաշվին:
Իր խոսքում Հարությունյանը նշեց, որ այս տարի ջրային պաշարների խնդիր չկա, և քանակը գոհացնում է իրենց: Ի պատասխան ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը հարցրեց, որ եթե ջրային պաշարները բավարարում են, ապա ինչո՞ւ է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման համար որպես հիմք նշվում ջրային ռեսուրսների պակասը:
«Եթե ջրամբարները ջրերով լցված են և ջրերի ռեսուրսների պակաս չկա, ապա ինչո՞ւ են ասում, թե ջրային ռեսուրսների պակաս կա: Դուք գիտե՞ք, որ սակագնի փոփոխությունը կապում են ջրային ռեսուրսների պակասի հետ»,- հարցրեց Մելքումյանը:
Նա ևս մեկ անգամ հաստատեց, որ ջրային ռեսուրսների պակաս չկա: «Այս տարվա պաշարները մեզ գոհացնում են»,- եզրափակեց Հարությունյանը: