Սերժ Սարգսյանը «քցեց» Կարեն Ավագյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղում հունիսի 7-ին կայանալիք գյուղապետի ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած 5 թեկնածուներից մեկը ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Ավագյանի հորեղբայրն էր, որը, սակայն, ինքնաբացարկ է ներկայացրել: Ակունքի գյուղապետի տեղակալի պաշտոնը զբաղեցրած Գրիշա Ավագյանի այս որոշումը ակունքցիներին անակնկալի է բերել, քանի որ նրանց համար հասկանալի չէ, թե ինչու պետք է Սերժ Սարգսյանի սիրելին համարվող Կարեն Ավագյանի հորեղբայրն ընտրապայքարի կեսից դուրս գար: Ավելին՝ ակունքցիները վստահ էին, որ այս ընտրություններում կհաղթի հենց Գրիշա Ավագյանը: Եվ հիմա ստացվում է, որ Սերժ Սարգսյանը քցել է իր սիրելի Կարեն Ավագյանին:

Ի դեպ, այս ՀՀԿ-ական երիտասարդը հայտնի է նաեւ իր հարազատներին այս կամ այն պետական կառույցում աշխատանքի տեղավորելով: Սակայն այս անգամ, փաստորեն, չստացվեց սեփական հորեղբորը գյուղապետ դարձնել: Գրիշա Ավագյանի ինքնաբացարկից զարմացած ակունքցիների համոզմամբ` նրա նկատմամբ ճնշում է գործադրվել, ինչի արդյունքում էլ թեկնածուն կիսատ է թողել ընտրապայքարը եւ հետ վերցրել փաստաթղթերը:

Ինքը՝ Գրիշա Ավագյանը, սակայն, հակառակը պնդեց. «Իմ որոշումն է եղել: Ես այն մարդն եմ, որ իմ վրա ոչ մի տեսակի ճնշում չեն կարող գործադրել»: «Ժողովուրդ»-ը նրանից հետաքրքրվեց, թե Կարեն Ավագյանն այս հարցով ինչու չօգնեց հորեղբորը: «Ես Կարենի հետ այս թեմայի շուրջ ոչ մի խոսակցություն չեմ ունեցել, նա էլ ինձ ոչ մի տեսակի առաջարկով չի դիմել: Թե ում սիրելին է նա, ես չգիտեմ, բայց իմ անձնական կարծիքն եմ ունեցել ինքնբացարկ հայտարարելիս եւ պահից ելնելով՝ դա արել եմ: Ինքը տեղյակ էլ չէ, թե ինչ է եղել»,- վստահեցրեց ՀՀԿ-ական պատգամավորի հորեղբայրը:
Ավագյանի ինքնաբացարկ հայտարարելուց հետո ակունքցիները մեծ հույսեր ունեն, որ այս տարի ինչ-որ փոփոխություն կլինի, եւ գործող գյուղապետ Արծրուն Ղարիբյանը չի վերընտրվի. նրանք պնդում են, որ Ղարիբյանը այս 11 տարիների ընթացքում ոչինչ չի արել գյուղի համար: Մեզ հետ զրուցած ակունքցիների խոսքով` այժմ հիմնական ընտրապայքարն ընթանում է գործող եւ նախկին գյուղապետերի` Արծրուն Ղարիբյանի եւ ԲՀԿ-ական թեկնածու Ստեփան Ղազարյանի միջեւ:

«Ստեփան Ղազարյանից ես գյուղը ավերված ու քանդված եմ վերցրել, հազիվ կարողացել եմ խելքի բերել: Գյուղում Ղարիբյանն այնքան ծրագրեր է իրականացրել, սիրելիս: Ասե՞մ ինչ եմ արել գյուղի համար: Մանկապարտեզի շենքն եմ վերանորոգել, մշակույթի տունը քայքայված, ավերված վիճակում էր, դա ենք վերանորոգել, կոմբայն, տրակտոր ենք ձեռք բերել, տասնյակ կիլոմետրերով ջրագիծ ենք քաշել: Եւ այս ամենը Կառավարության եւ գյուղապետարանի համատեղ ջանքերով»,- «Ժողովուրդ»-ին իր կատարած աշխատանքը ներկայացրեց գործող գյուղապետը:

