Երգչուհի Սոնա Ռուբենյանը սոցիալակակ թեմայով նոր երգ է պատրաստում, որը շուտով կներկայացնի երկրպագուներին: Նա «Ժողովուրդ»-ին պատմել է առաջիկա իր ծրագրերի, անկատար երազանքի մասին: Երգչուհուն հարցրել ենք նաեւ վերջերս հանրության ուշադրությունից չվրիպող նրա անձնական կյանքի մասին:
-Սոնա՛, վերջին շրջանում հանդիսատեսը սկսել է կարոտել Ձեզ, նոր երգ է ուզում լսել: Հետաքրքիր է` կա՞ մի թեմա, որ այժմ Ձեր աչքի տակ եք առել եւ մտադիր եք դրան առաջիկայում անդրադառնալ:
-Այո՛, այժմ պատրաստում եմ մի երգ, որը տարբերվելու է նախկինում ներկայացրած իմ բոլոր երգերից. այն շատ ավելի մեղեդային է, վստահ եմ, որ դա հանդիսատեսն էլ կզգա: Երգը սոցիալական ուղղվածություն ունի, այն հարուստ տղայի եւ աղքատ աղջկա սիրո մասին է. սեր կա, որ գալիս է ի վերուստ, լինես աղքատ, թե հարուստ: Կարծում եմ` թեման բավական արդիական է:
-Դուք այն երգչուհիներից եք, որը, ըստ երկրպագուների, միջազգային ասպարեզ ելնելու բազում հնարավորություններ ունի: Դուք Ձեր շանսերն ինչպե՞ս եք գնահատում: Կա՞ մի երազանք, որը դեռ անկատար է:
-Քանի որ Հայաստանը շատ փոքր երկիր է, մեզ համար դժվար է հայտնվել միջազգային ասպարեզում. մեծ գումարներ են պետք: Այսօր, ինչպես տեսնում եք, Հայաստանում չկան համերգներ, այսինքն` անգամ հայրենիքում մենք չենք կարողանում ինքնարտահայտվել, էլ ուր մնաց` միջազգային ասպարեզում մեզ դրսեւորենք: Միջազգային հանրությանը ներկայանալու համար այս պարագայում մնում է մասնակցել միջազգային մրցույթների:
Սակայն հայերս մի շարք մրցույթներից տեղյակ չենք, չենք հետեւում: Օրինակ` Մոնրեալում կա մի ջազ փառատոն, նաեւ ջազ մրցույթ կա, շատ էի ուզում մասնակցել. բայց դա ինձ համար մնաց երազանք: Ես գիտեմ, որ այդ մրցույթի ժյուրիի կազմում լեգենդներ են լինում. պարզապես հեքիաթի պես բան կլիներ այնտեղ հայտնվելը: Կարծում եմ` մի օր այդ երազանքնս կիրականացնեմ:
-Վերջին շրջանում Դուք ֆեյսբուքյան Ձեր էջում անձնական լուսանկարներ եք հրապարակում մի տղայի հետ, անգամ մեկնաբանում եք. «Love is new everyday»: Երկրպագուներին հետաքրքիր է` Ձեր ընկերոջ հետ հարաբերություններն օրինականացնելու մասին մտածո՞ւմ եք:
-Չեմ ուզում անձնականի մասին շատ խոսել: Ինչպես բոլորը, այնպես էլ ես, իմ առօրյայից նկարներ եմ հրապարակում, բայց չեմ ուզում այդ մասին մանրամասներ հայտնել:
-Կարեւորը` լուսանկարներից երեւում է, որ Դուք երջանիկ եք…
-Ամենակարեւորը հենց դա է… (ծիծաղում է):
Աննա Բաբաջանյան