«Վիտամին» ակումբն այժմ ստեղծագործական դադարի մեջ է, սակայն վիտամինցիները վստահեցնում են, որ իրենց հումորային պաշարը չի սպառվել, պարզապես մի փոքր հանգստի կարիք ունեն: Ակումբի անդամ Արմուշը (Արման Խաչատրյան) «Ժողովուրդ»-ի հետ զրուցել է իրենց ծրագրերի, ակումբում արգելված թեմաների մասին: Նա պատմել է, որ եղել են դեպքեր, երբ հյուրերը հումորով չեն վերաբերվել իրենց կատակներին եւ նեղացել են: Արմանը բացահայտել է նաեւ հավերժ երիտասարդ մնալու իր գաղտնիքները:
-Հիմա, երբ «Վիտամին» ակումբը դադար է վերցրել, ավելի են շատացել խոսակցություններն այն մասին, որ գուցե ակումբը սպառել է հումորի իր պաշարը եւ այլեւս նոր ասելիք չունի, ի՞նչ կասեք:
– Մեզ մոտ այժմ դադարի շրջան է, ամռանը կհանգստանանք, հետո կվերադառնանք եթեր, սեպտեմբերին արդեն կմտածենք նոր ծրագրեր իրականացնելու մասին: Պարզապես տարիներ շարունակ ամեն շաբաթ նոր ծրագրով ենք հանդես եկել եւ այժմ հանգստի կարիք ունենք, այսպես ասած` «ռեստարտ» ենք լինում (ծիծաղում է), բայց, ինչ խոսք, առաջիկայում կլինեն նորություններ: Մեր ակումբը չի դադարելու ստեղծագործել եւ ներկայանալ հետաքրքիր համարներով: Մենք ամեն տարի ունենում ենք նաեւ արտերկրից հրավերներ: Հիմա էլ կա հրավեր ԱՄՆ-ից. բանակցությունների փուլում ենք:
-Իսկ միայն ակումբի շրջանակներում հանդես գալով՝ հնարավո՞ր է նորմալ գումար աշխատել, թե՞ այլ գործունեություն էլ եք ծավալում:
-Դե, «Վիտամին»-ը մեր «ծառն» է, որն ունի պտուղներ. դրանք մեր համերգներն են, կոորպորատիվ միջոցառումները, գովազդային նկարահանումները. մենք չենք կարող մի ծրագրի հույսին մնալ, հատկապես, երբ մեր թիմը մեծ է, իսկ Հայաստանում հումորային ծրագրերի բյուջեն այնքան մեծ չէ, որ միայն տվյալ ծրագրով զբաղվենք:
-«Վիտամին»-ում կա՞ արգելված թեմա, որին որոշել եք երբեւէ չանդրադառնալ:
-Մենք ի սկզբանե որոշել ենք քաղաքականությանն առնչվող թեմաների չանդրադառնալ. դա մեր ձեռագիրը չէ: Հայերիս կենցաղն առանց այդ էլ շատ հագեցած է, պետք չէ այն է՛լ ավելի ծանրացնել, մեզ, այսպես ասած, ժողովրդի ծոցից դուրս եկած հումորներն են հոգեհարազատ:
-Իսկ եղե՞լ են այնպիսի դեպքեր, որ հյուրերը նեղացած գնան ակումբից:
-Ամեն ինչ էլ լինում է. Հայաստանում ենք, չէ՞, բարդ մարդիկ ենք, բարդ ազգ ենք, դա երեւի մեր այբուբենից է, որտեղ բաղաձայնները գերակշռում են (ծիծաղում է): Լինում են դեպքեր, որ հյուրերը նեղացած են գնում, հումորով չեն վերաբերվում հումորին, անձնականացնում են, բարդույթավորվում էլ են, հետո հասկանում են, որ հումորն ուղղակի հումոր է: Մարդիկ պետք է սովորեն ընդունել հումորը, ոչ թե մտածեն, որ «տժժում ենք» կամ ձեռք ենք առնում իրենց: Երեւի մեր ազգը շատ տխրություններ է տեսել, դժվարություններ է տարել, բացի այդ` երկրի վիճակից ելնելով` մարդիկ չարացած են: Նրանց խորհուրդ կտամ ավելի թեթեւ ապրել, չարությամբ կամ տխրությամբ ոչ մի վերք չեք բուժի, ոչ էլ ինչ-որ բան դեպի լավը կփոխեք: Իսկ ովքեր չունեն հումորի զգացում, ասեմ, որ իրենք ամենադժբախտ մարդիկ են:
-Արմա՛ն, դժվար է հավատալ, որ Դուք երկու տարուց կդառնաք 40 տարեկան: Հավերժ երիտասարդ մնալու այդ միտումն ինչո՞վ է պայմանավորված:
-Դե, դա կախված է, նախեւառաջ, իմ կնոջից, ով ինձնից 7 տարով փոքր է, նրա ներկայությունն իմ կյանքում ստիպում է ինձ երիտասարդ մնալ. այդ հարցում կողակցից շատ բան է կախված: Բացի այդ` երիտասարդության գաղտնիքը պայմանավորված է նաեւ գեներով. հայրս էլ է երիտասարդ մնում, քույրս էլ: Մի բան էլ կա. ես թեթեւ ապրող մարդ եմ, կյանքում ոչինչ չեմ բարդացնում, սիրում եմ կյանքը:
-Իսկ լինո՞ւմ են դեպքեր, երբ Ձեր կինը հումորային համարների թեմաներ է հուշում:
-Այո՛, ինչո՞ւ ոչ. միայն իմ կինը չէ, ակումբի մյուս անդամների կանայք էլ են թեմաներ հուշում, ու քանի որ մեր ներկայացրած հումորը կենցաղային է, հնարավոր է տանից թեմաներ տանել ակումբ:
-Ձեր որդին արդեն դպրոցական է, ի՞նքն էլ է հայրիկի պես հումորով: Արդեն մտածո՞ւմ եք նրա ապագային առնչվող հարցերի շուրջ:
-Այո՛, նա ժառանգել է հումորի իմ զգացումը, բայց անծանոթ միջավայրում հիմնականում շատ լուրջ է, իսկ ահա տանը հաճախ «ներկայացումներ» է տալիս: Անկեղծ ասած` ես իմ երեխայի ապագան Հայաստանում չեմ տեսնում, ուզում եմ, որ նա լավ սովորի, սակայն բարձրագույն կրթությունը ստանա արտերկրում, ուզում եմ ամեն ինչ անել, որ նա լավ մասնագետ, ազգին պիտանի մարդ դառնա…
Աննա Բաբաջանյան
Լուսանկարը` Erit.am-ի