ՎԱՐՉԱՊԵՏԻ ՁԱԽՈՂՎԱԾ ՆԻՍՏԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 3-ին կայացավ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի կողմից հրավիրված այդքան սպասված հակակոռուպցիոն խորհրդի նիստը: Այն դռնփակ էր, որին մասնակցում էին մի շարք պաշտոնյաներ, «Ժառանգություն», ՕԵԿ, ՀՅԴ կուսակցություnների, ինչպես նաեւ հասարակական ու միջազգային մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչներ: «Ժողովուրդ»-ը զրուցեց ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանի հետ՝ պարզելու, թե քաղաքավարությունից դրդված այդ նիստին մասնակցելն ինչ է տվել կոռուպցիայի բացահայտման դժվարին գործին, եւ ինչ է տեղի ունեցել փակ դռների հետեւում:
Պատգամավորը պատմեց, որ սկզբում Սերժ Սարգսյանի խորհրդականը ներկայացրել է իրենց կողմից կատարված ուսումնասիրությունները. «Թե կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում ինչ ցուցանիշներ ունեն, գրեթե բոլոր ինդեքսային ցուցանիշներում հետընթաց ունենք կամ նույն տեղում ենք, իսկ դա նշանակում է, որ մենք ունենք համակարգային կոռուպցիա, եւ երկրորդ եզրահանգումն այն է, որ առանց ընդդիմության եւ քաղաքական թեւի մասնակցության կոռուպցիայի դեմ պայքարն արդյունավետությամբ չի փայլելու»:
Այդ ամենից հետո առաջարկների ակնկալիքով վարչապետը դիմել է ընդդիմադիր ներկայացուցիչներին: «Այդ ընթացքում նշեցինք, որ հակակոռուպցիոն մարմինները պետք է լինեն հնարավորինս անկախ եւ կառավարվող ուժի ազդեցությունից հնարավորինս զերծ: Մեր տիպի հասարակություններում զերծ լինելը նշանակում է, որ քաղաքական ընդդիմությունը եւ քաղաքացիական սեկտորը ոչ միայն պետք է պարզապես մասնակցի, այլեւ որոշումներ կայացնի այդ հարցում»,-ընդգծեց ՀՅԴ պատգամավորը:
Ըստ Մինասյանի՝ կուսակցությունների մյուս ներկայացուցիչները եւս նիստի ժամանակ իրենց տեսակետներն են արտահայտել, որից հետո ՀՀ վարչապետը խոստացել է, որ կքննարկեն դրանք եւ տեղեկություն կտրամադրեն:
Այնպես որ, կարճ ժամանակ հետո կերեւա կառավարության ազնվության չափը, քանի որ նիստի վերջում Տիգրան Սարգսյանը հայտարարել է, թե իրենք նորից հրավեր կուղարկեն մասնակիցներին եւ հաջորդ նիստի ժամանակ իրենց դիրքորոշումը կհայտնեն:
Հիշեցնենք, որ ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն այդպես էլ չմասնակցեցին հակակոռուպցիոն այդ բեմադրությանը, որպեսզի չլեգիտիմացնեն այն: Ու դատելով նիստի անպտուղ ընթացքից՝ հակակոռուպցիոն պայքարի գործընթացը դժվար թե արդյունքներ տա ընդհանրապես: Պարզապես Տ. Սարգսյանը հերթական անգամ խնդիր է դրել դասախոսություն կարդալ առավել բարձրաստիճան շրջանակների ու քաղաքական գործիչների ներկայությամբ, եւ որպեսզի խորհրդավորություն հաղորդվի, հայտարարել են, թե նիստը փակ էր:
Հետաքրքիր է, թե ինչու էր նիստը դռնփակ, եթե այդ ընթացքում, ըստ էության, որեւէ նոր միտք կամ առաջարկություն չի հնչել:
Սա նշանակում է, որ շոուի հերթական արարն է եւ վերջ:

ԼԻԼԻԹ ԱՎԵՏԻՍՅԱՆ
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս