Ի՞նչ կապ կա ՀԷՑ-ի և Արտակ Շաբոյանի միջև

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայստանի էլեկտրական ցանցեր» ընկերության կողմից թանկարժեք ավտոմեքենաներ վարձելու պատմությանը «Ժողովուրդ»-ն անդրադարձել էր դեռ մայիսի 16-ի իր համարում: Այն բանից հետո, երբ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հրապարակեց սպառողին մատակարարվող էլէներգիայի թանկացման հայտը, դրանք ուսումնասիրելուց հետո պարզ դարձավ, թե այդ ընկերությունն ինչպես է գումարները փոշիացնում՝ մատուցելով, թե իբր վնասով է աշխատում, ուստի անհրաժեշտ է էլէներգիայի սակագինը բարձրացնել:

Մեր կողմից բերված օրինակներից մեկը` «Էկթրաք սերվիս» ՍՊԸ-ից աստղաբաշխական գներով թանկարժեք ավտոմեքենաներ վարձակալելու մասին պատմությունն էր, որ այս ընթացքում բավականին բուռն քննարկումների առիթ դարձավ:

Սակայն, որքան շարունակում ենք ավելի մանրամասն ուսումնասիրել այս ընկերության հետ կապված գործարքի պատմությունը, այնքան նորանոր փաստեր են ի հայտ գալիս:

Այսպես, «Էկթրաք սերվիս» ՍՊԸ-ի ավտոմեքենաների վարձակալության պայմանագիրը կնքվել է 2011 թվականի սեպտեմբերի 27-ին: «Էկթրաք սերվիս» ՍՊԸ-ի կողմից պայմանագիրը կնքել է ընկերության տնօրենը` Գ. Կարապետյան (Գեղամ Կարապետյան): Այս ընկերության հասցեն, ըստ պայմանագրի, նշված է Բագրատունյաց 54, իսկ բանկը` «Հայիմպեկսբանկ» ՓԲԸ: Նշված հասցեն գտնելու մեր բոլոր փորձերն անցան ապարդյուն: Պարզվում է՝ պայմանագրում նշված բանկը եւս գոյություն չունի: ՀՀ Կենտրոնական բանկի կողմից հրապարակված, Հայաստանում գրանցված եւ գործող բանկերի ցանկում «Հայիմպեկսբանկ» ՓԲԸ գոյություն չունի: Ավելին՝ նման անունով բանկի մասին որեւէ հիշատակում չկա նաեւ համացանցում, կամ այլ կերպ ասած՝ «Գուգլն» էլ նման բանկի մասին բան չի լսել:

Իսկ ինչ վերաբերում է «Էկթրաք սերվիս» ՍՊԸ-ին, մամուլում արդեն իսկ գրվել է այն մասին, որ այս ընկերության գրասենյակը տեղակայված է հենց անմիջապես ՀԷՑ-ի շենքում՝ Ա. Արմենակյան փողոցում: Գեղամ Կարապետյանը լրագրողներին ասել է, թե իբր իրենք ՀԷՑ-ից տարածք են վարձակալել: Այսինքն՝ ստացվում է՝ ՀԷՑ-ը ողջ հանրապետությունով մեկ տարածքներ է վարձակալում, բայց միաժամանակ ինքն էլ տարածք է վարձով տալիս: Այն էլ այն ընկերությանը, որից աստղաբաշխական գներով ավտոմեքենաներ է վարձակալում: Սակայն առավել ուշագրավ է այն հանգամանքը, որ ըստ www.construction.am «Հայկական գործարար տեղեկատվական կայքի»՝ «Էկթրաք սերվիս» ՍՊԸ-ի գործունեության ոլորտներն են՝ «արտաքին էլեկտրամոնտաժային աշխատանքներ, էներգետիկ կառույցների շինարարություն, ինչպես նաեւ հաղորդալարերի, մալուխների, Էլեկտրասարքավորումների ներմուծում»: Այսինքն՝ ստացվում է, որ ավտոմեքենաներ վարձով տալը «Էկթրաք սերվիս» ՍՊԸ-ի հիմնական գործունեության ոլորտը չէ, ավելին՝ կարելի է ասել, որ այս ընկերության համար այն հոբբի է, որի միջոցով մեկ պայմանագրով 259 մլն դրամ գումար են վաստակում:
Իսկ ինչ վերաբերում է այդ ընկերության հիմնական գործունեությանը, ապա այս դեպքում արդեն ՀԷՑ-ի հետ կապը լիարժեք հասկանալի է: Այսինքն՝ կարելի է ենթադրել, որ նույն «Էկթրաք սերվիս» ՍՊԸ-ի միջոցով ՀԷՑ-ը բազմաթիվ այլ գործարքներ է կնքում, որոնց մասին, սակայն, մենք առարկայական պատկերացում չեն կարող ունենալ, քանի որ նման բնույթի` շինարարությանը եւ ապրանքների ներկրմանը վերաբերող պայմանագրերը հայտին կից փաստաթղթերում չգտանք:

