«Այսօր չի ստեղծվում հերթական կուսակցություն». մեկնարկել է «Քաղաքացիական պայմանագիր»-ի համագումարը (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս պահին ընթանում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդրանիկ համագումարը: Համագումարին ներկա են կուսակցության պատվիրակները` 200-ից ավելի մարդ: ՀՀ օրհներգի հնչյունների ներքո համագումարի բացումից հետո ելույթով հանդես եկավ կուսակցության անդամ, ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

Նա նշեց, որ շուրջ երկու տարի տևած քննարկումներից հետո նոր կուսակցություն են ստեղծում, որի ռազմավարական նպատակը ՀՀ-ի բնակչության թվի կրկնապատկումն է և երկրի բովանդակային վերակառուցումը:

«Կարող է  հարց ծագել` ինչու ստեղծել հերթական կուսակցություն, մենք էլ ենք այդ հարցը մեզ տվել: Այսօր չի ստեղծվում հերթական կուսակցություն, այլ այնպիսին, որը երկար ժամանակ չի մնա ընդդիմության շարքերում, այլ կստանձնի պետական իշխանությունը: Մենք պատրաստվում ենք ոչ թե խոստանալ իշխանափոխություն և հետո բացատրել, թե ինչու չեղավ, այլ ներկայացնել, թե մինչ այժմ ինչու են ձախողվել իշխանափոխության բոլոր պրոցեսները», – նշեց նա:

Փաշինյանը նշեց, որ իրենք ժողովրդին չեն տանելու դեպի պարտություն: «Անկախ խոստումների քանակից, իշխանափոխություն տեղի չի ունենա, քանի չի ձևավորվել ինստիտուցիոնալ ընդդիմություն», – հավելեց նա:

Փաշինյանը հայտարարեց, որ իրենց նպատակն է մասնակցել ընտրությունների, ստանձնել ժողովրդի վստահությունը, հաղթել ընտրություններում և ստեղծել այնպիսի երկիր, որ բնակչության մոտ հարց չծագի, թե որտեղ ապրել:




Լրահոս