«Իջևանի» ԲԿ-ի տնօրենի մրցույթին մասնակցել է միայն «Նոյեմբերյանի» ԲԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 27-ին Տավուշի մարզպետարանում կայացել է «Իջեւանի բժշկական կենտրոն» ՓԲԸ տնօրենի թափուր տեղի համար մրցույթը: Տավուշի մարզպետարանի սոցիալական ապահովության եւ առողջապահության վարչության պետ Կարինե Դովլաթբեկյանից տեղեկացանք, որ մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթեր են ներկայացրել 5 թեկնածու՝ Իջեւանի ԲԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Համլետ Չոբանյանը, նույն բժշկական կենտրոնի տնօրենի բուժական գծով նախկին տեղակալ, 1996-1998 թվականներին Տավուշի մարզպետարանի առողջապահության բաժնի պետ Նարինե Թումանյանը, Իջեւանի տարածաշրջանի Խաշթառակ գյուղի «Առողջության առաջնային պահպանման կենտրոնի» տնօրեն Վաղինակ Անանյանը, նույն տարածաշրջանի Աչաջուր գյուղի «Առողջության կենտրոնի» տնօրեն Ռուզաննա Գրիգորյանը եւ ՀՀ սպորտի նախարարության բժշկական ծառայության բաժնի պետ Նարեկ Վանեսյանը:

Կ. Դովլաթբեկյանն ասաց, որ 5 հավակնորդներից մրցույթին մասնակցել է 4-ը, իսկ Վաղինակ Անանյանը մրցույթին չի ներկայացել: Մրցույթի բոլոր 4 թեկնածուներն էլ հաջողությամբ են մասնակցել եւ ստացել դրական միավորներ: Ըստ օրենքի՝ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը եռօրյա ժամկետում նրանցից մեկին պետք է նշանակի Իջեւանի ԲԿ-ի տնօրեն: Քանի որ եռօրյա ժամկետն ավարտվում է մայիսի 30-ին, որն աշխատանքային օր չէ, մարզպետի որոշման մասին կտեղեկանանք հունիսի 1-ին:
Ի տարբերություն Իջեւանի ԲԿ-ի՝ Նոյեմբերյանի ԲԿ-ի տնօրենի ընտրության արդյունքը կանխատեսելի էր:

Մրցույթին մասնակցել է միայն Նոյեմբերյանի ԲԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արթուր Գաբրիելյանը, ով ընտրվել է նշված բժշկական կենտրոնի տնօրեն: Տավուշի մարզպետարանի սոցիալական ապահովության եւ առողջապահության վարչության պետ Կարինե Դովլաթբեկյանից հետաքրքրվեցինք, թե ինչո՞վ է պայմանավորված, որ Իջեւանի ԲԿ-ի տնօրեն են ցանկացել դառնալ 5 հոգի, իսկ Նոյեմբերյանի հիվանդանոցի տնօրենի թափուր պաշտոնի համար մրցակցություն չկար: Նա պարզաբանեց, որ Իջեւանը Տավուշի մարզկենտրոնն է, այդտեղ առողջապահական ծառայություններ ստացող բնակիչների թիվն ավելի մեծ է, ուստի եւ ԲԿ-ի տնօրենի գործը՝ ավելի հրապուրիչ:

Հավելենք, որ Իջեւանի բժշկական կենտրոնի նախկին տնօրեններ Վազգեն Մարգարյանի եւ Հրաչյա Ներսիսյանի ֆինանսատնտեսական գործունեության վերաբերյալ քրեական գործեր են հարուցված, որոնց քննությունն ընթանում է ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզի քննչական բաժնում:

Ոսկան Սարգսյան




Լրահոս