Եւ այսպես` ԲՀԿ-ում երկար մտածեցին, մտածեցին, հույժ գաղտնի քաղխորհրդի նիստերում քննարկեցին եւ ի վերջո գտան իրավիճակից դուրս գալու հնարավորինս գաղափարական ելքը: Պարզվեց, որ ԲՀԿ-ի մանկության վարդագույն երազանքն է եղել անցումը 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին ու խորհրդարանական համակարգին, ինչի համար էլ ԲՀԿ-ն կոնսուլտացիաների է հրավիրում քաղաքական ուժերին: Կուսակցության քարտուղարի մակարդակով տարածված այս հայտարարությունն ի սկզբանե ՀՀԿ-ականները լուրջ չընդունեցին` այն դասելով ԲՀԿ-ում ընդունված «անձնական կարծիքների» թվին, սակայն տեսնելով, որ, ի տարբերություն իրենց, մնացած ուժերը` ՀՅԴ-ն, «Ժառանգություն»-ը եւ անգամ ՕԵԿ-ը, պատրաստ են մասնակցել ԲՀԿ-ի նախաձեռնած կոնսուլտացիաներին, օրվա վերջում ՀՀԿ-ականներն արդեն իսկ հանդես եկան բավական կոշտ հայտարարությամբ` Էդուարդ Շարմազանովի շուրթերով: Վերջինս նախ` հստակ ակնարկեց, որ այդ «հանկարծահաս» առաջարկությունը մշակվել է Ռոբերտ Քոչարյանի գրասենյակում, ապա եւ` նախազգուշացրեց, որ քաղաքական ուժերը կդիմակազերծվեն. «Հիմա արդեն ավելի ակնառու կլինի քաղաքական դաշտի բոլոր խաղացողների իրական դեմքը՝ հետեւելով այս հարցի շուրջ նրանց քայլերին»: Այս ակնհայտորեն նյարդային արձագանքը կարող է երկու բան նշանակել. կա՛մ ՀՀԿ-ում իսկապես լրջորեն անհանգստացած են ԲՀԿ-ի այս քայլով, կա՛մ էլ, իրականում, այդ ամենը շատ լավ պլանավորված խաղ է, եւ ՀՀԿ խոսնակի կոշտ արձագանքն ընդամենը նպատակ ունի խաղին հավաստիություն հաղորդել: Ի վերջո, 100 տոկոսով համամասնական ընտրակարգին անցումն այս պահին որեւէ կերպ չի վտանգի Սերժ Սարգսյանի իշխանությունը, իսկ խորհրդարանական համակարգն էլ, հակառակը, կարող է շահեկան լինել 2018-ին այլեւս առաջադրվելու հնարավորություն չունեցող Սերժ Սարգսյանի համար: ԲՀԿ-ն եւս այս ընտրություններում ցանկանում է լուծել իր հետագա` 2018թ. քաղաքական ճակատագիրը: Ուստի դրա համար նախաձեռնելով խորհրդարանական ուժերի համար ընդունելի գաղափարների շուրջ համախմբման գործընթաց` փորձ է անում լավագույն դեպքում՝ իր շուրջը կոնսոլիդացնելով ՀՅԴ-ին, ՀԱԿ-ին եւ «Ազատ դեմոկրատներ»-ին՝ հանդես գալ սեփական թեկնածուով, որն արդեն կլինի ընդդիմադիր դաշտի միասնական թեկնածուն, իսկ վատագույն դեպքում` իր համար գաղափարական շղարշ ստեղծելով` Ս. Սարգսյանի հետ քաղաքական առեւտրում առավել մեծ պահանջներ առաջադրել: Թե որքանով արդյունավետ կլինի ԲՀԿ-ի այս մարտավարությունը, ցույց կտա ժամանակը: Սակայն այսօր արդեն կարելի է պնդել, որ եթե խորհրդարանական համակարգի համար տարիներ շարունակ պայքարող քաղաքական ուժերն այդ հարցում համախմբվեն ԲՀԿ-ի շուրջ, դրանով նրանք միայն կկորցնեն: Քանզի բոլորն էլ շատ լավ հիշում են, թե ինչպես ընդամենը 9 ամիս առաջ 100 տոկոսով համամասնական ընտրակարգի անցման հարցում ԲՀԿ-ն նախ միացավ ՀՅԴ-ի, «Ժառանգության» եւ ՀԱԿ-ի պահանջին, ապա քվեարկության ժամանակ «թռավ»: Ուստի կոնսուլտացիաների հրավերքն ընդունելուց առաջ լավ կլինի՝ այդ քաղաքական ուժերը մտածեն` արժե արդյոք դառնալ ԲՀԿ-ի գործիքը:
ԿԴԱՌՆԱՆ ԳՈՐԾԻՔ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