Ակնհայտ է, որ «Էկթրաք սերվիս» ՍՊԸ-ն «յուրահատուկ» ընկերություն է, եւ միայն այս կառույցի ամբողջ գործունեությունը բացահայտելու դեպքում բավական բան կարելի է իմանալ այն մասին, թե ինչպես են ՀԷՑ-ից գումարները հոսում տարբեր ուղղություններով:

Բայց վերը բերվածը եւս «Էկթրաք սերվիս» ՍՊԸ-ի ողջ հմայքը չի արտահայտում: Մեր տեղեկություններով՝ այդ ընկերության տնօրեն Գեղամ Կարապետյանը, որը ներկայումս նաեւ սեփականատերն է, ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանի քենակալն է («բաջանաղը»): Երեկ, երբ փորձեցինք հենց Գեղամ Կարապետյանից այս տեղեկությունը ճշտել, վերջինիս հեռախոսահամարին պատասխանող անձն ասաց, որ ինքը «Էկթրաք սերվիս» ՍՊԸ-ի տնօրենի վարորդն է. «Հեռախոսը թողել է իմ մոտ, որ ես պատասխանեմ, որովհետեւ ինքն այս պահին քաղաքում չէ»,- ասաց անձը, ով ներկայացավ իբրեւ Կարապետյանի վարորդ: Իսկ երբ նրանից հետաքրքրվեցինք, թե ճիշտ է, որ Գեղամ Կարապետյանը ՏՄՊՀ-ի նախագահ Արտակ Շաբոյանի քենակալն է, նա պատասխանեց. «Ես նման ինֆորմացիա չունեմ, ես չգիտեմ, անձնական կապերից տեղյակ չեմ»: Իհարկե, մենք փորձեցինք այս տեղեկությունը նաեւ ՏՄՊՀ-ից ճշտել, սակայն ապարդյուն. հանձնաժողովի հայտնի հեռախոսահամարները չէին պատասխանում, իսկ մամուլի քարտուղարի բջջային էլ անհասանելի էր:

Այսպիսով կարող ենք արձանագրել, որ միայն այս մի «խողովակով» ՀԷՑ-ը միլիոնավոր դոլարներ է «դուրս հանում»: Բայց դա նրանց չի բավարարում, եւ ցանկանում են ավելին ունենալ եւ այդ գումարները հետ վերադարձնեն մեր բոլորի գրպաններից՝ էլեկտրաէներգիայի թանկացման տեսքով:

Ի դեպ, օրեր առաջ հայտնի դարձավ, որ ՀԷՑ-ը սակագնի 41.85-ից 58.93 դրամ թանկացման համար լրացուցիչ հիմնավորումներ է ներկայացրել Ռոբերտ Նազարյանի ղեկավարած հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ




Լրահոս