«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Երեւանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետ ընդունվելու համար 15.500 դոլար տալու փաստի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է, եւ գործն ուղարկվել է կողմերին՝ ծանոթանալու համար:
Հիշեցնենք՝ «Ժողովուրդ»-ը գրել էր, որ 2014թ. նոյեմբերի 23-ին ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում 4 անձի մեղադրանք էր առաջադրվել: Ըստ մեղադրական փաստաթղթի՝ Երեւանի բնակիչ Լիլիաննան ցանկացել էր, որ իր որդին` Գրիգոր Սիմանյանը, ընդունվի Երեւանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետ: Քաղաքացի Հրաչ Չփլախչյանը, տեղեկանալով կնոջ այդ երազանքի մասին, որոշել էր օգնել նրան: Ավելի ուշ Հրաչը Լիլիաննային ասել էր, թե «գործը գլուխ» բերելու համար հարկավոր կլինի 15.500 դոլար:
Լիլիաննան էլ, լսելով կլորիկ գումարի մասին, տվել էր իր համաձայնությունը. միայն թե որդուն ԵՊՀ ուսանողի կարգավիճակում տեսնի: Հրաչ Չփլախչյանը Լիլիաննայի որդու գործը կազմակերպելու համար որպես միջնորդ էր ընտրել քաղաքացիներ Լավրենտ Քոսյանին եւ ոմն Լեւոնի: Եւ, ահա, այս Լավրետն ու Լեւոնը գումարը վերցրել եւ հափշտակել էին՝ Լիլիաննայի որդուն թողնելով բախտի քմահաճույքին:
Լավրենտ Քոսյանն ու Լեւոնն այժմ կալանքի տակ են: Մեղադրանք է առաջադրվել նաեւ կաշառք տվողներին: Լիլիաննան եւ Հրաչ Չփլախչյանը կատարվածի համար պետք է պատասխանատվություն կրեն: Եվ այսպես, Հրաչ Չփլախչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-րդ հոդվածով` (հանցափորձ եւ 313-րդ հոդվածի` պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալը կամ առաջարկն ընդունելը պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով) հատկանիշներով: Իսկ Լիլիաննային մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34 (հանցափորձ) եւ 312 հոդվածի հատկանիշներով:
Մեզ մնում է սպասել դատարանի վճռին՝ հասկանալու համար, թե իր կյանքի գնով որդուն ուսանող դարձնելու մայրական ձգտումն ի՞նչ իրավական գնահատականի կարժանանա արդարադատության համակարգում: Եւ ամենակարեւորը՝ ի՞նչ պատիժ կկրեն երիտասարդի կյանքի հետ «խաղ արած» Լավրենտն ու Լեւոնը՝ իրենց միջնորդի հետ միասին:
Քնար Մանուկյան