Մեր հարցին, թե ինչպես է «համոզում» բնակիչներին իրեն ընտրել, Ղարիբյանը պատասխանեց. «Ես Սերժ Սարգսյանի կողմից եմ առաջադրվել: Ես ինձ թույլ չեմ տա մտնել մարդկանց տներն ու ձայն մուրալ: Իրենք առաջին անգամ են քաղաքականության մեջ, մտնում են մարդկանց տները ու խաբելով խոստումներ են տալիս: Իսկ իմ ճակատը ժողովրդի առաջ բաց է, խիղճս հանգիստ է, ձեռքերս էլ՝ մաքուր»,- արդարացավ Ղարիբյանը:

Ավելի ուշ «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ Ակունքի գյուղապետի ընտրությունների շուրջ գաղտնի հանդիպում-քննարկում է եղել Վարդենիսի քաղաքպետ Վոլոդյա Խլոյանի աշխատասենյակում՝ վերջինիս, մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի եւ Ակունքի գյուղապետ Ղարիբյանի մասնակցությամբ: Հենց այս հանդիպման ընթացքում էլ Ղարիբյանին հայտնել են, որ իր վերընտրության հարցն արդեն որոշված է: Այս տեղեկությունը ճշտելու նպատակով «Ժողովուրդ»-ը զրուցեց մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի հետ:

-Պարո՛ն Գրիգորյան, մեր տեղեկություններով՝ Վարդենիսի քաղաքապետի աշխատասենյակում Ձեր, Խլոյանի եւ Արծրուն Ղարիբյանի միջեւ քննարկում է եղել, որի ընթացքում Դուք Ղարիբյանին հայտնել եք, որ արդեն որոշված է, որ նա վերընտրվելու է: Ի՞նչ կասեք այս մասին:

-Տեղեկատվությունը ճիշտ չէ: Նման քննարկում չի եղել, բայց առաջիկայում եթե ես այդ թեմայով քննարկում անցկացնեմ, ապա դա գաղտնի կլինի, քանի որ նա ՀՀԿ-ի կողմից պաշտպանված թեկնածու է: Այս շաբաթվա ընթացքում ես կքննարկեմ, բայց կուսակցության մարզային գրասենյակում:

-Երեկ պարզ դարձավ, որ առաջադրված թեկնածուներից Գրիշա Ավագյանը ինքնաբացարկ է հայտարարել: Խոսակցություններ կան, որ նրա նկատմաբ ճնշում են գործադրել, ինչի արդյունքում էլ նա ստիպված հետ է վերցրել փաստաթղթերը:

-Դա իր ցանկությունն է: Երեկ վերջին օրն է եղել, եւ տարբեր ընտրատարածքներում մարդիկ են եղել, ովքեր ցանկություն չեն ունեցել շարունակելու եւ հրաժարվել են: Նաեւ գիտակցում են, որ ֆինանսական միջոցներ են գրավադրել, եւ եթե չհրաժարվեին, ապա չէին ստանա դրանք: Կարծում եմ՝ դրա հետ է կապված: Թե չէ ոչ մի ճնշում չի գործադրվել Ավագյանի նկատմամբ:

-Պարո՛ն Գրիգորյան, իսկ ճիշտ է, որ անձամբ Սերժ Սարգսյանն է որոշել, որ Ակունքի գործող գյուղապետը պետք է վերընտրվի:

-Տեղական ընտրությունների խնդիրը, ընդհանուր առմամբ, ոչ միայն գյուղական, այլ քաղաքային մասշտաբով, կուսակցության գործադիր մարմնում կամ խորհրդում չի քննարկվում: Խնդիրները քննարկվում են շրջանային խորհրդում, մինչեւ անգամ ես՝ որպես մարզային խորհրդի նախագահ, ինձ մոտ այդ հարցը չեմ քննարկել: Եւ շրջանային խորհուրդը որոշում է կայացրել պաշտպանել գործող գյուղապետ Արծրուն Ղարիբյանի թեկնածությունը:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս