ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ «ՀԱՄԱՆԵՐՄԱՆ» ԴՐՈՒՅԹ ԿՍԱՀՄԱՆՎԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը նախօրեին հրավիրված ասուլիսում բավական ուշագրավ հայտարարություն է արել, որը կարող է առանցքային նշանակություն ունենալ Հայաստանում` առաջիկա հնարավոր զարգացումների ֆոնին:

Գագիկ Հարությունյանը սահմանադրական փոփոխությունների նախագծով հնարավոր առաջարկները ներկայացնելիս ասել է, որ քննարկվում է նաեւ պետական բարձրաստիճան պաշտոնյաների պատասխանատվության հարցն անմիջապես հենց Սահմանադրությունում ներառելու հարցը: Այլ կերպ ասած՝ Հարությունյանը չի բացառել, որ սահմանադրական փոփոխություններով կառաջարկվի հենց մայր օրենքում ամրագրել, օրինակ, թե հանրապետության նախագահի կողմից այս կամ այն գործողությունը կատարելիս նա ինչ պատասխանատվության պետք է ենթարկվի, ինչ կարգով, նախարարների եւ մնացած բարձրաստիճան պաշտոնյաների դեպքում նրանք ինչպես պետք է պատասխանատվության ենթարկվեն, եթե ինչ-որ օրինախախտում կատարեն:
Այն, որ մեր երկրում նման դրույթը մայր օրենքով ամրագրելու կարիք կա, կասկածից վեր է: Նույնիսկ այնպիսի երկիր, ինչպիսին Ֆրանսիան է, ընդամենը վերջերս է իր Սահմանադրությունում պաշտոնյաների պատասխանատվության գլուխն ավելացրել: Մյուս կողմից, թվում է, թե այդ առաջարկությունը լուրջ վտանգ կարող է ներկայացնել ՀՀ իշխանությունների համար, եւ նրանք թույլ չեն տա, որ նման համակարգ ներդրվի հենց Սահմանադրության տեքստում:
Իհարկե, դժվար է ասել, թե այս խնդրի շուրջ Գագիկ Հարությունյանն արդյո՞ք զրուցել է Սերժ Սարգսյանի հետ եւ արդյո՞ք նրա համաձայնությունն ունի: Բայց այդ մասին բարձրաձայնելն արդեն իսկ բավարար է՝ չբացառելու համար, որ նման բան կարող է տեղի ունենալ:
Իսկ ինչքանով է այդ դրույթի ամրագրումը վտանգավոր գործող իշխանության համար: Միանգամից նկատենք, որ երբ Սահմանադրության մեջ ավելացվի պաշտոնյաներին պատասխանատվության ենթարկելու մասին դրույթ, հետագայում պետք է փոփոխություններ կատարվեն նաեւ ՀՀ քրեական օրենսգրքում` սահմանադրական նորմերի կիրառելիությունն ապահովելու համար: Բայց ուշագրավն այն է, որ այդ բոլոր նորմերը չեն կարող հետադարձ ուժ ունենալ, քանի որ միջազգային իրավունքի տեսանկյունից անթույլատրելի է: Արդյունքում կստացվի, որ նոր ներդրված համակարգը, մինչ դրանց ուժի մեջ մտնելը, պաշտոնավարած բարձրաստիճան պաշտոնյաների համար կդառնա համաներման պես մի բան:
Այսինքն՝ եթե նման համակարգը կիրառության մեջ դրվի, դրանով հնարավոր չի լինի նախկին նախարարին ի պաշտոնե թույլ տված հանցանքի համար դատել, քանի որ նրան պատասխանատվության ենթարկելու օրենսդրությունն ընդունված կլինի նրա կողմից հանցանք կատարելուց հետո, հետեւաբար, կիրառելի չէ: Մի խոսքով, հնարավոր չի լինի նախկին պաշտոնյաներին պատասխանատվության ենթարկել:
Այսինքն՝ ստացվում է, որ Գագիկ Հարությունյանը եւ սահմանադրական փոփոխությունները նախապատրաստող հանձնաժողովը ներկա եւ նախկին իշխանություններին լավություն են անում` նրանց բոլորին ապահովելով «համաներմամբ»: Սակայն, մյուս կողմից, եթե այդ համակարգը ներդրվի, եւ ներկա իշխանությունները եւս մի քանի տարի շարունակեն պաշտոնավարել, ապա, միեւնույն է, նրանց բոլորի վրա նոր «թղթապանակներ» կկազմվեն:
Այլ կերպ ասած՝ Գագիկ Հարությունյանը եւ նրա գլխավորած հանձնաժողովը սահմանադրական փոփոխություններով փորձում են նաեւ մի գործիք առաջարկել, որը իշխանափոխությունը, առնվազն ներկա իշխանությունների համար, կդարձնի անհետեւանք:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

 

 

 
ԱՅՍՕՐ ԿՍԿՍԵՆ
Այսօր Աբովյանում կմեկնարկի հունիսի 7-ին կայանալիք քաղաքապետի ընտրությունների քարոզարշավը: Մեզ հայտնի դարձավ, որ թեկնածուներից անկուսակցական Վահագն Գեւորգյանն իր քարոզարշավը սկսելու է կենտրոնական նախընտրական շտաբում իր թիմակիցների հետ հանդիպմամբ: Հիշեցնենք, որ Վահագն Գեւորգյանը ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի «նախընտրելի» թեկնածուն է: Աբովյանի քաղաքապետի մյուս թեկնածուն՝ Արթուր Հարությունյանը (Պալաչ), «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ ինքը եւս ակտիվ քարոզարշավի է պատրաստվում: «Բակային հանդիպումներ ենք ունենալու մեր աբովյանցիների հետ, ու առաջիկայում դուք էլ կարող եք հետեւել մեր աշխատանքներին»,- ասաց Արթուր Հարությունյանը: Ի դեպ, երեկ ԵԿՄ Կոտայքի մարզային խորհուրդը որոշել է՝ Աբովյանի քաղաքապետի ընտրություններում պաշտպանելու է Վահագն Գեւորգյանի թեկնածությունը: Ի դեպ, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը միշտ հայտարարել է, որ իրենց միությունը քաղաքական կառույց չէ:

 

ԷԼԻ ՓՆՏՐՎՈՒՄ Է
ՀՀ ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը երեկ եւս չէր ներկայացել խորհրդարան` իր փոխարեն ուղարկելով վերահսկիչ պալատի խորհրդի անդամ Սեյրան Ավագյանին: ԱԺ-ն երեկ սկսեց մշտական հանձնաժողովներում քննարկել 2014 թվականի բյուջեի կատարողականը: Այդ քննարկումների շրջանակներում ՎՊ-ն եւս հաշվետվություն է ներկայացնում: Սակայն, ինչպես տարեկան հաշվետվությունը ներկայացնելիս, այս անգամ եւս Իշխան Զաքարյանը չէր ներկայացել: Սեյրան Ավագյանն այդպես էլ չի կարողացել ասել, թե Իշխան Զաքարյանն ինչու չի մասնակցել այդ քննարկմանը եւ այդ ինչ կարեւոր գործով է նա զբաղված եղել: Նա ասել է, որ ինքը կատարում է ՎՊ խորհրդի որոշումը: «Քանի որ պարոն Զաքարյանը չէր կարող ներկա լինել, քննարկվող հարցն իմ համակարգման տիրույթում է»,- ասաց Ավագյանը:

 

ՏՈՆՈՒՄ ԵՆ
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ երեկ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արտաշատի քաղաքապետի թեկնածու Արգամ Աբրահամյանը, իր շրջապատի հետ նշել է իր՝ ժամանակից շուտ հաղթանակը: Արտաշատի քաղաքապետի ընտրությունները պետք է տեղի ունենան հունիսի 7-ին, սակայն Արգամ Աբրահամյանի միակ մրցակցի՝ Հովհաննես Ղազարյանի (Գազի Հովոյի) ինքնաբացարկից հետո նա մնաց մենակ, եւ նրա քաղաքապետ դառնալն արդեն իսկ երաշխավորված է: Երեկ տեղեկությունը ճշտելու համար զանգահարեցինք վարչապետի եղբորը՝ Ջոնիկ Աբրահամյանին, որը Արգամ Աբրահամյանի նախընտրական շտաբի ղեկավարն է: Այն բանից հետո, երբ մեր զրուցակիցը ճշտեց, որ իրեն զանգահարողը լրագրող է, ասաց, թե ինքը Ջոնիկ Աբրահամյանի վարորդն է: Իսկ հարցը լսելուց հետո Ջոնիկ Աբրահամյանի «վարորդը» զայրացած ասաց. «Ո՞վ ա տենց բան խոսում, հիմա ես էլ տեղեկություն եմ ստացել, որ Ֆրանսիան հարձակվել է Գերմանիայի վրա, ճի՞շտ է: Թեման փակե՛ք, առաջ մի՛ ընգեք, ընտրությունները կլինեն, ամեն ինչն էլ պարզ կլինի»:

 

 

 

 
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

«ԳԼԵՆԴԵԼ ՀԻԼԶԸ»-Ը ԱՅՍՈՒՀԵՏ ԿՎԵՐԱՀՍԿՎԻ
«Գլենդել Հիլզը» չի սնանկացել, պարզապես նրա ու նրա հետ կապակցված այլ կազմակերպությունների գործառույթների կառավարումը այսուհետ կվերահսկվի Կառավարության կողմից: Ինչպես տեղեկացնում է a1plus.am կայքը, երեկ այս մասին հայտարարել է ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը: Քաղաքաշինության նախարարը վստահեցրել է, որ այդ ընկերության կողմից իրականացվող շինարարությունները կշարունակվեն. «Բազմաթիվ կազմակերպություններ ու քաղաքացիներ հայցեր էին ներկայացնում դատարան, ու շատ հնարավոր է, որ ընկերության տարբեր գույքերի վրա լինի բռնագանձում: Որպեսզի, օրինակ, «Հին Երեւան» ծրագիրը զերծ մնա այդ խնդիրներից, այն այսուհետ կկատարի իրենց իսկ պատկանող մեկ այլ ընկերություն: Ամբողջ հարցը սա է»,- ասել է Նարեկ Սարգսյանը: Իսկ «Ա1+»-ի այն հարցին, թե այդ դեպքում ինչ է լինելու Գյումրիում երկրաշարժից հետո անօթեւան մնացած մարդկանց բնակարանային հարցը, քանի որ այնտեղ բազմաբնակարան շենքերի կառուցմամբ նույնպես զբաղվում է «Գլենդել Հիլզ»-ը, նախարարը պատասխանել է. «Այնտեղ կիսակառույց մնացած մի քանի շենքեր նախարարությունը վերցրել է իր տիրույթ: Եվ մենք փոխել ենք մեր ռազմավարությունը, ես չեմ թաքցնում՝ հենց ես էլ առաջարկել եմ, որ պետք չի էնտեղ շարունակել բնակարանաշինությունը: Ավելի ճիշտ է՝ մենք տանք գումար այդ մարդկանց՝ վկայագրերի ձեւով, բնակիչները այդ գումարով ավելի էժան բնակարան ձեռք կբերեն»: Այսինքն՝ քաղաքաշինության նախարարը ակամա խոստովանել է, որ Հայաստանում այլեւս պատրաստի բնակարանն ավելի էժան է, քան այն կառուցելը:

 

ԽԱՂԱԼԻՔԻ ԳՈՐԾԸ ԴԵՌ ՔՆՆՈՒՄ ԵՆ
Նախորդ տարի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի առջեւ Հայկ Կյուրեղյանի կողմից արձակված «կրակոցների» գործով դատաքննությունը շարունակվում է: Ինչպես հայտնում է Aravot.am-ը՝ ՀՀ ոստիկանության ՊՊԾ առաջին գումարտակի հրամանատար Ռոբերտ Մանուկյանը երեկ սույն գործով որպես վկա ցուցմունք է տվել եւ ասել, թե Շանթ Հարությունյանի եւ ընկերների գործով հասարակական կարգն ապահովելիս նկատել են մի երիտասարդի, որը կանգնել էր «ջիպի նման սպիտակ ավտոմեքենայի վրա», գոտկատեղից հանել «զենքի նման իր» եւ կրակել ոստիկանների ուղղությամբ: Ըստ այդ վկայի՝ նա գրպանից հանել էր մեկ այլ իր եւ ասել՝ չմոտենաք, կպայթեցնեմ: Վայրկյաններ հետո նրան զինաթափել էին եւ ձերբակալել: Այս վկայի խոսքով՝ երիտասարդի գործողություններն ուղղված էին իշխանության ներկայացուցիչների դեմ: Ի դեպ, Հայկ Կյուրեղյանի նկատմամբ կիրառվել է տույժ, ըստ որի, նա 10 ժամով նիստերի դահլիճից հեռացվել է:

 

ՊԱՐՏՔՈՎ ՓՈՂ ՊԵՏՈՒԹՅԱՆԸ
ՀՀ ֆինանսների նախարարությունը երեկ հաղորդագրություն է տարածել մայիսի 25-ին տասներեք շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT13248156 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդի մասին: Ըստ այդմ, տեղեկացնում են, որ տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը կազմում է 500 մլն դրամ, իսկ պահանջարկը՝ 1 մլրդ դրամ, որից մրցակցային` 980 մլն դրամ, ոչ մրցակցայինը՝ 20 մլն դրամ: Տեղաբաշխվել է 500 մլն դրամի պարտատոմս: Արդյունքում ստացված հասույթը կազմել է 484 մլն 757 հազ. 705 դրամ: Պարտատոմսերի կշռված եկամտաբերությունը կազմում է 12.4390 տոկոս, իսկ սահմանային եկամտաբերությունը 12.4400 տոկոս է: Այլ կերպ ասած՝ բոլոր այն անձինք, ովքեր գնել են վերը նշված 500 մլն-ի պարտատոմսերը, 13 շաբաթ անց ետ կստանան իրենց գումարները` տոկոսներով հանդերձ:




Լրահոս