Այլևս ակնհայտ է, որ ՀՀ իշխանությունները դեմ չեն, որպեսզի խորհրդարանի ընտրությունները տեղի ունենան համամասնական ընտրակարգով: Սահմանադրական փոփոխությունների հայեցակարգում խորհրդարանի կազմավորման հարցում հիմնական շեշտը հենց այդ սկզբունքի վրա է դրված, մյուս կողմից էլ բոլոր այն քաղաքական ուժերը, որոնք սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ կարծիք են ներկայացրել սահմանադրական փոփոխությունների տեքստը մշակող հանձնաժողովին, նույնպես պնդում են, որ պետք է անցում կատարել 100 տոկոս համամասնական ընտրակարգին:
Հիշեցնենք, որ համամասնական ընտրակարգը այն տարբերակն է, երբ ընտրողը քվեարկում է կուսակցությունների օգտին: Սակայն հանրահայտ փաստ է նաեւ, որ ներկա իշխանական բուրգի անկյունաքարերից մեկը հենց մեծամասնական ընտրակարգով ընտրություններն են: Դրա շնորհիվ տարածքային օլիգարխ-ֆեոդալները հա՛մ իրենց «ընտրության» հարցերն են լուծում, հա՛մ էլ իշխանական` ՀՀԿ-ին (նախկինում՝ նաեւ ԲՀԿ-ինը): Եթե օլիգարխ-ֆեոդալների անձնական մոտիվացիան մեջտեղից դուրս գա, ապա իշխանությունների համար վտանգավոր կարող է լինել:
Օլիգարխ-ֆեոդալները կարող են «սրտանց չաշխատել» եւ տապալել ընտրությունները: Հենց այս հանգամանքն է պատճառը, որ նախորդ ԱԺ ընտրություններից առաջ, երբ բոլոր կուսակցությունները միաբերան պահանջում էին անցնել 100 տոկոս համամասնականի, ՀՀԿ-ն ատամներով կառչել էր ներկայիս համ-համ տարբերակից, որտեղ մանդատներից 41 բաշխվում են մեծամասնականով, իսկ մնացած 90-ը` համամասնականով:
Սակայն, պարզվում է, իշխանություններն արդեն որոշել են, թե ինչպես անեն, որպեսզի ԱԺ-ն կազմավորվի 100 տոկոս համամասնական ընտրակարգով, բայց միաժամանակ օլիգարխ-ֆեոդալներն անձնապես շահագրգռված լինեն իշխանություններին «ձայնով» ապահովելու գործում:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ իշխանությունները պլանավորում են անցում կատարել, այսպես կոչված, համամասնա-մեծամասնական համակարգին: Այս համակարգի դեպքում ընտրողը քվեարկում է կուսակցության օգտին, բայց կոնկրետ թեկնածուի դեմքով: Այլ կերպ ասած՝ Կուսակցություններն ընտրատարածքներում պատգամավորի թեկնածու են առաջադրում, եւ ընտրողը նրանց օգտին քվեարկելով՝ քվեարկում է այն կուսակցության օգտին, որը առաջադրել է տվյալ թեկնածուին:
Իշխանությունները ենթադրում են, որ այս տարբերակով օլիգարխ-ֆեոդալները քվե «ապահովվելու» հարցում անձնապես մոտիվավորված լինեն եւ իրենց «ընտրությունը» կազմակերպելով՝ կլուծեն նաեւ իրենց նման պայծառ կյանքով ապահոված ՀՀԿ-ի իշխանության պահպանման խնդիրը:
Սահմանադրական փոփոխությունները նախապատրաստող մասնագիտական հանձնաժողովի անդամ, ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հաստատեց նման տարբերակի քննարկելու հանգամանքը: Նախ Դավիթ Հարությունյանն ասաց, որ ինքը չի կարծում, որ համամասնական ընտրությունների կոնկրետ ձեւը պետք է հենց սահմանադրությամբ սահմանվի, եւ որ այդ հարցը սահմանադրական կարգավորման հարց չպիտի լինի: Այսինքն՝ Սահմանադրությամբ պետք է կարգավորվի միայն այն հանգամանքը, թե խորհրդարանական ընտրություններն ինչ ընտրակարգով են տեղի ունենում՝ համամասնական եւ մեծամասնական, թե միայն համամասնական:
Իսկ ինչ վերաբերում է համամասնական ընտրակարգի՝ վերը նկարագրված տարբերակին, այս առնչությամբ Դավիթ Հարությունյանն ասաց. «Դա քննարկվող տարբերակներից մեկն է, բազմաթիվ տարբերակներ են քննարկվում, այդ թվում նաեւ՝ ձեր կողմից նշվածը»:
Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ իշխանությունները, չնայած սահմանադրական փոփոխություններով կամրագրեն, որ խորհրդարանը միայն համամասնական ընտրակարգով է կազմավորվելու, սակայն հետագայում, արդեն, ՀՀ ընտրական օրենսգրքով կկոնկրետացնեն, թե համամասնական ընտրակարգի հատկապես որ ձեւով են այդ ընտրությունները տեղի ունենալու: Իսկ երբ ընդդիմադիր կուսակցությունները սկսեն բողոքել եւ կասեն, որ այդ տարբերակը աղավաղում է համամասնական ընտրությունների էությունը, իշխանական մասնագետները միջազգային փորձից մեջբերումներ կանեն, հետո կասեն, որ ընտրողը կուսակցությունից բացի՝ նաեւ իր անձնական պատգամավորը պետք է ունենա, օրինակ` մարզերի ընտրողն այդպիսով հնարավորություն կունենա իր մարզից առաջադրված թեկնածուների օգտին քվեարկել եւ այսպես շարունակ: Արդյունքում կարող է ստացվել, որ չնայած սահմանադրական փոփոխություններով ԱԺ-ի կազմավորման ձեւը փոխվում է եւ ամրագրվում, որ այն պետք է միայն համամասնական ընտրակարգով լինի, բայց էության մեջ ոչինչ չի փոխվում:
ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