ՀԷՑ-ի մեքենաներն էլ են լվացել սպառողի հաշվին. մեկ պայմանագրի միջին արժեքը` 250-300 հազար դրամ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երբ ուսումնասիրում ենք էլէներգիայի սակագինը բարձրացնելու վերաբերյալ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության կողմից ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին ներկայացված հայտին կից փաստաթղթերը, այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ մի քանի հազար մարդ (խոսքը աշխատակիցների մասին չէ) հենց այս ընկերությունից են «սնվում»: Հասկանալի է, որ պատահական մարդիկ չեն կարող ՀԷՑ-ի հետ գործարք կնքել եւ ամսական մի քանի միլիոն դրամ ստանալ, ասենք՝ ավտոմեքենայի կամ տարածքի վարձակալության դիմաց, կամ շուկայականից կրկնակի ավել գներով ծառայություններ մատուցելու համար:

Նշենք, որ ի սկզբանե ՀԾԿՀ-ն հրապարակել էր ՀԷՑ-ի հայտի կից փաստաթղթերի 12 փաթեթ, իսկ օրերս դրանց ավելացվել են եւս 15-ը: Ըստ այդմ, «Ժողովուրդ»-ը պարզեց, որ միայն ավտոմեքենաները լվանալու համար ՀԷՑ-ը տարեկան ծախսում է մի քանի միլիոն դրամ: Մեկ պայմանագրի միջին արժեքը կազմում է 250-300 հազար դրամ, իսկ միավորի լվացման գինը 3-ից 4 հազար դրամ է: Հայտին կից փաստաթղթերում ավտոլվացմանը վերաբերող պայմանագրերը կնքված են «Թի ըքաութ» ՍՊԸ ընկերության հետ: Իհարկե, կարելի էր ասել, որ ՀԷՑ-ի խնդիրն է, թե որտեղ եւ ինչ գնով կլվանա իր ավտոմեքենաները, բայց ողջ խնդիրն այն է, որ այդ գումարները եւս նրանք ցանկանում են ներառել սակագնի մեջ: Այսինքն՝ մենք թանկ հոսանք պետք է սպառենք, որ ՀԷՑ-ի տնօրենի, նրա տեղակալների, բաժնի պետերը «ջիփերը» 4 հազար դրամով օրումեջ լվանան:

Ուշագրավ է նաեւ այն փաստը, որ ավտոարտադրող ընկերությունների հայաստանյան գրեթե բոլոր ներկայացուցիչները գործարքների մեջ են: Ինչպես հայտնի է՝ ավտոարտադրողների հայաստանյան ներկայացուցիչ ընկերություններից ամեն մեկն ինչ-որ պաշտոնյայի անվան հետ է կապվում:

Փաստաթղթերի մի քանի տրցակ էլ նվիրված է ավտոմեքենաների վերանորոգմանը: Օրինակ՝ 2 մլն 550 հազար դրամով ինչ-որ «Կամազ» է վերանորոգվել, 290 հազար դրամով «Գազ 53», 250 հազար դրամով՝ «Զիլ 130», 340 հազար դրամով էլ «Մազ»-ի արգելակներ են գնել: Նկատենք, որ ավտոմեքենաների նորոգման համար վերջին մեկ տարում ՀԷՑ-ը ընդհանուր հաշվով ծախսել է 95 մլն 130 հազար դրամ:

Փաստաթղթերի մի փաթեթ էլ վերաբերում է ավտոմեքենաների ապահովագրությանը: Ըստ այդմ, տեղեկանում ենք, որ ավտոմեքենաների ապահովագրության համար ՀԷՑ-ը տարեկան «Ռոսգոսստրախ-Արմենիա» ապահովագրական ընկերությանը միայն մեկ պայմանագրով վճարում է մոտ 20 մլն դրամ: Իսկ այս տարվա մարտին 2 մլն 800 հազար դրամ վճարել են «Դոմինո փրոդաքշն» ՍՊԸ-ին ինչ-որ թանգարանային ցուցափեղկերի համար: Ամսական մեկ միլիոն 700 հազար դրամ էլ ՀԷՑ-ը վճարել է «ՋիԷնՍի-Ալֆա» ընկերությանը: Իհարկե, այս ընկերության անունը ձեզ ոչինչ չասեց, բայց այն «Ռոստելեկոմի» հայաստանյան ներկայացուցիչն է եւ հանրությանը հայտնի է «Ռոստելեկոմ» ապրանքանիշով:

«Ժողովուրդ»-ը նախկինում անդրադարձել է Արաբկիրի Մանուշյան փողոց 59 տուն հասցեում 1 մլն 110 հազար ամսավճարով ՀԵՑ-ի կողմից առանձնատուն վարձակալելու պատմությանը: Պարզվում է՝ այդ տան սեփականտերը` Արտաշես Սահրադյանը, ում հետ ՀԷՑ-ը կնքել է պայմանագիրը, ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախկին նախագահ, տխրահռչակ Արտակ Սահրադյանի որդին է: Արդյոք զուգադիպություն է այն փաստը, որ ՀԷՑ-ը հենց Արտակ Սահրադյանի որդու տունն է նման աստղաբաշխական գներով վարձակալում, թերեւս ոչ, սա զուգադիպություն չէ: Ինչպես արդեն նշել ենք՝ ՀԷՑ-ը «կերակրում» է գրեթե բոլոր իշխանավորներին:

Ավելին՝ ՀԷՑ-ը նույնիսկ ՀՀ ոստիկանությանը չի մոռացել մի պուճուր բաժին հանել: Պարզվում է՝ արդեն մոտ տասը տարի է, ինչ գործում է մի պայմանագիր, որը կնքվել է ՀԷՑ-ի տնօրինության եւ ոստիկանության Երեւանի վարչության ղեկավարության (ժամանակին Ներսես Նազարյանն է ստորագրել) միջեւ, ըստ այդմ, ՀԷՑ-ը ամսական 2 միլիոն դրամ է վճարում ոստիկանությանը: Իսկ ոստիկանությունը պետք է ապահովվի ՀԷՑ-ի եւ նրա աշխատակիցների անվտանգությունը, ինչպես նաեւ հասարակական կարգը պահպանի նշված ընկերության կողմից կազմակերպվող միջոցառումների ժամանակ: Այլ կերպ ասած՝ ՀԷՑ-ը ոստիկանությանը երկու հատ «Լեքսուսի» վարձավճարի չափ գումար է վճարում կամ, ասենք, երկու բնակարանի վարձավճար: Ուստի կարող ենք ասել, որ ՀԷՑ-ի ամենաէժան ձեռքբերումը ոստիկանությունն է:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ




Լրահոս