Ինչու Ալավերդիի քաղաքապետը չի առաջադրվել առաջիկա ընտրություններին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 7-ին Հայաստանի 17 գյուղերում եւ 3 քաղաքներում կկայանան ՏԻՄ ընտրություններ: Արդեն այսօր պարզ է, որ որոշ համայնքներում ընտրապայքարը լինելու է աննախադեպ թեժ: Կոտայքի մարզի Աբովյան քաղաքից բացի՝ նման պայքար է սպասվում նաեւ Լոռու մարզի Ալավերդի քաղաքում:

Նշենք, որ Ալավերդիում առաջադրված է երկու թեկնածու՝ Սանահինի մեքենայացված գծային ուղեմասի պետ Կարեն Փարեմուզյանը եւ «Սթրոնգ սթոուն» ՍՊԸ-ի տնօրեն Արթուր Աբգարյանը: Իսկ, ահա, գործող քաղաքապետն այս անգամ չի առաջադրել իր թեկնածությունը: Ալավերդցիներից շատերը կարծում են, որ ընտրություններում կհաղթի Կարեն Փարեմուզյանը, քանի որ նա համարվում է Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի «մարդը»: Նկատենք, որ Ալավերդիի գործող քաղաքապետ Արտավազդ Վարոսյանը 2011 թվականի քաղաքապետի ընտրությունների ժամանակ նույնպես համարվում էր մարզպետի «մարդը»: Նա Նալբանդյանի տեղակալն էր, երբ վերջինս Ալավերդիի քաղաքապետն էր: Իսկ երբ Նալբանդյանը նշանակվեց մարզպետ, Վարոսյանն անարգել ստանձնեց Ալավերդու քաղաքապետի պաշտոնը:

«Ժողովուրդ»-ը զրուցեց Ալավերդիի քաղաքապետ Արտավազդ Վարոսյանի հետ եւ հետաքրքրվեց, թե ինչու այս անգամ չի առաջադրել իր թեկնածությունը: «Ցանկություն չունեմ: Դա արդեն փակված թեմա է: Արդեն գրանցված թեկնածուներ կան, ընտրարշավն ընթանում է, ավելին՝ այն եռուն շրջանում է: Նոր բան չեմ կարող ասել»,- ներկայացրեց քաղաքապետը:

Իսկ այն հարցին, թե ինչով է զբաղվելու քաղաքապետի պաշտոնից հեռանալուց հետո, Վարոսյանը պատասխանեց. «Պարտադիր չէ անձնական բիզնեսով զբաղվեմ: Իմ ցանկությունն է մասնավոր հատվածում, ձեռնարկությունում աշխատել: Ես ուզում եմ իմ աշխատանքային գործունեությունը շարունակել այլ ոլորտում, մասնավոր հատվածում»:

Ա. Վարոսյանը նաեւ նշեց, որ այս ընտրություններում սատարելու է ՀՀԿ-ական թեկնածուին: «Բնական չէ՞, որ կսատարեմ ՀՀԿ-ական թեկնածուին: Եթե ես Հանրապետական կուսակցության շրջանի կազմակերպության ղեկավարն եմ, ուրեմն սատարելու եմ ՀՀԿ-ի կողմից առաջադրված թեկնածուին՝ Կարեն Փարեմուզյանին»:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս