Ես ընդդիմանում եմ վճարել շեյխի կյանքով ապրող ղեկավարների ապրելակերպի համար. Ն. Զոհրաբյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 18-ին՝ ԱԺ քառօրյայի մեկնարկի ժամանակ, ոչ իշխանական խմբակցությունների պատգամավորները հայտարարեցին, որ իրենք պահանջում են քառօրյայում ընդգրկել էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման հարցը: Սակայն ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հերթով պատգամավորների խոսափողերն անջատում էր` հորդորելով սպասել մի քանի օր, այնուհետեւ նիստ հրավիրել ու քննարկել հարցը:

«Ժողովուրդ»-ն արդեն տեղեկացրել է, որ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավորները որոշել էին հարցը ԱԺ-ում քննարկելու համար ստորագրահավաք իրականացնել ու այն հրատապ կարգով խորհրդարան «բերել»: Սակայն ստորագրահավաքին շատ քիչ պատգամավորներ միացան, ինչի արդյունքում այդպես էլ այդ քննարկումը չկայացավ: ԱԺ ոչ իշխանական պատգամավորները հայտարարեցին, որ իրենք առաջիկայում կազմակերպելու են լսումներ ու պահանջելու են հանրային ծառայությունները կարգավորղ հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանին իրենց ներկայացնել Էլեկտրաէներգիայի թանկացման վերաբերյալ ՀԷՑ-ի հայցում բերված հիմնավորումները:

«Ժողովուրդ»-ը զրուցել է ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի հետ` պարզելու համար, թե ի՞նչ փուլում են լսումների կազմակերպման աշխատանքները:

-Տիկի՛ն Զոհրաբյան, նախորդ քառօրյայի ժամանակ Դուք եւ ԱԺ ընդդիմադիր պատգամավորները պահանջում էիք խորհրդարան հրավիրել պատկան մարմիններին` քննարկելու էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման հարցը: Ի վերջո, ի՞նչ որոշվեց, արդյո՞ք լինելու են այդ լսումները, ինչո՞ւ խորհրդարանական ուժերը որեւէ քայլ չեն ձեռնարկում այդ ուղղությամբ:

-Վստահաբար նիստը տեղի կունենա, համենայնդեպս, երեկ մենք եւս խոսել ենք հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի հետ: Իրենք ոչ միայն ուսումնասիրում են ներկայացված հայտը, որը կազմում է 4000 էջից ավել, այլեւ բազմաթիվ գրավոր հարցեր են ուղարկել հայտ ներկայացնող կազմակերպություններին: Եւ մոտավոր, հնարավորինս ճշգրիտ եթե լինեմ, ես կարծում եմ, որ խորհրդարանական լսումները տեղի կունենան եկող քառօրյայի ավարտին:

-Տեսակետ կա, որ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը խուսափում է այս հարցի հետ կապված «բաց» քննարկումների մասնակցել, քանի որ որեւէ կերպ չի հիմնավորվում այն գինը, որը ՀԷՑ-ը ներկայացրել է ՀԾԿՀ-ին: Նշվում է նաեւ, որ ՀԷՑ-ի ներկայացրած փաստաթղթերը հիմնավորված չեն, ի՞նչ ակնկալիքներ ունեք Դուք` խորհրդարանական լսումներ հրավիրելով:

-Իրենք ուսումնասիրում են այդ փաստաթղթերը, որպեսզի կարողանան փաստեր ներկայացնել, այդ հարցը պետք է իրենց ուղղել, թե իրենք ինչ ունեն ասելու ու բացատրելու, բայց ես հույս ունեմ, որ իրենք պետք է կարողանան, եթե սակագինը բարձրանալու է, ներկայացնել, թե ինչի հիման վրա են բավարարում հայտը: Այստեղ կարեւոր է, որ մենք խորհրդարանական լսումներին կարողանանք անպայմանորեն հրավիրել ե՛ւ էներգետիկայի նախարարին, ե՛ւ, առավել եւս, հայտ ներկայացնող կազմակերպություններին: Որովհետեւ, անկեղծ ասած, ինձ՝ որպես շարքային քաղաքացու, բացարձակապես հասկանալի չէ, թե ինչու ես պետք է ինչ-որ մասնավոր ընկերությունների ղեկավարների արաբական շեյխերին վայել ապրելակերպի համար վճարեմ իմ գրպանից: Ես դրան համաձայն չեմ, ես դրան ընդդիմանում եմ: Դրա համար մեր պատգամավորները մասնակցում են նաեւ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ պայքարին: Կան հարցեր, որոնք ես պետք է ուղղեմ սակագնի բարձրացման հայտ ներկայացնող կազմակերպություններին, որովհետեւ եթե այդ կազմակերպություններն ասում են, որ իրենք աշխատում են վնասով, ապա դա բիզնեսի տրամաբանությանը հակասող հայտարարություն է, իսկ ինչո՞ւ չեք հրաժարվում վնասով աշխատող բիզնեսից: Եթե աշխատում եք վնասով, ապա ինչպես եք ձեր գրասենյակները վերածել լուվրների եւ վերսալների, ինչպես եք վարում աշխարհի ամենաթանկ մեքենաները, ինչպես եք 1 տոննա ցեմենտը գնում 1 կիլոգրամ ոսկու գնով, դրանք հարցեր են, որոնք պետք է անպայմանորեն ուղղվեն հայտ ներկայացնող մարմնին:

-Այսինքն՝ կարծում եք, որ ՀԷՑ-ը որեւէ հիմնավորում չի կարո՞ղ ներկայացնել:

-Գիտեք՝ ես ինքս ինձ իրատես գործիչ եմ համարում, ես կարծում եմ, որ էլեկտրաէներգիայի սակագինը այնուհանդերձ բարձրանալու է, լինենք իրատես եւ չփորձենք տարվել իլյուզիաներով, բայց այստեղ խնդիրն այն է, թե որքան կբարձրանա: ԲՀԿ-ն ներկայացրել է հաշվարկների առաջարկությունների փաթեթ, թե ինչպես հզորությունների տարբեր կարգավորման մեխանիզմներով անել այնպես, որպեսզի սպառողի վրա էլեկտրաէներգիայի գնի բարձրացումը չազդի: Այդ հաշվարկները բավականին գրագետ արվել են Միքայել Մելքումյանի եւ մեր փորձագետների կողմից եւ ուղարկվել հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին: Ու եթե իրենց նպատակը իսկապես ՀՀ քաղաքացու շահը պաշտպանելն է, ապա մեր ներկայացրած փաստաթուղթը ուղղակի հստակ ճանապարհային քարտեզ է, թե ինչպես է հնարավոր անել, որպեսզի սպառողը հնարավոր այդ բարձրացումը չզգա: Մենք ունենք հաշվարկներ, որոնք կետ առ կետ ներկայացված են ՀԾԿ-ին:

Հ. Գ. Երեկ «Հայկական էլեկտրական ցանցեր»-ը (ՀԷՑ) ավելացրել է էլեկտրաէներգիայի սակագինը 17 դրամով բարձրացնելու պահանջը հիմնավորող փաստաթղթերի քանակը: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ներկայացված հայտում ՀԷՑ-ը 12 մասից բաղկացած հիմնավորող փաստաթղթեր էր ներառել, իսկ երեկ նոր` 15 մասից կազմված փաստաթուղթ է ներկայացրել, որը եւս հանձնաժողովի կողմից ընդգրկվել է էլեկտրաէներգիայի թանկացման հայտում: ՀԾԿՀ-ից «Ազատությանը» տեղեկացրել են, որ նոր հիմնավորող փաստաթղթերը ՀԷՑ-ից իրենք են պահանջել, քանի որ ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ հայտում կան անճշտություններ, որոնք լրացուցիչ պարզաբանման կարիք ունեն:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս