Մայիսի 29-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելեց Երևանի ԱՅԲ կրթահամալիր։ Նախարարին ուղեկցում էին ՀՀ ՊՆ աշխատակազմի ղեկավար Գառնիկ Հայրապետյանը և ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ, Վարդան Ավետիսյանը։
Կրթահամալիրի բակում աշակերտները հյուրերին դիմավորեցին ռազմական պարերի ցուցադրությամբ, որից հետո Սեյրան Օհանյանը ԱՅԲ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տեր Մեսրոպ քահանա Արամյանի և կրթահամալիրի գործադիր տնօրեն Արամ Փախչանյանի ուղեկցությամբ շրջայց կատարեց դպրոցում։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարին ցուցադրվեցին դպրոցի սաների ձեռքի աշխատանքները, այդ թվում՝ հենց դպրոցում ստեղծված ռոբոտները։ Կրթահամալիրի տնօրինությունը նախարարին ներկայացրեց նաև ԱՅԲ-ի առաջիկա պլանները, այն է՝ դպրոցին կից եկեղեցու, մանկապարտեզի և սպորտկենտրոնի կառուցումը։
Այնուհետև հյուրերը դպրոցի աշակերտական և ուսուցչական անձնակազմի հետ մեկտեղվեցին դահլիճում, որտեղ ներկաներին ողջունեց Տեր Մեսրոպը՝ խոսելով ազգային բանակի դերի և նշանակության մասին։ Դպրոցի երգչախմբի ելույթներից հետո իր ողջույնի խոսքն ասաց նաև պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։ Նախարարը խոսեց տարբեր կառույցների և հասարակական կազմակերպությունների հետ համագործակցության մասին, առանձնացնելով կրթության և գիտության նախարարության հետ ծավալած համատեղ գործունեությունը, որը միտված է բանակ-հասարակություն կապի ամրապնդմանը։
Մատաղ սերնդին ազգային հայրենասիրական ոգով դաստիարակելու գործում ունեցած ներդրման, ինչպես նաև Հանրապետության օրվա առթիվ Սեյրան Օհանյանը ԱՅԲ դպրոցի տնօրինությանը, ուսուցիչներին և աշակերտներին խրախուսեց գերատեսչական մեդալներով, պատվոգրերով և արժեքավոր նվերներով։ Միջոցառման ավարտին նախարարը պատասխանեց աշակերտների տարաբնույթ հարցերին: