60 ՄԼՆ-ՈՎ ԲՅՈՒՋԵԻ ՃԵՂՔԸ ՉԵՍ ՓԱԿԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանն այն պաշտոնյաներից է, ով ամեն կերպ փորձում է խուսափել լրագրողների հարցերին պատասխանելուց: Սակայն երեկ նա, ի զարմանս խորհրդարանի աշխատանքները լուսաբանող լրագրողների, ոչ միայն չի խուսափել լրագրողներից, այլ նաեւ բոլորի հարցերին պատասխանել է: Մասնավորապես, նա «Ժողովուրդ»-ի այն հարցին, թե ճիշտ է, որ ՀՀ պետական բյուջեն միջոցների հավաքագրման խնդիր ունի, եւ իշխանությունները որոշել են այդ ճեղքվածքը գործարարներին տուգանելու միջոցով լուծել, «Հրազդան» տոնավաճառին 60 մլն դրամով տուգանելու փաստը հենց այդ լույսի ներքո է ներկայացվում: Սակայն ֆինանսների նախարարը բավական ուշագրավ պատասխան է տվել, այն է, որ 60 միլիոնով պետական բյուջեի խնդիրները չես լուծի: Այսինքն՝ ստացվում է այդ ճեղքվածքն այնքան մեծ է, որ ցանկության դեպքում էլ անգամ տուգանքներով խնդիրը չեն կարող լուծել: Իսկ ինչ վերաբերում է «Հրազդան» տոնավաճառին տուգանելու դեպքին, որի հետ կապված ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Աշոտ Աղաբաբյանն անուղղակի քննադատել էր Գագիկ Խաչատրյանին, վերջինիս կարծիքով նորմալ եւ սովորական դեպք է: «Դա նորմալ պրոցես է` մարդը չի համաձայնում, գնում է դատարան, բողոքարկում է… հիմա Դուք ավելի շատ եք աղմուկ բարձրացնում, քան իրենք»,- ասել է ֆինանսների նախարարը:
Հ.Գ. Երեկ, կարելի է ասել, որ նախարարների ասուլիսի շքերթի օր էր: Մեկը մյուսի ետեւից ասուլիս էին հրավիրել ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը, ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը եւ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը:

 

 

 

 
Հայաստանի պաշտոնայները նախընտրում են խուսափել ուրիշ պաշտոնյաների զավակների հետ կապված սկանդալային պատմությունների վերաբերյալ հարցերին պատասխանելուց: Սակայն այդ պատմություններին կարելի է նաեւ մեկ այլ տեսանկյունից մոտենալ. պետական պաշտոնյաները Հայաստանն իրենց երեխաների համար ապահով երկիր են համարում՝ հաշվի առնելով իրենց որոշ գործընկերների զավակների պահվածքը: Երեկ «Ժողովուրդ»-ը ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանից փորձել է վերը բերված հարցի պատասխանը ստանալ: Նա ասել է, թե Հայաստանն իր համար հեռանկարային երկիր է համարում, եւ իր երեխաներն էլ Հայաստանում են ապրում, սովորում եւ աշխատում: Իսկ եթե մի օր էլ նախարարի զավակը պատահմամբ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տղայի ճանապարհը «կտրի», ապա արդյոք նա պաշտպանված կլինի: Ի պատասխան՝ Մանուկյանը հայտարարել է. «ՀՀ գլխավոր դատախազի վերջին հաշվետվությունից հետո, երբ նա ասեց, որ բոլոր մեղավորները պատասխանատու կլինեն, ապա՝ այո՛»:

 

 

 

 

Երեկ «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային վարչությունում «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից» դիզվառելիքի գողության նոր դեպք է բացահայտվել: Կոմբինատի աշխատակիցներից մեկը մեղադրվում է փաստաթղթեր կեղծելով 3 մլն դրամի դիզվառելիք գողանալու մեջ: Սակայն այս դեպքը, նույն այդ գործարանից դիզվառելիքի գողության նախորդ պատմությունների համեմատ, որոնց «Ժողովուրդն» անդրադարձել է, մեղմ ասած, մանկական զբաղմունք կարելի է համարել: Բայց ուշագրավն այն է, որ 3 միլիոնի դիզվառելիքի գողությունը նույն ՔԿ-ն կարողանում է բացահայտել, իսկ տարիներ շարունակ ամսական մոտ 300 հազար դոլարի դիզվառելիքի գողությունը մի քանի ամիս քննում են, այնուհետեւ գործի նախաքննությունը կասեցնում: Իսկ բացատրությունը շատ պարզ է՝ այս 3 մլն-ի դեպքում ընդամենն անհրաժեշտ է եղել, կոմբինատի աշխատակցին մեղադրելով, գործը համարել բացահայտված:

 

 

 

