Ինչպե՞ս են փոշիացնում պետական միջոցները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ՀՀ վերահսկիչ պալատը նախորդ տարի ստուգումներ է իրականցրել Արմավիրի մարզում գործող բժշկական հաստատություններում եւ այնպիսի խախտումներ հայտնաբերել, որ դժվար է անգամ պատկերացնել…

Տեղեկացնենք, որ Արմավիրի մարզի 50 եւ ավել տոկոս պետական բաժնեմաս ունեցող առողջապահական ընկերությունները 7-ն են՝ երկու բժշկական կենտրոն, մեկ հիվանդանոց, մեկ պոլիկլինիկա, մեկ արյան փոխներարկման կենտրոն, մեկ ծննդատուն եւ առողջության մեկ կենտրոն:

ՀՀ վերահսկիչ պալատի հաշվետվույթունից տեղեկանում ենք , որ 2012-2014 թվականների ընթացքում «Զ. Մ. Մկրտչյանի անվան Արմավիրի ԲԿ» ՓԲԸ-ի կողմից որպես շահաբաժին պետական բյուջե է վճարվել 6 մլն 503 հազար դրամ, իսկ «Վաղարշապատի հիվանդանոց» ՓԲԸ-ն այդ ընթացքում վնասով է աշխատել:
Այսպիսով, ՎՊ ուսումնասիրությամբ պարզվել է, որ «Զ. Մ. Մկրտչյանի անվան Արմավիրի ԲԿ» ՓԲԸ-ում 4 դեպքով պայմանագրեր է կնքվել հիվանդների հետ, որոնց իրագործման նպատակով պետբյուջեից վճարվել է 464 հազար դրամ: Իսկ «Վաղարշապատի հիվանդանոց» ՓԲԸ-ում 2 դեպքով կնքված պայմանագրերի իրականացման համար պետբյուջեից հատկացվել է 211 հազար դրամ:

Նշենք, որ այս պայմանագրերով հիվանդներին պետպատվերով են բուժօգնություն ցույց տվել, սակայն հիվանդների ախտորոշումները չեն հիմնավորվել առկա համապատասխան բժշկական փաստաթղթերով, բայց բյուջեից ստացել են ընդհանուր 675 հազար դրամ: Ստացվում է, որ բժշկական կենտրոններում հիվանդներ չկան, սակայն նրանց անունով ինչ որ գումարներ են դուրս գրվել ու փոշիացվել: Նկատենք, որ այս երեւույթը շատ մարզերում է տարածված: Եւ հիմա այս դեպքում բժշկական կենտրոնների տնօրենները պարտավորվել են պետբյուջե հետ վերադարձնել այդ գումարները:

Նաեւ ՎՊ-ի ստուգումների արդյունքում պարզ է դարձել, որ 2013 թվականի հունվարի 10-ին «Կապույտ Մանուշակ» եւ «Լիլի» դեղատների հետ Արմավիրի ԲԿ-ն պայմանագիր է կնքել` համապատասխան դեղատոմսերով անվճար եւ արտոնյալ պայմաններով հիվանդներին դեղորայքի տրամադրման վերաբերյալ: Սակայն բուժհաստատությունը չի ներկայացրել դեղորայքի անհրաժեշտ ցանկը:

ՎՊ-ի կողմից այս բուժհաստատությունում արձանագրած խախտումներից ամենաուշագրավն այն է, որ Արմավիրի ԲԿ-ն ձեռք է բերել ավելի թանկ գնով բետադին տեսակի դեղամիջոցը, մինչդեռ նրանց առաջարկվել է դրա մատչելի տարբերակը: Այսպիսով, նախորդ տարվա հունվարի 17-ին «Լամբրոն Ֆարմիմպեքս» ՍՊԸ-ի հետ կնքված պայմանագրի համաձայն՝ ԲԿ-ն գնել է բետադին՝ 10 տոկոսանոց 60 մլ սրվակներով, 100 սրվակ՝ 1 սրվակի համար վճարելով 781 դրամ, այն դեպքում, երբ նույն հաստատությունը 2014 թվականի ապրիլի 29-ին «Նատալի Ֆարմ» ՍՊԸ-ի հետ կնքված պայմանագրով եւս ձեռք է բերել բետադին 10 տոկոս՝ 1 լիտրի համար վճարելով 4025 դրամ:

Երբ հաշվարկում ենք, ստացվում է, որ սրվակներով ձեռք բերելու դեպքում 1 լիտր դեղի արժեքը կազմում է 13000 դրամ, իսկ լիտրով ձեռք բերելու դեպքում` 4025 դրամ: Տարբերությունն ավելի քան ակնհայտ է: Այս երեւույթը մեր օրերում «ընդունված» է. պետական կառույցները մրցույթներ են հայտարարում, որոնց մասնակցում են տարբեր ընկերություններ եւ տարբեր գնային առաջարկներ ներկայացնում: Սակայն, չգիտես ինչու, նմանատիպ մրցույթներում մշտապես հաղթող է ճանաչվում բարձր գին առաջարկած ընկերությունը: Ինչ երաշխիք, որ այս դեպքում էլ այդ մեթոդը չի գործել, եւ չի կիրառվել Սերժ Սարգսյանի կողմից տարիներ առաջ հիշատակված «ատկատ» հասկացությունը:

«Ժողովուրդ»-ը «Արմավիր» ԲԿ-ի տնօրեն Սարգիս Խաչատրյանից փորձեց բացատրություն ստանալ, թե ինչո՞ւ են նման չարաշահումներ եղել իր ղեկավարած հաստատությունում: «Ունենք երեք տարվա գործունեություն, բայց իրենց արձանագրած խախտումները 400 հազար դրամի սահմաններում են: «Արմավիր» ԲԿ-ի ֆինանսական շրջանառությունը մոտ 1 մլրդ դրամի է հասնում: Այսինքն՝ կարող էր հայտնաբերվել 5-6 մլն դրամի խախտում, բայց նորմալ դիտվեր: Մինչդեռ մեզ մոտ արձանագրվել է ընդամենը 464 հազար դրամի խախտում: Իրենք ոչ մի խախտում չէին կարողանում գտնել, որովհետեւ չկար»,- ներկայացրեց Խաչատրյանն՝ ընդգծելով, որ 464 հազար դրամ գումարն արդեն հետ է վերադարձվել պետբյուջե:

«Ժողովուրդ»-ը ԲԿ-ի տնօրեն Խաչատրյանից հետաքրքրվեց նաեւ, թե ինչու է բուժհաստատությունը բետադին տեսակի դեղամիջոցը սրվակով ձեռք բերել, որն ավելի թանկ է, քան լիտրովը, ինչն անհամեմատ էժան է: Հարցին ի պատասխան՝ Խաչատրյանն ասաց. «Սրվակով ավելի քաղաքակիրթ է, քան մյուս տարբերակը, որն անընդհատ բացվում եւ փակվում է: Հարմար չէ»:

Այսպիսով, դարձյալ պետք է արձանագրել, որ տեղի է ունեցել չարաշահում, որի հայտնաբերելուց հետո ոչ թե պատիժն է հետեւել, այլ ընդամենը վերադարձվել է գումարը, եւ խնդիրը համարվել փակված:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս