ՈՉ ՄԵԿԻ ՀԱՇՎԻՆ ՉԵՄ ԱՊՐՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Կայքերից մեկը հաճախ է անդրադառնում երգչուհի ՍՅՈՒԶԻ ՄԵԼԻՔՅԱՆԻ նորություններին, բայց ոչ թե դրական, այլ բացասական արձագանքներով: 
-Խնդիրը պարզ է, երգիչների անվան վրա տարբեր կայքեր փորձում են իրենց ռեյտինգը բարձրացնել: Ճիշտը որ ասեմ, ինձ համար այնքան էլ էական չեն իրենց գրառումները: Ես հասկանում եմ, որ իրանք իմ անունով իրանց ռեյտինգ են հավաքում: Ու եթե իրանք այդքան ընկած վիճակում են, որ պետք է բացասական գրառումներով վարկանիշ հավաքեն, թող անեն: Ինձ սիրողները սիրում են, չսիրողները` չեն սիրում: 
-Չե՞ք կապվել այդ կայքի խմբագրի հետ, վերջիվերջո, Ձեր անունն է շահարկվում:
-Այդ կայքի գլխավոր խմբագիրն իմ ֆեյսբուքյան ֆան էջի անդամ է, այսինքն՝ նախընտրում է լսել իմ երգերը: Պարզ է՝ ինչու են նման բաներ անում, դա գումար աշխատելու միջոց է, բայց եթե չափն անցնեն, ես այլ կերպ կարձագանքեմ: Հասկանում եմ, որ մարդիկ գումար աշխատելու համար իրենց սրբություններն են կորցնում, ես էլ ի՞նչ կարող եմ ասել:
-Օրեր առաջ նոր երգ եք ներկայացրել՝ “Մայրիկ”, որն այդքան էլ ջերմ ընդունելության չարժանացավ: Նույնիսկ երգահան Անուշ Ալեքսանյանն իր կարծիքն էր գրել, որ երգն իրեն չհուզեց:
-Անուշ Ալեքսանյանն ո՞վ ա: Առաջին անգամ եմ լսում նրա անունը: 
-Իսկապե՞ս, հայտնի երգահան է, բազմաթիվ հիթերի հեղինակ, համագործակցել է Նունե Եսայանի, Քրիստինե Պեպելյանի, Թաթայի, Մհերի, Ֆլորա Մարտիրոսյանի, Էռնա Յուզբաշյանի եւ այլոց հետ:
-Դե եթե ինքը կարծում է, որ իրեն չհուզեց, բնական է, իսկ եթե նրա մոտ պատվիրեի, կհուզե՞ր երգը: Նորմալ ա, լրատվամիջոցները մտածում են՝ ոնց անեն, որ իրանց մոտ շատ լինեն նյութերը, երգահանները՝ որ իրանց մոտ շատ երգեր պատվիրեն: Էս կյանքը պայքար է, ամեն մարդ էնպես ա անում, որ իր գործն առաջ գնա: Իրականում իմ երգը գրել է շատ տաղանդավոր երգահան Ռիչարդ Մադլենյանը: Ձեզ ասեմ, միայն լավի հետեւից են բացասական խոսում, որովհետեւ երբ մարդ իրենից բան չի ներկայացնում, նրա մասին չեն էլ խոսում: Ես գիտեմ, որ ունեմ լսողների իմ բանակը, ու ասենք՝ մի 20-30 հոգու քոմենտ գրելուց ոչինչ չի փոխվում: Խոսացողները շարունակում են խոսել: Մի բան էլ ասեմ, “Բենթլի”-ն վաճառել եմ, որովհետեւ բենթլիացավով շատ մարդիկ էին տառապում: Ես ոչ մեկի հաշվին չէի առել այդ ավտոմեքենան, ոչ մեկի հաշվին չեմ ապրում: Ինձ դուր չէին գալիս այդ խոսակցությունները, թե ամենաթանկ մեքենան Սյուզի Մելիքյանինն է: Նախ առաջինը ես ոչ մեկի գումարով չեմ առել դա, ինչ-որ բան չեմ խլել, ոչ մեկին անտուն չեմ թողել, որ քշեմ այդ ավտոմեքենան: Հիմա կարող եք հանգիստ շունչ քաշել, ես այդ ավտոմեքենան վաճառել եմ, ինձ էլ դուր չէր գալիս այն վարել:
-Իսկ ո՞վ էր գնել այդ մեքենան, թե՞ Դուք Ձեր հավաքած գումարով էիք ձեռք բերել:
-Իմ հավաքած գումարով հաստատ չէի կարողանա, հայրս էր գնել: 
-Հիմա ի՞նչ մեքենա եք ձեռք բերել: 
-Հասարակ մեքենա, որը վարում են շատ-շատ մարդիկ: Մակնիշը չեմ նշի, հիմա էլ դա կսկսեն քննարկել: Չեմ սիրում դատարկ խոսակցություններ: Էությամբ պարզ մարդ եմ՝ չնայած շատերին թվում է՝ գոռոզ եմ, երեւի դա նրանից է, որ ինձ հեռու եմ պահում իրենցից: Ինձ ճանաչող մարդիկ գիտեն՝ ես հասարակ մարդուց էլ հասարակ եմ ինձ պահում: 
-Դուք մասնագիտությամբ դիվանագետ եք, ինչո՞ւ որոշեցիք զբաղվել երգարվեստով: 
-Երգը ես ընտրել եմ 8 տարեկանից, իսկ դիվանագիտությունը՝ ավելի հասուն տարիքում: Երգն ինձ համար գումար վաստակելու միջոց չէ, դա այն է, ինչով ես ապրում եմ: 
Եթե չեմ սխալվում, հիմա սկսել եք նաեւ ակումբում աշխատել:
-Այո՛, սկսել եմ աշխատել մի քանի ակումբներում, երգում եմ նաեւ տարբեր միջոցառումներին, համերգներին, հրավերքներին: 
Սկզբում ծնողներս թույլ չէին տալիս ակումբում աշխատել, հետո հասկացան, որ իրականում այդ նույն ակումբներում մենք էլ ենք մեր ծնունդները կազմակերպում, դրա մեջ ոչ մի վատ բան չկա: 
-Ո՞ր ակումբներում եք աշխատում:
-“Ալշադի”, “N show”: Հետաքրքիր աշխատանք է ու շատ ուշ ժամերին չի ավարտվում, տեւում է մինչեւ 00:00-ն: Իմ աշխատանքն ինձ հաճույք է պատճառում, ես ինձ գնահատված եմ զգում: Իմ երկրպագուները գալիս են ինձ մոտիկից տեսնելու, լսելու: 
-Անձնականում ի՞նչ նորություններ կան:
-Դեռ չունեմ, բայց որ ունենամ, բոլորդ կիմանաք: 
ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ




Լրահոս