 
Հայաստանի, հատկապես՝ մարզերի հիվանդանոցների պետպատվերի բուժման վերաբերյալ բողոքների շարքը ո՛չ սկիզբ ունի եւ ո՛չ էլ վերջ: Խնդիրը տարիներով չի լուծվում, եւ արդեն թվում է, թե այդ հարցը այդպես էլ լուծում չունի: Իրենք՝ բժշկական հաստատությունները, պետպատվերով բուժման ցածր որակը եւ քաղաքացիների բողոքները հիմնականում պայմանավորում են պետական միջոցների սղությամբ, թե իբր պետությունը քիչ է վճարում, եւ դրա դիմաց ավելի որակյալ բուժում չեն կարող ապահովել: Բայց երբ ամեն անգամ պարզվում է, թե ինչպես են բժշկական հաստատությունները վատնում պետբյուջեի միջոցները, հասկանալի է դառնում, որ այստեղ խնդիրն ամենեւին էլ կապ չունի տրված միջոցների քիչ կամ շատ լինելու հետ: «Ժողովուրդ»-ին հայտնի է դարձել մի պատմություն, թե ինչպես է ստացվել, որ «Արմավիր» բժշկական կենտրոնը նույն բետադին դեղը մի անգամ ձեռք է բերել 4025 դրամով, իսկ մեկ այլ անգամ՝ 13 հազ դրամով: Ինչ կապ ունի՝ պետությունն է քիչ ֆինանսավորում, թե շատ, եթե այդ գումարը, միեւնույն է, թալանվում է:

 

 

 

ՀՈՌԵՏԵՍՈՐԵՆ

Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ Ղարաբաղի հիմնախնդրի քննարկումից հետո երեկ համատեղ ասուլիսում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, թե ԼՂ հակամարտության կարգավորման հարցում «ամրապնդվող լավատեսություն» ունի: Լավրովը նշել է, որ Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ «մի քանի ժամ շարունակ ամենայն մանրամասնությամբ» քննարկել են Ղարաբաղի հարցի կարգավորման տարբերակները եւ նկատել. «Թեեւ զգուշորեն, բայց ամեն դեպքում ես ամրապնդվող լավատեսությամբ եմ նայում ներկայիս իրավիճակին: Այն, որ համաձայնության հասնելու իրական հենք կա, սրա հետ բոլորը համաձայն են, պարզապես հիմա այդ ամենին պետք է տրվեն որոշակի ձեւակերպումներ»: Ուշագրավ է, որ Լավրովին երկրորդել է Մամեդյարովը` ասելով.«Կիսում եմ լավատեսության նոտաները, որ հնչեցին Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ»:
Թե ինչով է պայմանավորված երկուստեք այս լավատեսությունը, դժվար է ասել: Նկատենք միայն, որ հատկապես Ղարաբաղի հարցի քննարկման նպատակով Մոսկվա կատարած Մամեդյարովի այցից առաջ՝ մայիսի սկզբին, նմանատիպ այց էր կատարել նաեւ ՀՀ ԱԳ նախարար Էդ. Նալբանդյանը, որից հետո, սակայն, «լավատեսության» մասին հայտարարություններ չէին հնչել: Եվ այն, որ հայկական կողմի պատկերացումները լսելուց եւ դրանք ադրբեջանական կողմին փոխանցելուց հետո են լավատեսական նոտաներ հնչում, թույլ է տալիս ենթադրել, որ Լավրովին հաջողվել է հասնել փոխըմբռնման որոշակի կետի: Դա, իհարկե, լավ է՝ հատկապես հաշվի առնելով ադրբեջանական կողմի պահվածքը եւ նախագահների մակարդակով բանակցային գործընթացի մտահոգիչ լճացումը: Սակայն այն, որ հակամարտության կարգավորման հարցում լավատեսական հայտարարությունները հնչում են Մոսկվայից, այն էլ բացառապես Լավրովի, այլ ոչ թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ ՀՀ-ի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումներից հետո, մտահոգության տեղիք է տալիս: Թեեւ Լավրովը երեկ նշեց, որ Մամեդյարովի հետ տարված բանակցությունների ընթացքում հաշվի է առնվել ԵԱՀԿ ՄԽ կատարած աշխատանքը, այդուհանդերձ, ՌԴ-ի անհատական ակտիվությունը, բնականաբար, պայմանավորված է Ռուսաստանի անհատական շահերով:
Գաղտնիք չէ, որ ՌԴ-ն մեծապես շահագրգռված է Ադրբեջանին ԵՏՄ անդամ դարձնելու հարցում: Եվ ՌԴ-ի` Ադրբեջանին արված հրապարակային առաջարկին ի պատասխան, Բաքուն անցած շաբաթ Պուտինից պատվո շքանշան ստացած իր դեսպանի` Բյուլբյուլօղլիի շուրթերով հայտարարել էր. «Բաքուն դրական է վերաբերում ԵՏՄ ստեղծմանը, բայց մտադիր չէ անդամակցել այդ կառույցին, քանի դեռ լուծված չէ Ղարաբաղի խնդիրը»: Այնպես որ, ներկայումս ՌԴ-ն ունի որոշակի շահագրգռություն` խնդրի լուծման ուղղությամբ առարկայական քայլեր անելու կամ առնվազն դրանց մասին խոստումներով Ադրբեջանին սիրաշահելու համար: Ուստի այս իրավիճակում ՌԴ-ի լավատեսությունից ոչ մի լավ բան սպասել պետք չէ:




Լրահոս