«Հայկական ժամանակ» թերթը գրում է. Վերլուծելով «Հայաստանի էլեկտրական ցանցերի» 2013 թվականի ներդրումային ծրագիրը՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հանգել է եզրակացության, որ շատ դեպքերում ՀԷՑ–ի ներկայացրած ծախսերն ուռճացված են։
«Հայկական ժամանակ»-ի ձեռքի տակ հայտնված փաստաթղթում ասվում է. «Ընկերության կողմից ձեռք բերված ապրանքների շուկայական գների մոնիթորինգը ցույց է տալիս, որ սարքավորումների ձեռք բերման գները միջինում 20 տոկոսով գերազանցում են շուկայականը»: ՀԷՑ-ի կողմից ձեռք բերված ծառայությունների գները, ըստ ՀԾԿՀ եզրակացության, գերազանցում են շուկայականը մոտ 14 տոկոսով:
Հանձնաժողովը նաև արձանագրել է որ ՀԷՑ-ի պատվերները կատարող այլ ընկերությունները, օրինակ հաղորդալարեր ու մալուխներ գնում են շուկայականից 30-40 տոկոսով թանկ գնով: Բայց այս իրավիճակը, հանձնաժողովի կարծիքով, ընդամենը աշխատանքների ոչ ճիշտ կազմակերպման հետևանք է ոչ ավելին։ Եվ ահա այսպիսի պատկեր աչքի առաջ ունենալով. ՀԾԿՀ-ն անցած տարվա օգոստոսին սեփական նախաձեռնությամբ բարձրացրեց էլէներգիայի սակագինը 4 դրամով։ Հիշեցնենք, առաջիկայում ՀԾԿՀ–ն քննարկելու է սակագինը արդեն 17 դրամով բարձրացնելու հարցը»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։