«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայտնի իրողություն է, որ Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում դատապարտյալների միջեւ գոյություն ունի հստակ հերարխիա: Ամենավերեւում կանգնածը տվյալ ՔԿՀ-ի «նայողն» է: Այս համակարգը, որպես կանոն, ՔԿՀ վարչակազմի կողմից հատուկ խրախուսվում է, եւ «նայողները», որպես կանոն, օժտվում են հատուկ արտոնություններով: Այս հերարխիայի միջոցով է ՔԿՀ-ում տեղի ունենում, այսպես կոչված, «սեւ փողերի» շրջանառությունը:
Այսինքն՝ եթե կա «նայողի» ինստիտուտը, ապա ՔԿՀ-ում չի կարող չլինել նաեւ կոռուպցիա: «Ժողովուրդ»-ը ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ, գեներալ-մայոր Արթուր Օսիկյանից փորձեց պարզել, թե իրենք ինչ են անում՝ ՔԿՀ-ներում ներքին հերարխիան եւ «սեւ փողերի» շրջանառությունը բացառելու համար:
«Մենք որեւէ ինստիտուտ զսպելու խնդիր չունենք, քանի որ մեզ համար բոլոր դատապարտյալներն օրենքի առաջ հավասար են»,- պատասխանել է Օսիկյանը: Իսկ «սեւ փողերի» երեւույթն էլ, ըստ նրա, վաղուց իսպառ վերացվել է: Իհարկե, լավ կլիներ, եթե այդպես լիներ, բայց արդյո՞ք իրականությունն այդպիսին է»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: